Հայկական ԱՌԱԿՆԵՐ. ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Առակ (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Մեծ դժվարությամբ, ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝ իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։Ներկայացնում ենք ձեզ առակագիր ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ մի քանի խրատական առակներ:

  • ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

    Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին. — Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։ Եվ նրանք պատասխանում են. — Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

  • ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

    Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից. — Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են. — Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։ Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան: Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

  • ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ

    Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով. — Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։ Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։

  • ԱՆՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ

    Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։

  • ԳԱՅԼԸ, ԱՅԾՅԱՄՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

    Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի ինքը բռնի նրան։ Կռահելով նրա մտադրությունը, այծյամը չքնեց շատ օրեր, բայց հոգնելով նիրհեց գայլը: Եվ դալով առյուծը՝ սպանեց գայլին:

  • ԲՈԻՆ ԵՎ ԱՐԾԻՎԸ

    Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով. — Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։ Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։ Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:

  • ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

    Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով. — Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։ Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

  • ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ

    Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։ Ավազակը աղաչում էր ու ասում. — Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։ — Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան,— հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ: Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով