Դանիել Վարուժան և Արաքսի…

Այսօր կարդալու ենք մի սիրո պատմություն, որը հայ գրականության պատմության ամենագեղեցիկներից է: Իսկ պատմության գլխավոր հերոսն է Դանիել Չպուգքյարյանը կամ գրական կեղծանունով Դանիել Վարուժանը, որի  կյանքը շատ կարճ տևեց՝ 31 տարի… Բայց այս  31 տարիների ընթացքում պոետը հասցրեց 3 զավակ ունենալ, սիրել – սիրվել, և իր սերը թողնել գրականության մեջ…

Վարուժանը ծնվել է 1884 թվականին  Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Փոքր տարիքում ականատես է լինում սուլթան Համիդի կողմից կազմակերպված ջարդերին: Այս դեպքերը խորը հետք են թողնում նրա հոգում ու կյանքում․ Վարուժանի հայրն էլ բանտարկվել էր թուրքերի կողմից: Դժվարությամբ հորը գտնելով ճաղերի ետևում՝ նա պատմում է իրենց ընտանիքի դժվարությունների մասին՝ մայրը հիվանդ էր, տատը մահացել էր, չորացել էին տան պարտեզի վարդենիները…

Արաքսի՝ աշակերտուհուց կին…

Դանիել Վարուժանն ու Արաքսին հանդիպեցին, երբ պոետը նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանալուց: Այնտեղ նա  ունեցել էր սիրո մի տխուր պատմություն, որի հետևանքով պոետը դառնագին տողեր էր նվիրել այդ անծանոթ կնոջը.

«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.

Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:

Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝

Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:

Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է: Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում ֆրանսերենի մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որն էլ  հետագայում դառնում է բանաստեղծի կինը:

 

Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած: Ծնողներն ուսուցչին  հարմար թեկնածու չեն դիտարկում ամուսնության համար: Եվ Արաքսիի կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.

«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Այս նամակը հենց նշանադրության օրը պատահաբար ընկնում է թուրք փեսացուի ձեռքը: Կարդալով այս տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝  նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:

Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։ Հայկակին, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915 թվականի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…

Արքասիի համար մահն ու կյանքը մեկտեղվում են՝  խառնելով իրար վիշտը և ուրախությունը:

Հետագայում Դանիել Վարուժանի զավակները տեղափոխվում են ԱՄՆ: Տղաները հաստատվում են Ֆրեզնոյում ՝ ամուսնանալով հայուհիների հետ, իսկ աղջիկը տեղափոխվում է Նյու Յորք՝ ամուսնանալով հայկական ծագում ունեցող մի տղայի հետ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով