ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արարատի մարզային գրադարանը հանդիսանում է մարզի գլխավոր պետական գրադարանը, որն իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային տեղեկատվական մատենագիտական սպասարկման կազմակերպումը, մարզի գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը: Արարատի մարզային գրադարանն իր գոյության պատմությունը սկսել է 1948 թվականից: Նրա գրական ֆոնդի բազան հանդիսացել է Արտաշատ ավանի խրճիթ ընթերցարանի գրականությունը և մասամբ էլ նախկին կուսակցական շրջանային կոմիտեի կողմից նվիրված մի քանի հարյուր կտոր քաղաքական գրականություն: Գրադարանը գտնվելիս է եղել Սահակյանների շենքում, որտեղ տեղավորված էր նաև Արտաշատի ժող. դատարանը: 1957 թվականին Արտաշատի շրջանային գրադարանը փոխադրվեց ներկայիս փոստի շենքի տեղում գտնվող միհարկանի վերանորոգված նոր շենք: Արդեն 1958 թվականից շրջանային գրադարանը սկսեց համապատասխանել իր կոչմանը՝ դառնալով նաև մեթոդական աշխատանքների կենտրոն՝ շրջանի ողջ գրադարանների համար:

1971 թվականին շրջանային գրադարանը տեղափոխվեց ներկայիս գրադարանի տեղը՝ քաղաքի բանուկ փողոցի նոր բնակելի շենքի բացվածքում զբ. 500 քմ. տարածք, ընդարձակ ու լուսավոր առանձին բաժիններով, բաժնույթի մեծ սպասասրահով, առանձին ընթերցասրահով: 1976-1996 թվականներին շրջանային գրադարանի բազայի վրա ստեղծվեց պետական մասսայական գրադարանների հզոր ցանց, որը հնարավորություն տվեց Արտաշատում ստեղծել գրադարանային ժամանակակից խոշոր համակարգ՝ իր 45 մասնաճյուղ գրադարաններով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ կառավարության որոշումից հետո հանրային բնույթի գրադարանները հանձնվեցին տեղական համայնքներին: Գրադարանի ֆոնդերը համալրվում են տպագիր արտադրանքի ավանդական՝ գրքեր, գրքույկներ, ատլասներ, պարբերական և շարունակական հրատարակություններ, տեղեկատու և հանրագիտարանային բնույթի ունիվերսալ տեսակի գրականությամբ:

Գրադարանը 2008 թվականի դրությամբ ունի 95365 կտոր գրականություն: 2018 թվականի դրությամբ, գրադարանային ֆոնդը կազմում է 102000 կտոր գրականություն[1]: Իսկ կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մարզկենտրոններում գործող ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանները վերակազմավորվեցին նախ որպես Արարատի մարզային հանրապետական գրադարանի, ապա «Արարատի մարզային գրադարան ՊՈԱԿ», որպես մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն մարզի շուրջ 90 համայնքային գրադարանների համար: 1977 թվականից գրադարանը ՀՀ կառավարության որոշմամբ անվանակոչվել է գրադարանային գործի մեծ երախտավոր, անվանի գրադարանագետ Օհան Ստեփանի Չուբարյանի պատվին: 1948 թվականից ցայսօր գրադարանի վարիչներ են աշխատել Ազիզ Դերմոյանը (1948-1955), Լենա Դանիելյանը (1955-1956), Ցոլակ Հասրաթյանը (1956-1976), Էմմա Բադալյանը (1976-1979), Յուրա Պետրոսյանը (1979-2016)։ 2016 թվականի հուլիսից գրադարանի տնօրենն է Վաչագան Պետրոսյանը: Արարատի մարզային գրադարանի հիմնադիրը հանդիսանում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: