ՕՏԱՐԱԳԻՐ գրողներ ԱՆՏԱՐԵՍԻՑ…
- Խավիեր Մարիաս ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս խոր և անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո և սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման և երջանկության աղբյուր են, և որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին:
Վեպը նաև մեղքի և մեղավորության, խղճմտանքի, բայց և փաստերի անողոքության, հանգուցյալների զուր վերադարձի և ողջերի հետ նրանց անհնարին գոյակցության, ճշմարտությունն ու մեր անձը լիովին ճանաչելու անկարողության մասին է: Եթե սիրո պատասխանը սերն է, ապա ո՞րն է դավաճանության, խանդի, ցասման և վրեժխնդրության արձագանքը:
- Ամոս Օզ ՀՈՒԴԱ
Իսրայելցի գրող Ամոս Օզի «Հուդա» վեպը դավաճանության և դրա էության, հրեա- քրիստոնեական կապերի մութ կողմերի մասին է, որոնք կարևոր հետք թողեցին արաբ- հրեական ժամանակակից պատմության վրա: Ամոս Օզի փիլիսոփայական, քաղաքական, կրոնական հայացքներն արտահայտվում են բարդ հոգեբանական թնջուկներով ու լարված հարաբերություններով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ պատմությամբ, որ ծավալվում է հին Երուսաղեմի խորհրդավոր մթնոլորտում: