Բարև ՇԻՐԱԶ…

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:

Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», « Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում: 1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար(այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:

1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է: Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը: Բանաստեղծը մահանում է 1984թ.-ի մարտի 14-ին Երևանում, աճյունը հանգրվանում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

Բանաստեղծը թողել է գրական հարուստ ժառանգություն`բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ: Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝… մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք (Սովետական կառավարությունը) ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։

1975 թ-ին «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշանով և «Պատվո նշան» շքանշանով:

1996 թ-ին Աստղ Շիրազի անունով: Ռիչարդ Լ. Նեյի կողմից վավերացված փաստաթղթում նշված է. «Փարիզում հիմնադրված Աստղագիտական Միջազգային միության կողմից ճանաչված որպես Կանիս Մաջոր համաստեղության 88-ից մեկը` գրանցված շվեյցարիայում և արտոնագրված ԱՄՆ-ում, ի պահ է տրված Կոնգրեսի գրադարանին»:                                                                                            2003 թ-ին, սեպտեմբերի 27-ին, իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:
2005 թ-ը նշանավորվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող իր մեծադիր երկու արձանների կերտմամբ Երևանում և Գյումրիում: Արձանների հեղինակը Շիրազի ավագ որդին է, հայտնի քանդակագործ Արա Շիրազը: Միայն ազգային մղումների և պատմության անարդար վճռի ծնունդն է բանաստեղծի «Հայոց Դանթեականը» մեծածավալ պոեմը, որը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակներին:Մեծ բանաստեղծը իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների: Երկար տարիներ չէին տպագրում իր նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, կամ էլ, եթե տպագրում էին գրքերը կոպիտ խմբագրումներով, կրճատումներով: Մեծ բանաստեղծին` համայն հայության միասնության որդին դարձած բանաստեղծին, այդպես էլ իր կենդանության օրոք երբեք թույլ չտվեցին այցելելու արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ գաղթօջախ…

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 90-ամյակին է նվիրված կինոբեմադրիչ Լևոն Մկրտչյանի(Հեղինակն է«Մաշտոց»,«Պարույր Սեւակ»,«Գյումրի»,«Ազնավուր»,«Զորավար Անդրանիկ»,«Եւ եղավ լույս»,«Մատյան անկախության»ֆիլմերի) «Հովհաննես Շիրազ» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով,որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է,կինոնկար,ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը: Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը՝1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:

Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Մասիսն ի վեր
Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում։

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին։

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում։

Վերելք

Աչքերիս մեջ գարնան օրր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատւմ քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

ՀՐԱՇՔ

Երազիս մեջ դուռը զարկին
— Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»…

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա…»

Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
— Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես…»

Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից հորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստված ինքն էս չգթա,
Յոթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնա…

Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մավշել
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:

ՋՈՒՐ ԾԱԽՈՂԸ

Ձեռին բռնած կուժ մի պուճուր`
Ջուր կծախեր, միշտ սառը ջուր
Այն թուխ ու ժիր տղան պուճուր:

Եվ օրիբուն` մտած շուկա`
Նրա ձայնն էր միշտ ղողանջում,
Ծարավներին ջրի կանչում:

Ա~խ, այդ ջրի ձայնը վկա,
Ես էլ էի այդպես կանչում,
Բայց իմ ձայնը չէր կարկաչում:

Խմում էին ու … փող չկա…
Գդակս էին գլխիս քաշում,
Ծաղրի աչքով սիրտս մաշում:

Բայց … Արցունքիս կուժն` էլ չկա~,
Ու չի կանչում տղան պուճուր.
— Է~յ, հաց տվեք, ջու~ր տամ, պաղ ջուր…

ՇԻՐԱԶԻ ԵՐԳԸ

Գարուն ու թովք է,
Սիրո մեծ գովք է
Շիրազի երգը:
Ցրտի մեջ հուր է,
Տապին աղբյուր է
Շիրազի երգը:
Հույսերի հունդ է,
Լույսի ծնունդ է
Շիրազի երգը:
Անտունին տուն է,
Հավատ ու սյուն է
Շիրազի երգը:
Պանդուխտի կուռքն է,
Կանչող կռունկ է
Շիրազի երգը:
Բարության գետ է,
Մեր բարձրակետն է
Շիրազի երգը:
Ոգին է հայոց,
Կերոն է ու բոց
Շիրազի երգը:
Ծովի պես խոր է,
Ու հավերժ նոր է
Շիրազի երգը:
Դարում փոթորկուն
Մասիս է կանգուն
Շիրազի երգը:

***
Մայրս հաճախ հոգուս մեջ,
Հոգով այցի է գալիս,
Եվ սաստում է ինձ անվերջ`
— Զուր ես մահս դեռ լալիս:

Տես` ոգիս հար կը հառնի,
Մահս մարմնիս մահն է զուտ,
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մեռցվի մայր լեզուդ:

Ես կը մեռնեմ, երբ հանկարծ
Մայր Արաքսը ցամաքի,
Երբ Մասիսն էլ քո պաշտած
Փոխվի ձոր ու խանդակի:

Ես կը մեռնեմ, երբ Վանա
Ծովից մնա մի կաթիլ,
Արարատից չմնա
Հող ու ձյունի մի կաթիլ:

Կերդվեմ վշտով Եղեռնի,
Անմեղ լեզվով Հայոց սուրբ`
Մայրդ այն ժամ կը մեռնի,
Երբ մոռացվի հայ լեզուդ…

***
Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով