Բարի հսկան ՝ Վիլյամ Սարոյան .

Այսօր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է՝ 113-ամյակը:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրան», լույս է տեսել 1934 թ. և ճանաչում բերել գրողին:

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,- ասել է Սարոյանը:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 
1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 
Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1961 թ-ին, Մոսկվայում՝ 1962 թ-ին), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939 թ-ին, հայ բեմում՝ 1981 թ-ին), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942 թ-ին, հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981 թ.), «Կոտորածն մանկանց» (բեմադրվել է 1952 թ-ին, հայ բեմում՝ 1986 թ-ին), «Քարանձավի մարդիկ» (բեմադրվել է 1957 թ-ին, Մոսկվայում՝ 1968 թ-ին), «Խաղողի այգին» (հայ բեմում՝ 1971 թ-ին), «Մի գավաթ բարություն» (հայ բեմում՝ 1994 թ-ին):
1942 թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946 թ.) վեպում: 
1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953 թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964 թ.) և այլն:
1960 թ-ին նա վերադարձել է ԱՄՆ. գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Չառլի Չապլինին, Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Պաբլո Պիկասսոյին, Եղիշե Չարենցին և ուրիշների, ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:
 Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում: 
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: 
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008 թ-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
Վիլյամ Սարոյան | Կույրի պատմությունը | համառոտ

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշից և կույրին նստեցնում իր կողքին: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.

— Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրն իր պատմությունն է պատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրանքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

— Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

— Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

— Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին հախից գալ և իրենց հետ քաղաք է գալիս, որտեղ նախ փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: Հետո կինն է պատմում ճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է հասկանալ, թե ով է ստում՝ կարգադրում է նրանց առանձին սենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար է ածվում: Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն մտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիս է: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

Վիլյամ Սարոյան | Վեսլի Ջեքսոնի արկածները | համառոտ

1942 թ.: Վեսլի Ջեքսոնին՝ Սան Ֆրանցիսկոյի 18-ամյա բնակչին, զորակոչում են բանակ: Նա սիրում է «Վալենսիա» երգը, շատ է կարդում և խորհրդածում: Ծնողները բաժանվել են: Մայրը եղբոր՝ Վիրջիլի հետ մեկնել է հարազատների մոտ, իսկ թե որտեղ է հայրը, Վեսլին չգիտի: Վեսլին նամակ է գրում միսիս Ֆոուքսին՝ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհուն, որտեղ նկարագրում է վերջին 9 տարիների իր կյանքը: Գալիս է պատասխան նամակ քահանայից, որը հաղորդում է ոչ միայն միսիս Ֆոուքսի մահվան, այլև Վեսլիի գրական տաղանդի մասին: Վեսլին գրում է վիպակ, որտեղ նկարագրում է բանակում իր հետ տեղի ունեցած ամեն բան:

Չի ուզում ծառայել բանակում: Իր ընկերոջ՝ Հարրի Կուկի հետ նա պատասխանում է լրագրողի հարցերին: Կուկը ազնվորեն ասում է լրագրողին, որ իրեն բանակում դուր չի գալիս: Վեսլին հարցազրույցին ներկա գնդապետին ասում է, որ Հարրին վշտացած է մոր ծանր հիվանդության պատճառով: Գնդապետը, որպեսզի բարի երևա, արձակուրդ է տալիս Կուկին և նրա հետ Ալասկա է ուղարկում նաև Վեսլիին:

Անցնում է 5 օր և դարձյալ սկսվում է բանակային առօրյան: Վեսլի Ջեքսոնին ուղարկում են ծառայությունը շարունակելու Նյու Յորքում: Գնացքով 2 շաբաթ տևող ուղևորությունը դեպի Նյու Յորք Վեսլիի կյանքի ամենահրաշալի իրադարձությունն է: Նյու Յորքում Սուրբ Ծննդյան տոներին նա թոքաբորբ է ունենում: Այստեղ ծանոթանում է մի կնոջ հետ: Սկսում են հանդիպել: Այդ կնոջ շնորհիվ բացահայտում է իր համար Բրամսի երաժշտությունը:

Անսպասելիորեն հայտնվում է հայրը՝ Ջեքսոն ավագը: Վեսլին պատմում է նրան իր կյանքի վերջին տարվա դեպքերը: Հայրը ողջունում է լավ աղջկա հետ ամուսնանալու և որդի ունենալու Վեսլիի որոշումը:

Վեսլին յուրացնում է գրամեքենան և շարում է իր սերժանտի նամակներն ու հաշվետվությունները: Հետո նրան ուղարկում են ծառայությունը շարունակելու Օհայոյում, ուր նրան ուղեկցում է հայրը: Այստեղ ծանոթանում է մի սցենարիստի հետ և նրա փոխարեն սցենար է գրում: Ինչպես միշտ անսպասելիորեն անհետանում է հայրը: Մի գիշեր Վեսլին հանդիպում է հաճելի մի կնոջ, ով երգում է իր սիրած «Վալենսիան»: Հետագայում այս կինը օգնում է Վեսլիին վերադառնալ Նյու Յորքի իր զորամասը:

Վեսլին կարդում է իր ստեղծագործություններից մեկը թերթում և չգիտի, ուզում է արդյոք գրող դառնալ: Նրան գործուղում են Անգլիա: Տեսնում է Լոնդոնի ռմբահարված թաղամասերը: Այստեղ ծանոթանում է իր երազանքների աղջկա՝ Ջիլ Մուրի հետ: Աղջիկը Գլոսթերից է: Փախել է տանից, որտեղ չի կարողանում յոլա գնալ մոր հետ: Հայրը մահացել է: Վեսլին և Ջիլն ամուսնանում են: Որոշ ժամանակ անց Վեսլին իմանում է, որ հայր է դառնալու: 1944 թ. նրան ուղարկում են Եվրոպա ռազմական գործողություններին մասնակցելու: Այստեղ նա գերի է ընկնում գերմանացիների մոտ: Ճամբարում նա սարսափելի և զարմանալի շատ բան է տեսնում:

Սեպտեմբերի մեկին իմանում է, որ ազատ է, քանի որ գերմանացիները փախել են: Չի գտնում իր ջոկատը, քանի որ հանձնարարությունը կատարելուց հետո այն վերադարձել է Լոնդոն: Երկար դեգերումներից հետո վերջապես կարողանում է վերադառնալ Լոնդոն:

Սարսափով տեսնում է, որ այն տունը, որտեղ ապրել է Ջիլի հետ, փլատակ է դարձել: Խնդրում է Աստծուն անել այնպես, որ Ջիլը ողջ մնացած լինի: Իմանում է, որ Ջիլը ողջ է և ապրում է հարազատների մոտ Գլոսթերում: Վեսլին ուղևորվում է Գլոսթեր և նրանք գտնում են իրար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով