Գազազում են ու խաղաղվում։ Այսպիսին են բոլորը կյանքում. Չարլզ Դիքենս

Չառլզ Դիքենսը XIX դարի անգլիական ռեալիզմի նշանավոր
ներկայացուցիչներից է: Իր երկերում հատկապես անդրադարձել է թշվառ մարդկանց կյանքին, քննադատել անգլիական 
իրականության հոռի ու հակասական բարքերը:
Չառլզ Դիքենսը 12 տարեկանից աշխատել է նախ` ֆաբրիկայում, այնուհետև՝ իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմել է արձանագրություններ և գրառել վկաների ցուցմունքները: Երկար ժամանակ աշխատել է լոնդոնյան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին: 
Դիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1837 թ.) վեպը մեծ հռչակ է բերել նրան: Վեպի հերոսները մի խումբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում: 
Դիքենսը 1838 թ-ին լույս է ընծայել «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնախորշերում ապրող թշվառների աշխարհը: Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար: Դիքենսն առաջինն է անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին: Մանկության թեման արծարծված է նաև նրա «Դոմբի և որդի» (1848 թ.) վեպում. Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով, սակայն դժբախտ են ու անտեսված,  որովհետև զրկված են ծնողական քնքշանքից: 
Դիքենսի մյուս վեպը՝ «Դավիթ Կոպերֆիլդը» (1850 թ.), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում: Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և  արժանապատվության: 

Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկածները» (1839 թ.), «Հնությունների կրպակ» (1841 թ.), «Սառը տունը» (1853 թ.), «Երկու քաղաքի պատմություն» (1859 թ.), «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870 թ.) և այլ վեպեր: Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր. «Օլիվեր Թվիստի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի (1969 թ., արժանացել է Օսկար մրցանակի) և մուլտիպլիկացիոն ֆիլմի:

Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1882 թ-ին:
| Օլիվեր Թվիստի արկածները | համառոտ

Օլիվեր Թվիստը ծնվել է աշխատանքային տանը: Մայրը հասցրել է միայն մեկ հայացք գցել նրա վրա և մահացել է: Մինչև ինը տարեկան դառնալն այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ովքեր են տղայի ծնողները:

Մանկությունը ծանր է: Չգիտի, թե ինչ բան է քաղցր խոսքը: Գիտի միայն, թե ինչ է քաղցը, զրկանքները և ծեծը: Աշխատանքային տնից Թվիստին որպես աշակերտ հանձնում են մի դագաղագործի: Այստեղ նա ծանոթանում է մանկատան մի տղայի՝ Նոե Քլեյփոլի հետ, որը լինելով ավելի ավագ և ավելի ուժեղ, անվերջ ստորացնում է Օլիվերին: Թվիստը դիմանում է այս ստորացումներին և վիրավորանքներին: Բայց երբ Քլեյփոլը վիրավորական արտահայտություն է անում նրա մոր հասցեին, ծեծում է նրան: Օլիվերին պատժում են, և նա փախչում է դագաղագործից:

Ուղևորվում է Լոնդոն: Յոթերորդ օրը հասնում է Բարնետ քաղաքը, որտեղ ծանոթանում է ցնցոտիներ հագած իր հասակակցի՝ Ջեկ Դաուկինսի կամ Ճարպիկ Խաբեբայի հետ: Սա կերակրում է նրան և բերում է գողոնքի գնորդ, լոնդոնյան գողերի և խարդախների կնքահայր ծեր հրեա Ֆեջինի մոտ: Սա խոստանում է Օլիվերին արհեստ սովորեցնել, իսկ հիմա հանձնարարում է տղային հանել գողացված թաշկինակների վրայից նշանները: Արհեստի առաջին դասը յուրացնելու համար գնում է գողության Ճարպիկ Խաբեբայի և Չարլի Բեյթսի հետ, սակայն, տեսնելով, թե ինչպես են սրանք գողանում մի ջենթլմենի թաշկինակը, վախեցած փախչում է, և նրան բռնում են: Սակայն ջենթլմենը կարեկցանքից դրդված՝ հրաժարվում է բողոքից և իր մոտ է վերցնում տղային: Թվիստը հիվանդանում և ընկնում է անկողին: Միսթր Բրանլոուն և նրա տնտեսուհի միսիս Բեդուինը խնամում են նրան և զարմանում հյուրասենյակի պատից կախված դիմանակարին պատկերված կնոջ հետ տղայի նմանության վրա:

Ֆեջինը, վախենալով, որ Օլիվեր Թվիստը կմատնի իրեն, առևանգում է նրան: Ուզում է նրան գող դարձնել և ամբողջովին ենթարկել իրեն: Ֆեջինը բանտից նոր դուրս եկած Բիլ Սայքսին է հանձնում Օլիներին, որպեսզի սա տանի նրան «գործի»: Պետք է թալանել հարուստ տուն, և Սայքսին անհրաժեշտ է նիհար տղա, որը ներս մտնելով պատուհանից, կբացի կողոպտիչներին դուռը:

Օլիվերը որոշում է տան մեջ հայտնվելով աղմուկ բարձրացնել և ոտքի հանել տան բնակիչներին: Բայց նա չի հասցնում: Կիսով չափ պատուհանի մեջ մտած՝ նրա ձեռքը վիրավորում են: Սայքսը դուրս է հանում նրան և քարշ է տալիս իր հետ արնոտ տղային, բայց հետո գցում է ճանապարհին՝ չիմանալով՝ ո՞ղջ է տղան, թե՞ մեռած: Օլիվերը իրեն քարշ է տալիս դեպի տան շքամուտքը: Տան բնակիչները՝ Միսիս Մեյլին և նրա ազգականութհին՝ Ռոզը, անկողին են պառկեցնում տղային և բժիշկ են կանչում: Հրաժարվում են ոստիկանություն հանձնել նրան:

Այդ ժամանակ աշխատանքային տանը, որտեղ ծնվել է Օլիվերը, մեռնում է ծեր պառավը, որը խնամում էր նրա մորը: Ծեր Սալլին կանչում է վերակացու միսիս Կորնիին և խոստովանում է, որ գողացել է ոսկե իրը, որը մեռնող կինը խնդրել էր պահել, քանզի այդ իրը կստիպի մարդկանց ավելի լավ վերաբերվել իր տղային: Չհասցնելով ավարտել իր միտքը՝ Սալլին մահանում է: Միսիս Կորնիի ձեռքին է մնում գրավադրման թուղթը:

Ֆեջինը անհանգստացած է Սայքսի բացակայությամբ և Օլիվերի ճակատագրով: Նենսիի՝ Սայքսի ընկերուհու ներկայությամբ անզգուշորեն բղավում է, որ Օլիվերն արժե հարյուրավոր փաունդներ: Նենսին հարբած ձևանալով՝ հետապնդում է Ֆեջինին և լսում նրա զրույցը ոմն Մոնքսի հետ: Պարզվում է, որ Ֆեջինը գող է սարքում Օլիվերին այդ մարդու պահանջով: Ֆեջինը խոստանում է նրան գտնել Օլիվերին՝ ողջ կամ մեռած:

Այդ ընթացքում Մոնքսը զուր ժամանակ չի կորցնում: Օլիվերի ծննդյան քաղաքում գտնում է միսիս Կորնիին, որն արդեն ամուսնացել է և դարձել միսիս Բամբլ: Քսանհինգ փաունդով գնում է նրանից ոսկե քսակը, որը ծեր Սալլին հանել է Օլիվերի մահացած մոր մարմնից: Քսակն ունի ոսկե մեդալիոն, որի մեջ դրված է երկու մազափունջ և ամուսնական մատանի: Մեդալիոնի ներսի կողմի վրա քերված է «Ագնես» անունը: Կա նաև թվական, որը տարով համընկնում է Օլիվերի ծննդյան տարվա հետ: Մոնքսը նետում է քսակը գետը: Վերադառնալով պատմում է այդ մասին Ֆեջինին, և Նենսին դարձյալ ականջ է դնում նրանց:

Նենսին շտապում է լեդի Մեյլիի կացարանը և ամեն բան պատմում է Ռոզին:

Ռոզը չգիտի, թե ում դիմի խորհրդի համար: Օգնում է պատահականությունը: Օլիվերը փողոցում հանդիպում է միսթր Բրաունլոյին և իմանում է նրա հասցեն: Երկուսով գնում է միսթր Բրաունլոյի մոտ, որը լսելով Ռոզին, գործին մասնակից է դարձնում նաև բժիշկ Լոսբերնին, իր ընկեր միսթր Գրիմուիգին և միսիս Մեյլիի որդուն՝ Հարրիին, որը սիրում է Ռոզին: Այդ զգացմունքը փոխադարձ է: Որոշում են, որ Նենսին պիտի նրանց ցույց տա Մոնքսին:

Նենսին կարողանում է տնից դուրս գալ միայն մեկ շաբաթ հետո: Սկզբում նրան չի թողնում Սայքսը, իսկ հետո Ֆեջինը, որն ի վերջո բաց է թողնում աղջկան, սակայն հրամայում է իր նոր աշակերտին՝ Նոե Քլեյփոլին հետևել իրեն: Լսելով Քլեյփոլի հաշվետվությունը՝ Ֆեջինն ընկնում է ցասման մեջ: Նա կարծում էր, թե Նենսին նոր սիրեկան է գտել, սակայն գործը շատ ավելի բարդ է: Ֆեջինը որոշում է պատժել Նենսիին Սայքսի ձեռքերով: Ասում է Սայքսին, որ Նենսին մատնել է իրենց բոլորին: Սայքսը գազանաբար սպանում է աղջկան:

Այդ ընթացքում Բրաունլոուն վարում է սեփական քննությունը: Նենսիից ստացած լինելով Մոնքսի նկարագիրը՝ նա վերականգնում է տարիներ առաջ տեղի ունեցած դրաման: Մոնքսի հայրը Բրաունլոյի վաղեմի ընկերն է: Դժբախտ է եղել ամուսնության մեջ, նրա որդին արատավոր հակումներ ուներ և այդ մարդը թողնում է իր ընտանիքը: Սիրահարվում է երիտասարդ Ագնես Ֆլեմինգին: Գործերով հեռանում է Հռոմ և այնտեղ վաղաժամ վախճանվում է: Նրա կինն ու որդին նույնպես գալիս են Հռոմ: Թղթերի մեջ գտնում են նամակ, որը հասցեագրված է Բրաունլոուին: Այստեղ է Ագնեսի կտակը: Նա խնդրում է սիրելի Ագնեսին միշտ կրել քսակը և մեդալիոնը: Իր կնոջը և որդուն նա թողել է ութհարյուրական փաունդ, իսկ մնացյալ ողջ ունեցվածքը Ագնեսին և իրենց ծնվելիք որդուն, որը կկարողանա ստանալ իր բաժինը չափահաս դառնալուց հետո: Պարտադիր պայման է նաև այն, որ այդ որդին չպիտի խայտառակած լինի իրեն որևէ արատավոր արարքով: Պարզվում է, որ Ագնեսի հայրը մահացել է վշտից, Ագնեսին կորցնելուց հետո: Ագնեսն ուներ նաև կրտսեր քույր: Դա Ռոզն է:

Մոնքսը տասնութ տարեկանում թալանել էր մորը և փախել: Վարում էր արատավոր կյանք: Նրա մայրը մահից առաջ պատմել էր նրան կտակի մասին և Մոնքսը փորձում է իրագործել իր դիվային նախագիծը, որին կյանքի գնով խանգարեց Նենսին:

Միսթր Բրաունլոուն ստիպում է Մոնքսին հեռանալ Անգլիայից: Նա որդեգրում է Օլիվերին: Բիլ Սայքսը մեռնում է՝ տառապելով անմաքուր խղճից: Նրան չեն հասցնում ձերբակալել: Իսկ Ֆեջինը մահապատժի է ենթարկվում:

| Դոմբի և որդի | համառոտ

Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի կեսերին: Մի երեկո միսթր Դոմբիի կյանքում կատարվում է սպասված մեծ իրադարձությունը: Նա որդի է ունենում: Այժմ նրա ֆիրման, որի կառավարումը նրա կյանքի իմաստն է, իրավամբ կկարողանա կոչվել «Դոմբի և որդի»: Չէ՞ որ մինչ այդ միսթր Դոմբին ուներ միայն դուստր:  Շնորհավորանքներ է ընդունում իր քրոջից՝ միսիս Չիկից և նրա ընկերուհուց՝ միսս Թոքսից: Սակայն գալիս է նաև դժբախտությունը: Ծննդաբերությունից հետո մահանում է միսիս Դոմբին: Հրավիրում են ստնտու Փոլլի Թուդլին: Վերջինս կարեկցում է միսթր Դոմբիին, ընկերանում է աղախին Սյուզեն Նիպերի հետ և համոզում է միսթր Դոմբիին, որ մանկանը օգտակար է շատ ժամանակ անցկացնել քրոջ հետ: Այդ ժամանակ նավի վարպետ Սոլոմոն Ջիլսը իր ընկեր՝ նավապետ Քաթլի հետ նշում է իր ազգականի՝ Ուոլթեր Ջիլսի նոր աշխատանքը «Դոմբի և որդի» ֆիրմայում: Կատակում են, որ կգա ժամանակ, և նա կամուսնանա տիրոջ դստեր հետ:

Փոլ Դոմբիի կնունքից հետո հայրը որոշում է որպես շնորհակալության նշան լավ կրթություն տալ Փոլլի Թուդլի ավագ որդուն՝ Ռոբին: Թուդլը այս լուրից հետո սկսում է կարոտել իր տունը և Սյուզենի ու Դոմբիի դստեր՝ Ֆլորենսի հետ զբոսանքի ժամանակ, չնայած միսթր Դոմբիի արգելքին, այցելում է իր տունը աղքատ թաղամասում: Ետ վերադառնալիս մի պառավ խաբեությամբ հանում է հետ մնացած Ֆլորենսի հագուստը: Աղջկան հանդիպում և տուն է վերադարձնում Ուոլտեր Գեյը: Միսթր Դոմբին հեռացնում է Փոլլի Թուդլին:

 

Փոլ Դոմբին տկար երեխա է: Նրան ու Ֆլորենսին, առանց որի տղան չի կարող ապրել, ուղարկում են Բրայտոնի ծովափնյա առողջարանը: Հայրը, միսիս Չիկը և միսս Թոքսը այցելում են նրանց շաբաթը մեկ անգամ: Միսս Թոքսին նկատում է մայոր Բերգսթոքը, որը շտապում է ծանոթություն հաստատել միսթր Դոմբիի հետ: Նրանք արագ մտերմանում են:

Դառնալով վեց տարեկան՝ Փոլն ընդունվում է Բրայտոնի դպրոց՝ դոկտոր Բլիմբերի դպրոցը: Ֆլորենսը մնում է առողջարանում, որպեսզի եղբայրը կարողանա տեսնել քրոջը կիրակի օրերին: Քանի որ Բլիմբերը սովորություն ուներ ծանրաբեռնել աշակերտներին, Փոլը մեծանում է տարօրինակ և հիվանդոտ: Նա ընկերություն է անում միայն մի աշակերտի հետ: Դա իրենից տաս տարով ավագ և շատ տարօրինակ պահվածքով Թուտսն է: Սա անգամ որոշ իմաստով դարձել է տկարամիտ:

Բարբադոսում Դոմբիի ֆիրմայի գործակալը մահանում է, և Դոմբին Բարբադոս է ուղարկում Ուոլտեր Գեյին: Այդ նորությունը Ուլտերի համար համընկնում է մեկ ուրիշ նորության հետ: Ուոլտերը միշտ զարմանում էր, թե ինչու բարձր պաշտոն զբաղեցնող Ջեյմս Քարքերի եղբայր Ջոնը զբաղեցնում է շատ ցածր տեղ: Պարզվում է, սա ժամանակին թալանել է ֆիրման և հիմա քավում է մեղքը:

Արձակուրից քիչ առաջ Փոլն այնքան է տկարանում, որ նրան ազատում են դասերից: Նա միայնակ քայլում է տանը և շատ է ուզում, որ իրեն բոլորը սիրեն: Նրան տանում են տուն, որտեղ նա օրեցօր ավելի ու ավելի է վատանում:

Ֆլորենսը շատ ծանր է տանում նրա մահը: Նա չունի ոչ ոքի, բացի Սյուզենից և Թուտսից, որը երբեմն այցելում է նրան: Հայրն անտարբեր է: Փոլի մահը ճնշել է նրան: Ֆլորենսը ստիպված է հրաժեշտ տալ մեկնող Ուոլտերին: Պայմանավորվում են իրար քույր և եղբայր կոչել:

Նավապետ Քատլը գալիս է Ջեյմս Քարքերի մոտ, որպեսզի իմանա Ուոլտերի հեռանկարների մասին: Քարքերը նավապետից իմանում է Ֆլորենսի և Ուոլտերի մտերմության մասին և այնքան է հետաքրքրվում դրանով, որ միսթր Ջիլսի տուն է տեղավորում իր լրտեսին: Դա ճանապարհից շեղված Ռոբ Թուդլն է:

Միսթր Ջիլսին, ինչպես նաև Քատլին և Ֆլորենսին անհանգստացնում է, որ Ուոլտերի նավի մասին ոչ մի լուր չկա: Վերջապես վարպետը մեկնում է անհայտ ուղղությամբ՝ թողնելով իր խանութի բանալիները նավապետ Քատլին:

Դոմբին ցրվելու համար մեկնում է Դեմմինգթոն իր ծանոթ մայոր Բերգսթոքի հետ: Այնտեղ մայորը հանդիպում է իր ծանոթ միսիս Սկյութոնի դստեր՝ Էդիթ Գրեյնջերին:

Ջեյմս Քարքերը նույնպես ուղևորվում է Դեմմինգթոն իր տնօրենի մոտ: Միսթր Դոմբին ներկայացնում է Քարքերին իր նոր ծանոթներին: Շուտով միսթր Դոմբին առաջարկություն է անում Էդիթին, և սա անտարբեր համաձայնություն է տալիս: Անտարբերությունը կորչում է, երբ Էդիթը ծանոթանում է Ֆլորենսի հետ: Նրանք ջերմորեն մտերմանում են:

Երբ միսիս Չիկը հայտնում է միսիս Թոքսին եղբոր գալիք ամուսնության մասին, վերջինս ուշաթափ է լինում: Իմանալով, որ իր ընկերոհին չիրականացած նախագծեր ուներ Դոմբիի առնչությամբ, միսիս Չիկը խզում է նրա հետ կապը: Իսկ քանի որ մայոր Բերգսթոկը վաղուց արդեն լարում է Դոմբիին միսս Թոքսի դեմ, վերջինս հեռացվում է Դոմբիների տանից:

Էդիթ Գրեյնջերը դառնում է միսիս Դոմբի:

Մի օր Թուտսի հերթական այցից հետո Սյուզենը խնդրում է նրան այցելել վարպետի խանութը և միսթր Ջիլսին հարցնել թերթում լույս տեսած հոդվածի մասին, որն ինքը ողջ օրը թաքցրել է Ֆլորենսից: Հոդվածում հաղորդվում է, որ նավը, որով մեկնել էր Ուոլտերը, խորտակվել է: Ջիլսի մոտ գտնում են Քատլին, որը չի կասկածում հոդվածի հաղորդմանը և սգում է Ուոլտերի մահը:

Սգում է նաև Ջոն Քարքերը: Նա շատ աղքատ է, բայց նրա քույր Հերիեթը նախընտրում է ապրել Ջեյմս Քարքերի հարուստ տանը: Մի օր Հերիեթն օգնում է տան կողքով անցնող չքավոր մի կնոջ՝ Էլիս Մարվուդին: Այդ կինը եղել է կալանավայրում, իսկ նրա անկման համար մեղավոր է Ջեյմս Քարքերը: Իմանալով, որ իրեն օգնում է Ջեյմսի քույրը, կինը նզովում է Հերիեթին:

Միսթր և միսիս Դոմբիները տուն են վերադառնում ճամփորդությունից: Էդիթը սառն ու անտարբեր է բոլորի հանդեպ, բացի Ֆլորենսից: Միսթր Դոմբին նկատում է դա և շատ դժգոհ է: Այդ ընթացքում Ջեյմս Քարքերը հանդիպում է պահանջում Էդիթի հետ՝ սպառնալով, որ կպատմի Դոմբիին Ֆլորենսի և Ուոլտերի ընկերության մասին և Դոմբին ավելի կհեռանա իր աղջկանից: Այսպես նա իշխանություն է հաստատում Էդիթի վրա: Դոմբին փորձում է ենթարկել Էդիթին իր կամքին: Սակայն իր ամբարտավանության պատճառով չի տեսնում կնոջն ընդառաջ ինքնուրույն քայլ անելու ոչ մի հնարավորություն: Ստորացնելու համար վերջինիս՝ ասում է, որ հրաժարվում է գործ ունենալ Էդիթի հետ առանց միջնորդի՝ Քարքերի:

Էլենի մայրը՝ միսիս Սքյութենը, ծանր հիվանդ է և Էդիթի ու Ֆլորենսի հետ մեկնում է Բրայթոն, որտեղ շուտով մահանում է: Թուտսը, որը Բրայթոն է գալիս Գլորենսի ետևից, սեր է խոստովանում նրան, սակայն ֆլորենսը ի դեմս նրա տեսնում է միայն ընկերոջ: Նրա երկրորդ ընկերը՝ Սյուզենը, ի վիճակի չէ տեսնել տիրոջ անուշադիր վերաբերմունքը դստեր հանդեպ: Փորձում է բացել նրա աչքերը: Դոմբին հեռացնում է նրան:

Դոմբիի և իր կնոջ միջև վիհն աճում է: Էդիթը առաջարկում է բաժանություն, սակայն Դոմբին հրաժարվում է: Էդիթը փախչում է Քարքերի հետ: Ֆլորենսը փորձում է մխիթարել հորը, բայց սա կասկածում է, որ աղջիկն ամեն բան գիտեր և հարվածում է նրան: Ֆլորենսը փախչում է վարպետի և նավապետ Քատլի մոտ:

Շուտով այդտեղ է վերադառնում Ուոլտերը: Չի խորտակվել: Նրան հաջողվել է փրկվել և վերադառնալ: Երիտասարդները պատրաստվում են ամուսնանալ: Սոլոմոն Ջիլսը նույնպես վերադառնում է: Եվ ճիշտ ժամանակին: Հարսանիքից հետո Ուոլտերը և Ֆլորենսը մեկնում են նավով: Այդ ընթացքում Էլիս Մարվուդը, ցանկանալով վրեժխնդիր լինել Քարքերից, իմանում է Ռոբ Թուդլից, թե որտեղ են մեկնում Քարքերը և Էդիթը: Հայտնում է այդ մասին Դոմբիին: Նրան տանջում է խիղճը: Խնդրում է Հերիեթին զգուշացնել եղբորը: Այն պահին, երբ Էդիթը հայտարարում է Քարքերին, որ միայն ամուսնու հանդեպ ատելությունից է միացել նրա հետ, իսկ իրականում նրան ավելի է ատում, դռան ետևից լսվում է Դոմբիի ձայնը: Էդիթը հեռանում է ետին դռնով և թողնում տղամարդկանց: Սակայն Քարքերին հաջողվում է փախչել: Նա թաքնվում է մոտակա խուլ գյուղում, իսկ ավելի ուշ տեսնելով իր ետևից եկող Դոմբիին՝ փախչելիս ընկնում է գնացքի տակ:

Չնայած Հերիեթի հոգատարությանը՝ Էլիսը շուտով մահանում է: Եղբոր՝ Ջոն Քարքերի հետ նա դառնում է ժառանգության տեր և անգամ օգնում է սնանկացող Դոմբիին վերականգնել ձեռնարկությունը:

Դոմբին ճնշված է: Բոլորից լքված՝ մնալով միայն Փոլլի Թուդլի և միս Թոքսի հետ նա հասկանում է, որ այսքան տարիներ նրա կողքին էր սիրող դուստրը, որին նա չի նկատել: Ինքնասպան լինելու ցանկություն ունի: Վերջին պահին հայտնվում է Ֆլորենսը և կանխում հոր ինքնասպանությունը:

Դոմբիի ծերությունը ջերմացնում է Ֆլորենսի սերն ու ուշադրությունը: Նրանց այցելում են նավապետ Քատլը, Թոքսը և ամուսնացած Թուտսն ու Սյուզենը: Նա կարողանում է իր չիրագործված սերը նվիրել թոռներին՝ Փոլին և Ֆլորենսին:

Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը | համառոտ

Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը» Չարլզ Դիքենսի ինքնակենսագրական վեպն է, որտեղ նա առաջին անգամ կիրառել է առաջին դեմքով պատումը: Վեպը բաղկացած է հինգ մասից:

Գլխավոր հերոսը՝ Դեյվիդ Կոպերֆիլդը լույս աշխարհ է եկել հոր մահից մի քանի ամիս անց: Երբ տղան յոթ տարեկան էր, նրա շատ սիրելի մայրը ամուսնանում է երկրորդ անգամ պարոն Մերդստոնի հետ, որն առանձնանում է չոր և իշխող բնավորությամբ: Տղայի և խորթ հոր միջև հաստատվում է փոխադարձ անբարյացակամություն, որը սրվում է այն բանից հետո, երբ տան կառավարումն իր ձեռքն է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ խորթ հայրիկը սկսում է ծեծել Դեյվիդին վատ ուսման համար:

Մերդստոնը ուղարկում է տղային մասնավոր դպրոց, որտեղ չնայած ուսուցիչների անտանելի ճնշմանը, Կոպերֆիլդը կարողանում է ուրախություն գտնել իր դասընկերների հետ շփման մեջ: Նրանց թվում են Ջեյմս Սթիրֆորդը և Թոմի Թրեդլսը: Այդ ընթացքում մահանում է Կոպերֆիլդի մայրը, և Մերդստոնը ուղարկում է տղային աշխատելու Լոնդոնի մոտակայքում գտնվող իրեն պատկանող «Մերդստոն էնդ Գրինբի» առևտրական տանը: Տաս տարեկանում Դեյվիդը դառնում է ֆիրմայի ստրուկը: Նա բնակվում է Ուիլկինս Միկոբերի տանը, որը չնայած ծայրահեղ աղքատությանը, կարողանում է պահպանել լավատեսությունը:

Այն բանից հետո, երբ Միկոբերը հայտնվում է պարտքային բանտում, Դեյվիդը, որը հոգնել է չքավոր կյանքից, որոշում է փախչել Դուվր, իր հանգուցյալ հոր մորաքրոջ՝ Բեթսի Թրոթվուդի մոտ: Ոտքով հաղթահարելով ճանապարհը, նա հայտնվում է իր էքսցենտրիկ ազգականուհու տանը և օգտվում է նրա եռանդուն հովանավորությունից: Տղային վերադարձնելու պարոն Մերդստոնի բոլոր փորձերն ապարդյուն են:

Դեյվիդի կյանքում շարունակաբար հայտնվում են նորանոր մարդիկ: Նրանք մտնում են նրա կյանք և նորից լքում են այն: Գրքի ավարտին Կոպերֆիլդը հրաշալի երիտասարդ գրող է: Որոշ ժամանակ նա ապրում է իր ազգականուհու իրավաբանի՝ պարոն Ուիկֆիլդի տանը, որը սրիկա կլերկ Ուրիա Հիպի ջանքերով թաղվում է ալկոհոլի ծանծաղուտը: Նրա թիկունքում Ուրիան կատարում է իր կեղտոտ գործարքները:

Դառնալով Ուիկֆիլդի գործընկերը, Ուրիա Հիպը գործի է ընդունում Միկոբերին: Վերջինս Կոպերֆիլդի մանկության ընկեր Թրեդլսի հետ ստանում է Հիպի մեքենայությունների ապացույցները և ջրի երես է հանում նրան:

Այս ամենին զուգահեռ պատմվում է Սթիրֆորդի մասին, որը գայթակղել է Էմիլի անունով ծնողազուրկ աղջկան և նրա հետ փախել է Եվրոպա: Հեռանալուց առաջ Էմիլին հայտարարում է, որ «կա´մ կվերադառնա իսկական լեդի դարձած, կա´մ առհասարակ չի վերադառնա»: Սյուժետային այս գիծն ավարտվում է ողբերգականորեն: Դեյվիդը իմանում է, որ Էմիլին փախել է Սթիֆորդից այն բանից հետո, երբ սրիկան աղջկանից ձանձրացած, առաջարկել է նրան ամուսնանալ իր ծառայի հետ:

Դեյվիդը սիրահարվում է նաիվ Դորա Սպենլոուին, որը դառնում է նրա կինը: Ոչ պրակտիկ Դորայի մահվանից հետո հերոսը երջանկություն է գտնում Ուիկֆիլդի ազնվազարմ դստեր՝ Ագնեսի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով