ԿՈՄԻՏԱՍ վարդապետ.
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։
1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:
Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։
1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ
Կոմիտաս վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը` քաղցրութեամբ ու վեհութեամբ` սեւ բարձր վեղարին տակ:
— Լուի Լալուա, ֆրանսիացի երաժշտագետ
Այն խորունկ հայեացքը, որով Դուք, ի մօտոյ մեզ ներկայացրիք մեզնից բոլորովին հեռու գտնուող բարձր եւ զարգացած մի քաղաքակրթութեան վսեմ կարողութիւնը, – անակնկալօրէն հմտալից մատուցումն այն ամենի, որ արեւմտեան հնագոյն քաղաքակրթութեան ճանաչման համար իսկապէս բացառիկ նշանակութիւն ունեն, Ձեր դասախօսելու եւ երգելու կատարեալ արուեստը – սրանք բաներ են, որ մեզ զարմանք կարող էին պատճառել եւ որոնք վառ կմնան Ձեր ունկնդիրների յիշողութեան մեջ:
— Մաքս Զայֆերտ, գերմանացի երաժշտագետ
Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:
Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան: