Թուրք գործիչներ, որոնք բարձրաձայնում են Մեծ Եղեռնի մասին

Ժամանակակից թուրքերի շրջանակներում ապրում են գրողներ ու հասարակական գործիչներ, որոնք ոչ միայն չեն հերքում Մեծ Եղեռնի իրողությունը, այլև բարձրաձայնում են դրա մասին՝ հալածանքների ու հետապնդումների գնով։ Եկեք ճանաչենք նրանցից մի քանիսին։

Օրհան Փամուք`

«Մենք մեկ միլիոն հայ և երեսուն հազար քուրդ ենք սպանել»…               

Օհան Փամուքը չերքեզական ծագմամբ թուրք գրող է, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ Վերջինս հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուքն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։ Իր հայացքների պատճառով Փամուքը ենթարկվել է հալածանքների։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։ Փամուքի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։2005 թվականին, երբ Փամուքը հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության և քրդերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց` ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչսիզի ներկայացրած բողոքի հիման վրա: Արդյունքում, 2011 թվականի մարտի 27-ին Փամուքը մեղավոր է ճանաչվել և ստիպված եղել վճարել ընդհանուր առմամբ 6000 լիրա որպես փոխհատուցում հինգ անձանց՝ նրանց արժանապատվությունը վիրավորելու համար:

Էլիֆ Շաֆաք`                                                                                                                                                                                                                   «Եթե լինելու համար ուժ կամ բավարար պատճառ չունես, ուրեմն դիմացիր կյանքին»…

Էլիֆ Շաֆաք անունը մշտապես հայտնվում է տարբեր հրապարակումներում, բայց թուրքական մամուլն էլ ավելի է թիրախավորում այս գրողին, որն ունի թուրքական արմատներ, բայց ծնվել և ստեղծագործում է Ֆրանսիայում: Նա էլ ավելի քննադատվեց թուրքերի կողմից, երբ լույս տեսավ նրա աղմկահարույց վեպը՝ «Ստամբուլի բիճը», որտեղ Շաֆաքն անդրադարձել է հայերին, ցեղասպանության թեմային և նրա եղելությանը, որը թուրքերը շարունակում են համառորեն մերժել:2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։

Ֆեթհիյե Չեթին`                                                                                                                                                                                                               «Ես ուզում եմ բեռը թողնել մի կողմ և ուզում եմ նոր սերնդին ազատեմ այդ բեռից: Փորձում եմ ամեն գնով պայքարել և պայքարելու ձևերից մեկը գտել եմ` որքան հայ եմ տեսնում, փորձում եմ իրենց խիղճը հանգստացնել»…

Ֆեթհիյե Չեթինը Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։ Չեթինը հաջող իրավաբանական կարիերա ունի  Ստամբուլում և ի թիվս այլոց, եղել 301 հոդվածով մեղադրվող Հրանտ Դինքի դատավարության պատշտպանը։

Հայտնի իրավաբանը նաև զբաղվում է գրական գործունեությամբ։ Վերջինիս «Մեծ մայրս» հուշագրական վիպակում վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։ Տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը՝ Ֆեթհիյե Չեթինին, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915թ. քրիստոնյա է եղել, իր իսկական անուն֊ազգանունը Հերանուշ Կատարյան է։ Հերանուշը պատմում է հայերի տեղահանման, աքսորի, կոտորածի առանձին դրվագներ, որոնց ականատեսն է եղել։

Վիպակը առաջին գրական գործերից է, որը լուսաբանում է Մեծ Եղեռնի տարիներին թուրքացված հայազգի նախնիներից սերած ժամանակակից թուրքերի գոյության փաստը, որոնց թիվը տարբեր գնահատումներով հասնում է գրեթե երկու միլիոն անձի արդի Թուրքիայում։ Այն թարգմանվել և հրատարակվել է մի քանի լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Ֆեթհիյե Չեթինը և Այշեգյուլ Ալթնայը գրել են «Թոռներ» գիրքը, որը «Մեծ մայրս» գրքի նման, ներկայացնում է 1915 թվականի ողբերգության ընթացքում իսլամ ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների պատմությունները։ Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարևորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան և ցավոտ է թոռների համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով