Հայ ժողովրդի մեծ վրիժառու- Սողոմոն Թեհլերյան

Բեռլին, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում-Հարթեռբերգ փողոց- ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանություն.
-Ո՞վ է սպանվել.
-Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ.
-Ո՞վ է սպանել.
-Երիտասարդ մի հայ ուսանող:
Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:
Սպանվել է մեկը, որ երեք անգամ դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:
… Այդ պահին, երբ Սողոմոն Թեհլերյանը փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ… այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի… որով իսկ աշխարհը փրկեց հայ ժողովրդի ամենամեծ ոճրագործից՝ իր արյան կանչով:
Ազգի պատվիրանն էր կատարել, այդ մեծ անհատականությունն ու հայրենասերը՝ Սողոմոն Թեհլերյանը:
Ազգը պարտավոր է նրա վեհ արձանն ունենալ իր հայրենիքում, այն մարդու, որ չգիտեր, թե չպետք է սպանի, այլ գիտեր, որ պետք է սպանի բոլոր մարդակեր գազաններին: Քանզի երդվել էր և ապացուցեց, որ հայը գիտե սրբազանորեն երդվել ու կատարել երդումը, և ապացուցեց, որ ով երդումը դրժում է, իրավունք չունի հայ կոչվելու:
Ստեփան Ալաջաջյան
Մի անգամ Փարիզում, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպելով հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, մոտենում համբուրում է նրա ճակատը և ասում.
«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է , որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է:
Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով