Հայորդիներ. ՍԻԱՄԱՆԹՈ

«Յարճանյանի «Հոգեվարքի և հույսի ջահերը»՝ մինչև ցարդ իր հրատարակածներուն մեջ ամենեն հարուստը և բազմազանը, սահմանված է փառավոր ու հավերժական կյանքի մը, իբր մեր ժամանակակից բանաստեղծության ամենեն շքեղ, ամենեն տոհմիկ և ամենեն ուժեղ էջերեն մեկը»:
Արշակ Չոպանյան

Սիամանթոն (իսկական անուն-ազգանունը՝ Ատոմ Յարճանյան) ծնվել է վաճառականի ընտանիքում: 1891 թ-ին հոր հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. սովորել է Միրիճանյան, ապա` Պերպերյան վարժարաններում: 1894–96 թթ-ի հայերի ջարդերից հետո նա էլ է հեռացել Կոստանդնուպոլսից: Մեկնել է Կահիրե, 1897 թ-ին՝ Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի դասախոսություններին, ծանոթացել հայ մտավորականների, ազգային նշանավոր դեմքերի հետ:
Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թ-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում: Հաջորդ գործերը տպագրվել են «Ազատամարտ», «Անահիտ» (երկուսն էլ՝ Փարիզ), «Բանբեր» (Կոստանդնուպոլիս), «Հայրենիք» (Բոստոն) և այլ պարբերականներում: 1902 թ-ին տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն, և գրական աշխարհը ողջունել է գաղափարի բանաստեղծի հայտնությունը: Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3 շարքերը (1905, 1906 և 1908 թթ.): Եթե «Դյուցազնորեն»-ում հիմնականում ցասման և պայքարի տրամադրություններ են («Արշալույսները», «Ճակատամարտը» և այլն), ապա երկրորդում գերիշխողը հոգեկան ապրումներն են: Պատմության դասերի մեջ խտացնելով դարերի վրեժը («Դարերու վրեժ», «Հողին ձայնը», «Մենախոսություն» և այլն) ու շիկացնելով այն փլատակված հայրենիքի սարսուռներով («Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորանեն», «Կախաղաններու կատարեն» և այլն)՝ Սիամանթոն ազատագրական պայքարի է կոչում Հայորդուն ու նրա հերոսական մաքառումները բոցավառում հաղթանակի հավատով:
1907 թ-ին Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը, որտեղ գերակշռողը տառապանքի փիլիսոփայական վերապրումներն են: Օրհասի տխուր մտորումների մեջ նա բազմիցս կարոտով վերհիշում է հայրենի եզերքի գեղեցկությունն ու մանկության օրերի խայտանքները, ողբում իր ժողովրդի դառը ճակատագիրը («Արցունքներս», «Ափ մը մոխիր՝ հայրենի տուն…», «Արյունս», «Ձեռքերդ ինձ երկարե» և այլն): Միևնույն ժամանակ նահատակության հերոսը հույսի ջահեր է վառում նրա հոգում («Ես երգելով կուզեմ մեռնիլ…», «Ասպետին երգը», «Հույսին համար» և այլն):
1908 թ-ին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, Սիամանթոն նույնպես վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը՝ հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը. սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի:
1909 թ-ին Սիամանթոն մեկնել է ԱՄՆ, որտեղ լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք՝ «Հայրենի հրավեր»: Տարագիր հայերին ուղղված 12 կոչերում բանաստեղծն աղերսում է վերադառնալ և պաշտպանել հայրենի բնաշխարհը.

Վերադարձե՜ք, որդինե՜ր, ձեր գութանին
և արորին ժանգը նորեն սրբելու.
Թո՜ղ նորեն ձեր հնադարյան
հայրենի հողը ծաղկոտի…
Թո՜ղ ձեր հունձքերն հովտե հովիտ՝
ծովերուն պես տարածվին…

1911 թ-ին նա կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ քաղաքական մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել էր: Այդ շրջանի նրա պոեզիայում «չարչարանքի տեսիլները» տեղի են տվել՝ «հոգևոր Հայաստանի» կերպարում ուրվագծելով ազգի գոյության ու հարատևման հեռանկարը:
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), փառաբանել հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», «Թող զորությունը ձեզ խոսի», երկուսն էլ՝ 1911 թ.): 1912 թ-ին՝ հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը.

Մեսրո՜պ, հայ դարերուն դիմաց կեցող՝
Դո՜ւն ադամանդյա ապառաժ,
Դո՜ւն մանուկներու մերկ ուղեղեն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցությանց անգյո՜ւտ փարոս…

1913 թ-ին ուղևորվել է Թիֆլիս, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, գնացել Բաքու, ապա մեկնել Եվրոպա: Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով: Սակայն հայտնատեսի բացառիկ ունակությամբ իսկույն գուշակել է թուրքական քաղաքականության մութ խորշերում նյութվող նենգամիտ դավը, որը ճակատագրական էր նաև իր համար:
Սիամանթոն ձև է տվել հայ ազատաչափ (վերլիբր) բանաստեղծությանը և էականորեն հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը. ստեղծել է նոր բառեր ու բառակապակցություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչականությունը: Նրա պոեզիան որոշ աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ:
Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թվականին «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։

1902 թվականին տպագրվել է նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։

«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։

Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր» (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»)։

Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թվականին Սիամանթոն վերադարձել է Կ․ Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։

Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»[4]։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։

Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։

1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913 թ. Սիամանթոն եղել է ԹիֆլիսումԲաքվումԷջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։

Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։

Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։

Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերենանգլերենֆրանսերենգերմաներեն։

Երկեր

  • Հայորդիները, շարք I, Ժընեւ, 1905, 48 էջ։
  • Հայորդիները, շարք II, Ժընեւ, 1906, 32 էջ։
  • Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Փարիզ, 1907, 64 էջ։
  • Հայորդիները, շարք I-II, Կ. Պոլիս, 1908, 68 էջ։
  • Հայորդիները, շարք III, Փարիզ, 1908, 52 էջ։
  • Կարմիր լուրեր բարեկամէս, Կ. Պոլիս, 1909, 56 էջ։
  • Ամբողջական գօրծեր, հատ. 1. Դիւցազնօրէն, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Կարմիր լուրեր բարեկամէս, Հայրենի հրաւէր, Պոսթըն, 1910, 248 էջ։
  • Հոգեւարքի եւ յոյսի ջահեր։ Կարմիր լուրեր բարեկամէս, Պէյրութ, 1951, 84 էջ։
  • Ամբողջական գօրծեր, Պէյրութ, 1954, 504 էջ։
  • Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Պէյրութ, 1955, 184 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1957, 252 էջ։
  • Ամբողջական գործեր. Դիւզազնօրէն, Հայորդիներ, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Գահիրէ, 1960, 504 էջ։
  • Ամբողջական երկեր, Պէյրութ, 1974, 464 էջ։
  • Սիամանթո, Վարուժան Դանիել, Երկեր, Երևան, 1979, էջ 21–196:
  • Ընտիր երկեր, Թեհրան, 1983, 232 էջ։
  • Ամբողջական երկեր. Դիւզազնօրէն, Հայորդիներ, Հոգեւարքի եւ յոյսի ջահեր, Անթիլիաս, 1989, 232 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Վենետիկ, 1993, 124 էջ։
  • Անտիպ երկերի ժողովածու, Երևան, 2002, 520 էջ։
  • Հայրենի հրավեր (բանաստեղծություններ), Երևան, 2003, 108 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2003, 112 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 152 էջ։
  • Սուրբ Մեսրոպ պոեմ և այլ բանաստեղծություններ, Երևան, 2012, 80 էջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով