Ալեքսանդր Դյումա (հայր) ` հայը պահպանել է նահապետական բարքերը…

Այսօր ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է:

Նրա` արկածներով լեցուն վեպերը հեղինակին դարձրեցին աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։

Նա ծնվել է 1802 թ. Վիլլեր-Կոտրե քաղաքում գեներալ Թոմաս-Ալեքսանդր Դյումայի և Մարիա-Լուիզա Լաբուրեի՝ հյուրանոցի տիրոջ դստեր ընտանիքում։ Դյուման համարվում էր խառնարյուն, քանի որ հայրական գծով տատը սևամորթ ստրկուհի էր եղել Հաիթի կղզուց։ Պատերազմի հերոս հայրը մահանում է, երբ Ալեքսանդրը ընդամենը 4 տարեկան էր։
Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում։ Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ։

Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ։  Նա  դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ։ Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց վոդևիլ «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում։

Իր ստեղծագործական գործունեությունը գրողը սկսել է Բարեփոխումների ժամանակաշրջանում, երբ վերածնվեց Բուրբոնների միապետությունը, որը փորձում էր իր կողմը գրավել բուրժուազիայի ներկայացուցիչներին և վերացնել 1789–1794 թվականներին Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության կատարած բոլոր կարևոր բարեփոխումները։ Լյուդովիկոս XVIII արքան, հնարավորություն չունենալով ամբողջովին վերականգնել նախահեղափոխական կարգերը, ստիպված էր հաստատել սահմանադրությունը։

1988 թ. Թիֆլիսում տպագրվեց ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյումայի (հայր)  1858 թվականին գրած «Փարիզից Աստրախան» ուղեգրությունը` «Կովկաս» վերնագրով։ Այս գրքում բազմաթիվ հիշատակություններ կան հայերի և Հայաստանի մասին։ Դյուման իր գիրքը գրելիս օգտվել է հայ պատմիչների աշխատություններից, թեև այնտեղ կան բազմաթիվ անճշտություններ և ոչ լիարժեք մեկնաբանություններ ու ծանոթագրություններ։ Ցավոք, գիրքը մինչ այժմ չի թարգմանվել հայերեն, թերևս միայն մի քանի հատված, որն էլ  ներկայացնում ենք ձեզ։

Հայը

Հայը մարմնի կառուցվածքով նույնն է, ինչ պարսիկը, բայց հայն արագ գիրանում է, մի բան, որ երբեք չի պատահում պարսիկի հետ։ Հայի դիմագծերը պարսիկների նման զարմանալի համաչափ են. աչքերը շատ գեղեցիկ են, հայացքը, որ բնորոշ է միայն նրան, պարունակում է միաժամանակ խելամտություն, վեհանձնություն, թախիծ կամ հնազանդություն, երբեմն, թե մեկը, թե՛ մյուսը։

Հայը պահպանել է նահապետական բարքերը։ Նրա համար Աբրահամն իր մահկանացուն է կնքել երեկ, իսկ Հակոբը դեռ ողջ է։ Հայրը ընտանիքի անվիճելի ղեկավարն է, նրանից հետո իշխանությունը պատկանում է ավագ որդուն, կրտսեր եղբայրները նրա սպասավորներն են… Բոլորն անվերապահորեն ենթարկվում են հոր անվիճելի և անողոք կամքին։ Նրանք հազվադեպ են նստում սեղան հոր ներկայությամբ. դրա համար անհրաժեշտ է ոչ թե հոր հրավերը, այլ հրամանը։

Եթե այցելում է հարգանքի արժանի հյուր, հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են ոչ թե հորթ,- հիմա Հայաստանում հազվագյուտ է պատահում այդ կենդանին,- այլ գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի…

Այդպիսին է հայկական կենցաղի արտաքին կողմը` ընդգծված տնտեսվարության հետ զարմանալի հակում դեպի կարգուկանոնը և խելահասություն` առևտրական գործերում։

Իսկ մյուս կողմը, որ մնացել է ստվերում և պահանջում է ակներև ուսումնասիրում, հայ ազգին մերձեցնում է հրեաների հետ, որոնց հետ, ըստ ավանդության նա կապված է պատմական հիշողություններով, որ սկիզբ են առնում աշխարհի ստեղծումից։

Ինչպես ենթադրում են Հայաստանում էր գտնվում երկրային դրախտը Հայաստանում իրենց սկիզբն էին առնում երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը։ Հայաստանի բարձրագույն լեռան վրա հանգրվանեց տապանը։ Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերականդանացումը։ Վերջապես Հայաստանում Նոյը տնկեց խաղողի այգի և առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը։

Հրեաների նման հայերն էլ ցրված են, բայց ոչ թե աշխարհով մեկ, այլ միայն ամբողջ Ասիայում։ Այնտեղ նրանք գտնվում են զանազան տիրապետությունների տակ, բայց մշտապես բռնապետական, միշտ այլադավան ու բարբարոսական, միշտ ղեկավարվող քմահաճույքով`  կարգուկանոնի փոխարեն, կամայականությամբ` օրենքի փոխարեն։

Տեսնելով, որ հարստահարիչները միշտ ձգտում են խլել իրենց հարստությունը, հայերը սկսեցին այն թաքցնել։

Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչինչ չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ։

Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ է։

Հայերը, իրենց հնազանդ և հեզաբարո բնավորությամբ հանդերձ, պատահում է, որ գող լինեն, երբեմն էլ խարդախ, բայց գրեթե երբեք մարդասպան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով