«Որտեղ սեր, այնտեղ էլ Աստված» ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ.

«Լև Տոլստոյն իրոք մի արտակարգ հսկա է և մնում է չգերազանցված: Վիպական արվեստի մեջ ոչ միայն ռուս գրողները, այլև աշխարհի գրողներից և ոչ մեկը չի կարող հավասարվել նրան՝ իր ընդգրկումով, իր խորությամբ, իր ճշմարտաշունչ արվեստով»:
Ստեփան Զորյան

Լև Տոլստոյը սերել է ազնվականական տոհմից, ունեցել է կոմսի ժառանգական տիտղոս: Նախնական կրթությունն ստացել է տանը: 1841 թ-ից ապրել է Կազանում. 1844–47 թթ-ին սովորել է տեղի համալսարանի փիլիսոփայության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետներում: 1847 թ-ին, համալսարանը չավարտած, վերադարձել է հորից ժառանգած Յասնայա Պոլյանա:  1851 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ գործող բանակ՝ մասնակցելու լեռնականների դեմ ռազմական գործողություններին, իսկ Ղրիմի պատերազմի (1853–56 թթ.) ժամանակ կամավոր մասնակցել է պաշարված Սևաստոպոլի պաշտպանությանը (1854–55 թթ.), 1856 թ-ին պորուչիկի կոչումով զորացրվել է, ապա ճամփորդել Եվրոպայում:

Դեռևս առաջին գործի՝ ինքնակենսագրական եռերգության («Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն», 1852–57 թթ.) մեջ դրսևորվել են գրողի հոգեբանական ինքնավերլուծության խորությունը, անզիջում վերաբերմունքը կեղծիքի նկատմամբ, դասային նախապաշարմունքներից զերծ «բնական մարդու» իդեալի հաստատումը: Այդ վեպով Տոլստոյը դարձել է գրական հեղինակություն: 
1855 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ. մտերմացել է «Սովրեմեննիկ» հանդեսի աշխատակիցների, ծանոթացել դեկաբրիստական շարժման առաջնորդների (Նիկոլայ Նեկրասով, Նիկոլայ Չեռնիշևսկի), առաջադեմ գրողների (Իվան Տուրգենև, Իվան Գոնչարով) հետ: 
Ղրիմի պատերազմների տպավորությամբ գրած «Սևաստոպոլյան պատմվածքներ» (1855–56 թթ.) ակնարկաշարում Տոլստոյը խոստովանում է, որ իր միակ գրական հերոսը ճշմարտությունն է. այն դարձել է նրա ողջ գրական գործունեության կարգախոսը: 1857 թ-ին Արևմտյան Եվրոպա ճանապարհորդությունից հետո նույն թվականին գրել է «Լյուցեռն» պատմվածքը, որտեղ քննադատել է բուրժուական երկերեսանիությունն ու սոցիալական անհավասարությունը:
1863–69 թթ-ին Տոլստոյը գրել է «Պատերազմ և խաղաղություն» քառահատոր վեպ-էպոպեան, որը նրա գեղարվեստական մտածելակերպի համապարփակ մարմնավորումն է: Վեպի հիմքում XIX դարի առաջին երկու տասնամյակների եվրոպական պատմության նշանակալի դեպքերն են, իսկ կենտրոնում՝ ռուս ժողովրդի՝ 1812 թ-ի Հայրենական պատերազմի հերոսական դրվագները: Բազմաճյուղ և բազմակերպար այս ինքնատիպ էպոսում ռուս ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձությունը գրողը ներկայացրել է պատմական վիթխարի համապատկերում՝ ազատորեն զուգակցելով ռազմաքաղաքական, կենցաղային, բնության և հոգեբանական տեսարաններ, պատմափիլիսոփայական դատողություններ՝ զերծ մնալով սոցիալ-հոգեբանական վեպի սովորական ձևերից: Այդ առումով՝ կատարյալ ու ամբողջական են գլխավոր հերոսներ Անդրեյ Բոլկոնսկու և Պիեռ Բեզուխովի կերպարները, որոնք, հրաժարվելով իրենց նեղ դասային, եսասիրական ձգտումներից, զինվորագրվում են ճակատագրի ու մարդու կյանքի իմաստնության ըմբռնման վեհ գաղափարին:
1862 թ-ին Տոլստոյը հրատարակել է «Յասնայա Պոլյանա» մանկավարժական հանդեսը, կազմել դասագրքեր, ընթերցարաններ (1871–75 թթ-ին), ուեզդում (վարչական միավոր) գյուղացի երեխաների համար հիմնել է դպրոց և դասավանդել այնտեղ. այդ աշխատանքը Տոլստոյի համար եղել է «պոետական փայլուն գործ, որից հնարավոր չէր պոկվել»:
1873–77 թթ-ին Տոլստոյը գրել է «Աննա Կարենինա» երկհատոր վեպը: Արտաքուստ «ընտանեկան վեպ» հիշեցնող այս երկում արծարծված են ռուսական հետռեֆորմյան կյանքի սոցիալ-տնտեսական ու գաղափարական-հոգեբանական ամենաբարդ հարցերը: Աննայի դժբախտ սիրո և կործանման սյուժետային հենքի վրա գրողը քննադատել է վերնախավի կենցաղն ու բարոյական ըմբռնումները, բացահայտել եկեղեցում և դատարանում տիրող կեղծիքն ու ապօրինությունները:
Ստեղծագործության վերջին շրջանում (1880–1910-ական թվականներ) ավելի են խորացել գրողի հասարակական ու գեղարվեստական մտածողության հակասությունները. մի կողմից՝ բուրժուաազնվականական պետության համաժողովրդական էության մերկացում, պաշտոնական եկեղեցու անողոք քննադատություն, մյուս կողմից՝ համընդհանուր սիրո և բարոյական կատարելագործման, հնազանդության, «չարին բռնությամբ չդիմադրելու» կրոնական նրբին քարոզ. վերջիններս հետագայում դարձել են տոլստոյականություն փիլիսոփայական հոսանքի հիմքը: Տոլստոյին իր հայացքների համար հալածել են և՜ հեղափոխական-ժողովրդավար գործիչները, և՜ եկեղեցին. 1901 թ-ին Սինոդի որոշմամբ նա հեռացվել է եկեղեցուց: 
Վերջին շրջանի գործերում՝ «Իվան Իլյիչի մահը» (1884–86 թթ.) և «Կրեյցերյան սոնատ» (1887–89 թթ.) վիպակներում, «Խավարի իշխանություն» (1886 թ.), «Կենդանի դիակ» (1900 թ.) և այլ պիեսներում, գերիշխում են սոցիալ-հոգեբանական սուր բախումները, նկատվում է հասարակության բարոյական հիմքերի քննադատության խորացում: Տոլստոյի այս տարիների նշանավոր երկերից են «Հարություն» (1889–99 թթ.) վեպը և «Հաջի Մուրադ» (1896–1904 թթ.) վիպակը, որտեղ արտացոլել է ժողովրդական զանգվածների մեջ կուտակված ատելությունը ճնշման ու անարդարության դեմ և սոցիալական հեղաշրջման համար նրանց հասունացող գիտակցությունը: Հեղինակն այս և այլ խնդիրների (սովի դեմ՝ պայքար, մահապատժի դեմ՝ բողոք) անդրադարձել է նաև իր բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներում («Խոստովանություն», 1879–80 թթ., «Ո՞րն է իմ հավատը», 1882– 1884 թթ., «Մեր ժամանակի ստրկությունը», 1899–1900 թթ., «Չեմ կարող լռել», 1908 թ., «Կյանքի ուղին», 1910 թ., և այլն): 
Տոլստոյը գրել է նաև գրաքննադատական հոդվածներ, որոնք, հատկապես «Ի՞նչ է գեղարվեստը» (1898 թ.) տրակտատը, ռեալիզմի տեսական հիմնավորման և պաշտպանության կարևոր էջեր են:
Գրողը երբեք անտարբեր չի եղել մարդկային տառապանքների հանդեպ, հոգեպես տանջվել է բարձր խավին իր պատկանելիության և լավ ապրելու հնարավորության համար: Կյանքի վերջին տարիներին Տոլստոյը որոշել է ապրել իր հայացքներին համապատասխան. 1910 թ-ի աշնանը նա գաղտնի հեռացել է Յասնայա Պոլյանայից, սակայն ճանապարհին՝ Աստապովո կայարանում, հիվանդացել է ու մահացել: 
Տոլստոյական ավանդույթները յուրացրել և ստեղծագործաբար զարգացրել են ռուս դասական հեղինակներից Անտոն Չեխովը, Մաքսիմ Գորկին, Ալեքսանդր Ֆադեևը, Միխայիլ Շոլոխովը և ուրիշներ: Նրա ստեղծագործության վիթխարի ազդեցության մասին խոսել են Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ռոմեն Ռոլանը, Թոմաս Մանը, Բեռնարդ Շոուն, Ջոն Գոլսուորդին, Ստեֆան Ցվայգը, Էռնստ Հեմինգուեյը և համաշխարհային այլ դեմքեր:
Տոլստոյի «Կենդանի դիակ», «Հարություն», «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» և այլ գործեր էկրանավորվել են:
Տոլստոյի տուն-թանգարաններ կան Յասնայա Պոլյանայում և Մոսկվայում, պետական թանգարան՝ Մոսկվայում, թանգարան՝ Լև Տոլստոյ կայարանում և այլուր:
Տոլստոյի գործերը հայերեն թարգմանվել են 1880-ական թվականներից: 1948–50 թթ-ին 10 հատորով հայերեն հրատարակվել են նրա գրեթե բոլոր երկերը՝ Պերճ Պռոշյանի, Երվանդ Օտյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների թարգմանությամբ: Նրա «Կենդանի դիակ» դրաման բազմիցս բեմադրվել է հայկական թատրոնում: Տոլստոյը նամակագրական կապ է ունեցել գրող Ատրպետի հետ, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանն ստեղծել է «Լև Տոլստոյը Յասնայա Պոլյանայում»  (1916 թ.) կտավը: Գրողի կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ են գրել Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վահան Տերյանը, Ստեփան Զորյանը և ուրիշներ:

1. Կյանքը ատել կարելի է միայն անտարբերության ու ալարկոտության հետևանքով:

 

2. Եթե ցանկանում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել այն ժամանակ, երբ էլ ասելու ոչինչ չկա։

 

3. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:

 

4. Ուժեղ մարդիկ միշտ պարզ են:

 

5. Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են:

 

6. Մարդը պարտավոր է միշտ երջանիկ լինել, եթե երջանկությունը պակասում է, նայիր, թե որտեղ ես սխալվել:

 

7. Որտեղ սեր, այնտեղ էլ Աստված:

 

8. Նյութական ու մտավոր թույների տարբերությունն այն է, որ նյութական թույների մեծ մասը տհաճ համ ունեն, իսկ մտավոր թույները թերթերի ու գրքերի տեսքով, ցավոք, հաճախ գրավիչ են:

 

9. Եթե ձեր հեռացումը ոչ ոք չի նկատել, ուրեմն ճիշտ որոշում եք կայացրել:

 

10. Երբ քեզ դավաճանում են, դա նույնն է, ինչ եթե ձեռքերդ կոտրեն։ Ներել կարելի է, սակայն ողջագուրվել՝ այլևս երբեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով