Կյանքը մի մեծ զառախաղ է-Քըրք Քըրքոյան

<<… Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել իմ ընտրության արդյունքում: Չկա միակ ճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է, եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը…
Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնում, որ այդ թերթերը մի օր իմ մասին են գրելու>>:
… Քըրքն առանց շքախմբի էր ճամփորդում: Ինքն էր տանում իր ճամպրուկները, ինքն էր վարում իր մեքենան: Վազում էր փողոցներով, առանց թիկնապահի, ոտքով գնում քայլելու: Նա հրաժարվում էր անվճար սպասարկումից և անձամբ էր վճարում իր սննդի և սենյակի համար, անգամ սեփական հյուրանոցներում:
… Նա միլիոններ էր տալիս բարեգործության համար և կարիքավոր մարդկանց՝ մի խիստ պայմանով, որ իր նվիրատվությունները գաղտնի մնան: Նա միլիարդավոր դոլլարներ նվիրաբերեց, որոնցից մի մեծ մասն ուղղվեց ավերիչ երկրաշարժից տուժած իր պատմական հայրենիքին: Հայաստանում Քըրք Քըրքոյանին դասում են սրբերի շարքը…
<< Երբեք հետ մի նայիր>>,- սիրում էր խորհուրդ տալ Քըրքը: Սակայն վերջում շատ էր խորհում, թե ինչն էր ամենամեծ նշանակությունն ունեցել իր կյանքում: Դա ո՛չ իր հաջողություններն էին, ո՛չ էլ հիասթափությունները, այլ ռիսկի սրտատրոփ հուզմունքը:
<<Կյանքը մի մեծ զառախաղ է, և ասեմ ձեզ, այն շատ զվարճալի է…>>

Քըրք Քըրքոյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, 1917-2015թթ.)
Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ք. Ֆրեզնո (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սերում է 1890թ. Խարբերդից (Արևմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Տրասինդա կորպորացիայի նախագահն է: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը՝ 14 մլն. դոլար կատարել է 1993թ.՝ եռապատկելով <<Ձմեռ 1993-94>> վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրա <<Լինսի>> հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգման:
Վախճանվել է իր սիրելի Բեվերլի Հիլզ քաղաքում, 2015թ. հունիսի 15-ին, 98 տարեկան հասակում:
Հայաստանի Ազգային հերոս (27.05.2004): Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն <<Հայրենիք>> շքանշանով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով