Մեր ժամանակակիցը.ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

 

 

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ծնվել է 1950թ. հունվարի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1987թ-ից տպագրվել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում: Հեղինակել է ավելի քան տասը գիրք, բազմաթիվ պիեսներ և սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն: Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի դրամատիկական և Պարոնյանի անվան, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալեպի թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է, 2006թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը: Գրքերն են` «Շարժասանդուղք» (ժողովածու, 1994թ.), «Հիվանդանոց» (վեպ, 1994թ.), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու, 1998թ.), «Սպանել փրկչին» (ժողովածու), «Ճամփեզրի թատրոն» (պիես, 2002թ.), «Դատավարություն» (պարսկերեն պիես, 2003թ.), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու, 2004թ.), «Լուր չկա» (վեպ, 2006թ.), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու, 2008թ.), «Նամակներ ընթացքից» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009թ.), «Ենոքի աչքը» (վեպ, 2012թ.): 1999թ. արժանացել է «Ոսկե եղեգն» ՀՀ պետական մրցանակի: Դարձել է նաև ՀԳՄ` արձակի և թատերգության համար, «Նարցիս» գրական ամսագրի և Թեքեյան մրցանակների դափնեկիր:

 

 

Գուրգեն Խանջյան «Նստիր Ա գնացքը»

Տարօրինակ է ու հետաքրքիր, որ այս քաղաքը երբեք այսքան օտար չէր զգացել Գևորգը, ինչպես հեռանալիս, թեև թվում է, հակառակը պետք է լիներ, որովհետև լավ հուշերն անհամեմատ շատ էին։ Գուցե մռայլ երկինքն ու մանր անձրևն էին պատճառը, գուցե այն, որ Վլադիմիրը կողքին չէր, և առհասարակ՝ կողքին չէր ո՛չ մեկն այս քաղաքի իր ծանոթներից։ Նա գնում էր կայարան, որտեղ միտք ուներ նստել հարավ գնացող առաջին իսկ գնացքը։ Իհարկե, երջանիկ պատահականություն կլիներ, եթե դա հենց Երևան գնացող գնացք լիներ։ «Մի գն,Ժորժ,- թախանձել էր Վլադիմիրը,- կուզե՞ս, ծնկի իջնեմ առջևդ, մի գնա, գոնե հիմա, մի երկու օր էլ մնա, չե՞ս տեսնում, վատ եմ, սատկում եմ»։ Սակայն Գևորգը հաստատուն էր մնացել սեփական վճռին, ինչպես ինքն էր համոզված՝ նախևառաջ հենց նրա՝ Վլադիմիրի համար. «Եթե մնացի, դարձյալ ենք խրվելու, ավելի ես վատանալու… և այս շրջապտույտը վերջ չի ունենալու, Վովա։ «Լավ, գնա»,- կտրուկ խեղճացել -հանձնվել էր Վովան։ Ընդհանուր առմամբ, եթե իրադարձությունների խորքը նայեր, առանձնապես ողբալի բան չէր եղել — ուներ արձակուրդ, որը ծրագրել էր անցկացնել ծովափին, սակայն դեպքերի արտառոց բերումով արձակուրդն անցկացրեց հյուսիսի այս ցուրտ քաղաքում։ Եթե հաշվի առնենք, որ սա անհամեմատ ավելի հեռավոր վայր է, քան այն, ուր Գևորգը ուղևորվում էր սկզբում, կարելի էր համարել, որ նույնիսկ շահել է։ Բայց նա չէր համարում, որ շահել է ոչ էլ համարում էր, որ կորցրել է. այս կարգի երևույթներին թերևս չի կարելի վերաբերվելու շահելու կամ տանուլ տալու տեսակետից, պարզապես եղել է այն, ինչ եղել է։ Ինչու՞։ Որովհետև եղել է այլապես չէր լինի։ Սոփեստությու՞ն է, թե՞ հստակ տրամաբանություն։ Գուցե սոփեստությունն էլ իր հստակ տրամաբանությունն ունի, ինչպես հստակ տրամաբանությունը՝ իր սոփեստությունը… Ամեն դեպքում՝ միտքը զբաղեցնում է, հեռու է պահում օղու և գարեջրի կողմը թեքվելուց։ Այսպես, մտքերի մեջ ընկղմված՝ չնկատեց, թե տրամվայն ինչպես խժռեց երկար ճանապարհը։ Ահա և կայարանը՝ բոլոր կայարաններին բնորոշ հմայող և նույնչափ վանող անցուդարձով։ Ի՞նչն է հմայում, ի՞նչն է վանում… Հմայում է մեկնումը, վանում է մեկնումը, հմայում է դիմավորումը, վանում է դիմավորումը, հմայում է ոչ մի տեղ չգնալը, կայարանով ու նրա շուրջն աննպատակ թափառելը, վանում է նույնը։

«Համբերություն քեզ, մարդ ջան…»

Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։ Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել, ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու: Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել…
Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում… Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու, բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի… Իսկ միմյանց չենք խժռում, չէ… էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։ Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։
Մարդ ծնվեց, սսս՜, ծնվեց… Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ, որսորդնե՛ր, պատրաստ եղե՛ք, նոր մարդ է գալիս…
Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։ Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները… Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին… ուտյուտյու՜, բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ, չէ, ի՛նձ, իսկ ու՞մ ես շատ սիրում: Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով…
Որսն սկսված է… Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես… Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛, ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛, գյավուրների հետ գործ չունես, ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ, ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս, ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը, ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես… Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜, ես սսեքսսն եմ…
Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում… Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում… Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց, թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից…», «Մահ իմացյալ անմահություն է…» և այլն, և այլն։ Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով…Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ, ջոկի՝ պանկ, բոմժ… Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ…
Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում… Ո՞նց թե… Կյանքի բանաձևը փոխվե՞ց…
Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛, ասում են, հանգստացի՛ր, թոշակ-մոշակ… Այ քեզ բան… Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜…Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին… Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո…Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։ Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին… Պրծ, էլ դուրս չես գա…Ի՞նչ, հոգու անմահությու՞ն…
Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես…
Համբերություն քեզ, մարդ ջան:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍԵՐԸ

Օ՜, Տեր, ես կանեմ ամենն, ինչ կարող եմ,
Միայն թե արժանի լինեմ Քեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Խաղաղությո՜ւն:
Չկա ուրիշ ոչ ոք՝
Տերը կա: Դա այնքա՜ն գեղեցիկ է:
Շնորհակալ եմ Տեր, Աստված ամենազոր է:
Մեր վախն ու թուլությունը հաղթահարե՛լ օգնիր մեզ:
Շնորհակալ եմ Տեր:
Դու ամենակարող ես,
Մենք այդ գիտենք, այդպես ենք ստեդծված:
Աչքդ Աստծուց չհեռացնես
Աստված կա:
Նա միշտ եղել է,
Նա միշտ կլինի:
Կարևոր չէ, թե ինչ… Տերն է:
Ողորմած ու բարեգութ է Նա:
Ամենակարևորը, որ ես գիտեմ Քեզ:
Բառեր, հնչյուններ, խոսքեր, մարդիկ,
հիշողություն, մտքեր, վախ, զգացմունքներ,
ժամանակ — բոլորը միասին…
բոլորը մեկից են ստեդծվել,
բոլորին մեկն է ստեղծել
Օրհնվի Նրա անունը:
Մտքի ալիք, ջերմության ալիք,
բոլոր թրթիռները, բոլոր ճանապարհները
Դեպի Տերն են տանում:
Շնորհակալ եմ Տեր:
Նրա ճանապարհը…
այնքան սիրալիր ու ողորմած է:
Շնորհակալ եմ Տեր:
Մի խոսքը կարող է
միլիոն թրթրռներ առաջացնել և դրանք
բոլորն էլ վերադառնում են Տիրոջը, բոլորը…
Շնորհակալ եմ Տեր:
Տիեզերքը շատ հրաշքներ ունի:
Բայց Տերը բացառիկ է:
Նրա ճանապարհը… այնքա՜ն հրաշալի է:
Մտքեր — գործեր — թրթիռներ և այլն
ամեն ինչ ետ է գնում Տիրոջ մոտ,
և նա մաքրում է դրանք:
Նա ողորմած է և բարեգութ:
Շնորհակալ եմ Տեր:
Փառք Տիրոջը…
Աստված ողջ է…
Աստված կա:
Աստված սիրում է:
Գուցե ես արժանի լինեմ քեզ…
Մենք բոլորս հավասար ենք
Նրա ողորմածության հանդեպ:
Միակ բանը, որ մենք անում ենք,
քեզ ճանաչելն է, օ՜ Տեր:
Շնորհակալ եմ Տեր:
Աստված կսրբի մեր բոլոր արցունքները…
Նա միշտ կա…
Նա միշտ կլինի…
Փնտրիր նրան ամեն օր:
Ամեն օր, բոլոր ճամփաներում
փնտրիր Տիրոջը:
Եկեք ձոնենք բոլոր երգերն Աստծուն,
Նրան, ում գովերգելը տեղին է,
Փառաբանենք Տիրոջը:
Չկա հեշտ ճանապարհ, բայց
բոլորն էլ տանում են դեպի Տերը:
Ամեն ինչ կիսել Աստծո հետ:
Ամեն ոք Տիրոջ հետ է:
Ամեն ոք Նրա հետ է:
Հնազանդվել Տիրոջը:
Օրհնյալ է նա և
Աստծո կամոք մենք բոլորս մի նյութից ենք:
Շնորհակալ եմ Տեր:
Ես տեսել եմ տիրոջը —
ես տեսել եմ անաստվածություն,
ոչ ոք ավելի մեծ չէ,
ոչ ոք չի կարող համեմատվել
Տիրոջ հետ:
Շնորհակալ եմ Տեր:
Նա մեզ կվերապրեցնի,
Նա կա և կլինի:
Ահա ճշմարտությունը, և
Օրհնվի Նրա անունը,
Շնորհակալ եմ Տեր:
Աստված ապրում է մեր մեջ
այնքան ամբողջական ու
այնպես նրբորեն,
որ մենք ղժվար թե զգանք,
… դեռ …դա մերն է:
Շնորհակալ եմ Տեր:
Ուրախություն-
Նրբություն-
Փառաբանում-
բոլորը Տերն է տալիս:
Շնորհակալ եմ Տեր:
Ամեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով