Վահան Տերյանի երկրային սերը

17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին։

Վահան Տերյանի նամակն Անթառամ Միսկարյանին

Սիրելի՛ Անտենկա

Մոսկվայում արդեն իսկական աշուն է։ Այսօր անընդհատ անձրև է թափվում։ Այդպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում։ Հոգիդ ճմլում է ինչ–որ տրտմություն, պատ­ճառազուրկ ու խորունկ։ Երեկոն ձգվում է երկար, և գիշերն անձայն է, լուռ, ծանր։ Ունկնդիր ես լինում անձրևի երգին, կաթիլների անլռելի, ձանձրալի զրույցին ու գիշերի անսահման լռությանը, և թվում է, թե դա վաղուց այդպես է, շատ վաղուց, և որ այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել։ Եվ այդ ամենը սիրում ես ինչ–որ հիվանդագին սիրով, դրա մեջ ինչ–որ առանձնահատուկ գեղեցկություն կա, ինչ–որ տարօրինակ հմայք, ասես քո սեփական հոգու լացը լինի, ասես պատմություն է քո իսկ մասին, քո անօգուտ ու տխուր կյանքի մասին, որը չգիտես ով լցրել է մի տեսակ քնքույշ թախիծով և մի տեսակ աղոտ գեղեցկությամբ, որը ցավ է պատճառում, և որից լավ ես զգում։ Նստել եմ հիմա նամակ գրելու և մտորում եմ աշնան հմայքի ու անցյալի մասին, որը տխուր–տխուր երգի է նման։ Եվ թվում է, վերջ չկա այդ միալար երգին, որը գաղտագողի մտնում է հոգիդ և լցնում է հուշերի մշուշով ու թախիծով։ Եվ հուշերն էլ խաղաղ հեքիաթի պես են՝ ինքդ ես հորինել այդ հեքիաթն ու սպառել այն, և այն, ինչը սթափ օտար մարդուն թվում է տափակություն, նույնիսկ անճաշակություն, քեզ համար լի է անբացատրելի գեղեցկությամբ, քնքշությամբ ու փայլով։ Դրանից է, որ բառերն առանձ­նահատուկ նշանակություն ունեն նրանց համար, ով քեզ հարազատ է ու կհասկանա, իսկ ուրիշների համար դատարկ հնչյուն են, և հենց դրանից է, որ երբեմն ամենասովորական բառերը հանկարծ իմաստավորվում են, դառնում են խորունկ՝ լի գաղտնիքով ու հոգով, այն, ինչ սովորական էին, հասարակ, տափակ։ Ամբողջը վերաբերմունքի խնդիր է։ Կարողացի՛ր միայն ուշադրությամբ ունկնդիր լինել և ամեն ինչի մեջ անսպառ գեղեցկություն ու բարություն կգտնես։ Եվ երաժշտության նման կլինի ամբողջ կյանքը։ Ցավ չէ, թե նա տխուր է, այդ երաժշտությունը։ Մի՞թե մեզ ավելի չի դուր գալիս, հոգին ավելի ուժգին չի խոցում տխուր, աշնան պես թախծալի ու տրտմաշունչ երաժշտությունը։ Մի՞թե մենք զվարճություն ենք ուզում և ոչ թե տրտմություն։ Եվ ինչի՞ց է, որ դա այդպես է, ասացե՛ք ինձ։ Ինչի՞ց է, որ դա այդպես է, Անտենկա։ Մի՞թե դուք ինձ կասեք այդ։ Մի՞թե ավելի լավ չէ չհարցնել, այլ հեզ լինել ու սիրել։ Ավելի լավ չէ՞ օրհնել, և ընդունել, և չափսոսալ, և հոգիդ նվիրաբերել այն ամենին, ինչը գեղեցկությամբ է լցնում կյանքը։ Կգա օրը, և կհիշես, և այն, որ մեղք էր թվում, կերևա սրբություն ու գեղեցկություն, և այն, ինչը ահ ու սարսափ էր, կդառնա քաղցր թրթիռ ու սեր ու կյանք, որը հեռանում է, որպեսզի շիրիմ և հուշ մնա։ Երեկ գիշեր նստել և գրում էի այն ամենը, ինչ որ կարդացիք այս նամակի նախորդ էջերում։ Գիտեմ, որ եթե վերընթերցեմ, կպատառոտեմ և չեմ ուղարկի, դրա համար էլ չեմ վերընթերցում, թեկուզ և ամբողջ գրածս անհուսալի հիմարություն և շաղակրատանք լիներ։ Դրա համար մի՛ բարկացեք ինձ վրա և մի՛ չարացեք. գրել եմ ինչ որ մտքովս անցել է։ Մի բան կուզենայի ասել. մի՛ պահանջեք և մի՛ որոնեք ամեն ինչի մեջ խիստ տրամաբանություն, որովհետև դժվար է տրամաբանություն գտնելը և հատկապես մարդկային զգացողությունների մեջ, նույնիսկ ավելին՝ այդ ասպարեզում տրամաբանություն գտնելու ոչ մի հնարավորություն չկա, և մենք, երբեմն կարծելով, թե գտնում ենք այդ տրամաբանությունը, սոսկ խաբում ենք մեզ, ոչ ավելին։

1910 թ 

 

Վահան Տերյանն Անթառամ Միսկարյանի հետ ծանոթացել է 1908 թվականին։ Թեև նրանց հանդիպումները հաճախադեպ չեն եղել, սակայն Անթառամին՝ «սիրելի Անտենկային» ուղղված նամակները վկայում են բանաստեղծի ու երիտասարդ աղջկա հոգևոր ազգակցության ու փոխադարձ ջերմ վերաբերմունքի մասին։ Վահան Տերյանը մտերիմ է եղել նաև Անթառամի քրոջ՝ Մարթայի հետ․ նրա հետ նույնպես նամակագրական կապ պահել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով