Հեքիաթ այն մասին, թե ինչպես է լույսը հաղթում խավարին…

Մի լույս երկիր կա սարերը գրկած,

Հովին ու ջրին է նա ընկեր դարձած։

Լույս-հույս զավակներ ունի նա ծնած,

Որ կռվում են խավարի դեմ աղոթքներ դարձած։

Շատ դարեր առաջ էր, երբ Լույսն անծայրածիր տիեզերքում, վիթխարի թևերը երեք անգամ թափահարելով, հասավ մի անապակ և քարքարոտ աշխարհի։

— Այստեղ կարելի է հանգիստ առնել,- մտածեց սրատեսը, խոշոր թևերը հավաքեց և նստեց լեռան կատարին,- իմ ծննդավայր երկնքին կպած են այս լեռները, թեթևություն և երկնային հանգստություն կա այստեղ։

Այդ լեռների գրկում էլ նա մնաց և իր նոր տունը հյուսեց։  Ստեղծվեց զարմանքներով լի մի աշխարհ, որտեղ քարերն անձրևի հետ շատախոսում էին, սարերն  ամպերի հետ կատակում, իսկ ծառերն աստղերի հետ քչփչում, երազներ հորինում և մարդկանց բաժանում։ Լույսի շուրջը հավաքվեցին բոլոր գույները։ Նռան չարաճճի կարմիրը  զվարթորեն ծառից ծառ էր թռչկոտում,  խաղողի ոսկին արևի հետ թելեր էր հյուսում, իսկ  զարթոնքի  կանաչը, հող ու թուփ գրկելով, ժայռերի կատարն էր մագլցում ու քարայծիկներին բարև բերում։  Այս ներկապնակից էր արևն ամեն օր գույներ վերցնում և իր ելումուտը երանգավորում։ Զարմանահրաշ այս  աշխարհը պահպանելու համար Լույսը լուսասիրտ արծիվներ  ծնեց և  իր ծիծաղից ծնված ակունքների ջրերով էլ սնեց։ Այդ արծիվները մարդկային կերպարանք առած ապրում էին բոլորի պես։ Մեկն ուսանող էր, մյուսը՝ գիտնական։ Մեկ ուրիշը շինարար էր, մեկ այլն էլ՝ երաժիշտ։ Լույսն այս երկիրն այնպես սիրեց, որ սիրտը հողին էլ նվիրեց։ Եվ այդ հողը զնգում էր, սեր ղողանջում։

Մոտակա Գորշուկների թագավորությունում կյանքը նույնպես ակտիվ էր։ Ամեն օր նրանք ծովից  քամում-հանում  էին մի գորշ  հեղուկ, ասում էին կախարդական բառեր և արհեստական լույս ստանում։ Ասել, թե աշխարհը հիացած էր այս ամենով, կնշանակի ոչինչ չասել։ Նրանց բոլորը ծափահարում էին և ողջունում։  Աշխարհի չորս կողմերից գալիս էին տեսնելու արհեստական լույսը, և բոլորն ուզում էին անպայման ունենալ դրանից։

— Որպես հրաշագործ կարող եմ այն և՛ միացնել, և՛ անջատել,- երջանիկ թռչկոտելով ասում էր մի ալեհեր մեծահարուստ։

— Ես կարող եմ ինքնաթիռներ երկինք բարձրացնել, մարդկանց տեղափոխել և շա՜տ գումար աշխատել,- քթի տակ քրթմնջում էր մի գործարար։

Մեկ այլ սրաքիթ գործարար էլ մատները շոշափելով անձայն երազում էր, որ կբացի մի քանի գործարան, և ամեն ինչ պատրաստող բազմաթիվ մետաղյա սարքեր կբերի։ Կվաճառի արտադրանքն ու շատ փող կունենա, հետո էլի, էլի ու էլի։

Եվ բոլորը ժպտում էին Գլխավոր Գորշուկին, իբրև թե սիրում են նրան և ժամերով համբերատար սպասում՝ նրա հետ գործարք կնքելու համար։ Շատ զբաղված էր Գլխավոր Գորշուկը։ Ամեն օր  պայմանագրեր էր կնքում, վաճառում իր լույսը և  հարստանում։ Դրամի հաստ կապոցը  դնում էր գրպանն ու  երջանիկ շրջում հյուսիսից  հարավ, արևելքից արևմուտք։ Նրա համար աշխարհի բոլոր ճանապարհները բաց էին։ Ամեն հաջող գործարքից հետո նա գորշուկների աշխարհի չքնաղ տիրուհուն մի աննման նվեր էր մատուցում։ Կրակե հայացքով գեղանի տիրուհին արդեն ամեն ինչ ուներ, նույնիսկ՝ մեկ բանից տասը հատ։ Նրան ոչինչ այլևս չէր զարմացնում ու հիացնում, և նա սկսել էր մի փոքր ձանձրանալ։ Տիրուհու դեմքին հիացմունք տեսնելու ակնկալիքով՝  մի օր  Գլխավոր Գորշուկը բռնեց նրա նրբագեղ ձեռքը և  հպարտորեն ասաց․

— Գնամ, լեռները ճեղքեմ, Լույսի սիրտը գտնեմ, քեզ ընծա բերեմ։

Գլխավոր Գորշկուհուն նոր բան ունենալու միտքը շատ դուր եկավ։ Դա երևում էր նրա գոհ ժպիտից։ Իրականում փառասեր Գորշուկը տիրուհուն զարմացնելուց բացի հույս ուներ, որ կկարողանա սիրտ ջերմացնող Լույսից մի բան քամել և վաճառել։ Բացի այդ, ասում էին՝ սարերում ապրող լույսը հավերժական է, իսկ իր լույսն, ով գիտի, մի օր սպառվելու է։

Նա արագ գործի անցավ։ Աշխարհի տարբեր կողմերից գնեց զինվորներ, կրակ ժայթքող երկաթե թռչուններ, անտառներ այրող պղնձագույն  անձրևներ։ Մանրակրկիտ պատրաստվելուց հետո աշնանային մի առավոտ դրմփոցով ու դմբդմբոցով անցավ հարձակման։ Պահապան արծիվները թողեցին իրենց սովորական մարդկային կերպարանքները և առանց մեկ վայրկյան ուշանալու անցան հերոսական պաշպանության։ Բոլորը հիացմունքով էին խոսում նրանց թռիչքի անհավատալի բարձրության, թևերի հզորության և սրտի կորովի մասին, հպարտանում՝ լսելով նրանց անշեղ հարվածների և անհնարին թվացող սխրանքների մասին։ Սիրում էին և աչքները երկնքին հառած հավատով սպասում նրանց  հաղթական վերադարձին։ Ճախրանքի սիրահար այդ հուժկու հսկաները գիտեին, թե ինչ է հաղթական թռիչքը խաղաղ երկնքում և հանուն դրա պատրաստ էին սխրանքների։ Նրանք  ծանոթ չէին հուսահատությանն ու նահանջին։ Որքան էլ, որ գորշուկները շատ էին, միևնույն է՝ լուսասիրտներն անհաղթ էին։

Եվ հուսահատված գորշուկները որոշեցին  դիմել նենգության։ Նրանք իրար գլխի շարվեցին և, օգտագործելով իրենց թանկարժեք արհեստական լույսը,  մի տգեղ ու թափթփված ստվեր ստեղծեցին, նրա ականջին ոսկու  կախարդանքի մասին շշնջացին, թանկ-թանկ նվերներ տվեցին, իրենց սիրելի եղբայրն անվանեցին և ուղարկեցին  Լույսի աշխարհ։ Այս փնթի ստվերը տեսնելով, թե ինչպես է արհեստական լույսից մեկ երկարում ու բարակում, մեկ էլ ահարկու վիշապ դառնում, իրեն անհաղթ հերոս կարծեց և սողեսող գնաց։ Լույսի աշխարհում դժգոհ ու փնթփնթան ուրիշ ստվերներ գտավ, համոզեց ու գնեց, կտրեց իրենց ակունքներից  և իր հետ տարավ։  Ստվերների ամբոխը Լույսի սարը սողեսող ելավ։ Արծիվները սա տեսնելուն պես դեպի սարը սլացան։ Իրենց սրտերն անթեղած ու ճախրանքի սովոր հերոսները սկսեցին մարտնչել գետնին կպած սողունների հետ։ Ստվերները նենգաբար խաբում էին արծիվներին։ Մեկ երկարում էին, մեկ փոքրանում ու խեղճանում և փորձում նրանց բարեգթությունից օգտվել։ Իսկ ստվերները շատանում էին և շատանում, քանի որ գորշուկներից նվերներ ստանալու հույսով շատ ու շատ նեղացած  ստվերներ էին միանում Լույսի սրտի սարի գրոհին։

— Սպասեք, ես էլ եմ գալիս,- գոռում էր մի կարևոր հրամանատարի ստվեր։

— Դու ոչ մի տեղ էլ չես գնա, հիմա ես քեզ կոչնչացնեմ,- ասաց հրամանատարը։

— Կգնամ, որովհետև ուզում եմ հարուստ լինել,  թեթև ու անհոգ ապրել, ի վերջո ուզում եմ ծովափին վոլեյբոլ խաղացող ստվեր լինել։ Հոգնել եմ քո նույն հագուստներից, հին մեքենայից։ Մի՞թե դու չես ուզում, դու էլ արի, — մեղրածոր շշնջաց ստվերը։

— Տե՛ս, արհեստական լույսն էլ է կենարար և շատ ավելի հարմար,- վազելով և մյուս ստվերներին միանալով՝ գոռաց պատասխանատու ստվերը։

Երբ նա էլ էր արդեն սարին մոտենում, շրջվեց ու տեսավ, որ ինքը կտրված չէ։ Ոչ միայն ինքը, այլ նաև շատ այլ ստվերներ իրենց հետևից վազեցնում էին իրենց մարմիները։ Դրանք որքան արագ էին վազում, այնքան ավելի ու ավելի էին գորշանում, ստվերների պես մութ դառնում։ Եվ արդեն պարզ չէր, թե որն է ստվեր, որը՝ ոչ։

— Հա՜հ, հա՜հ,- չարամիտ քծիծաղ էին տալիս ստվերները,- հաղթանակը մոտ է, մենք ենք իշխելու մարմիններին։ Լո՜ւյս, վերջդ եկել է։

Նրանք սողեսող աստիճանաբար հասան սարի կատարին և սկսեցին ագահաբար հողը փորել, որ հնարավորինս շուտ Լույսի մշտաբաբախ սիրտը գտնեն։ Լույսի՝ աշխարհի բոլոր կողմերից հավաքված նվիրյալ զավակ արծիվները, հասկանալով, որ այլ ելք չկա, ուս ուսի տվեցին և շրջապատեցին սարը։ Նրանք իրենց հզոր թևերը փռեցին գետնին ու իրենց լույս սրտերը հողին տվեցին։ Ճառագող սրտերը շղթայաբար միացան իրար և կուրացնող  լույս արձակեցին։ Հողը փորող բոլոր ստվերները տեղում չքվեցին, իսկ գորշուկները վայրկյանապես փոշիացան։

Այս լուրը լսելով՝ կատաղեց Գլխավոր Գորշուկը, և նրա հրամանով երկաթե անձրև թափվեց սարն իրենց սրտով ու թևերով պաշտպանող արծիվների վրա։ Քաջարի լուսասիրտները տեղում քարացան։ Խամրեցին Լույսի աշխարհի գույները։ Նռան կարմիրը տխուր հոսեց քաղաքի բաց երակներով, խաղողի թափանցիկ ոսկին ծոր տվեց արծիվների վերադարձին հավատով սպասողների աչքերից, իսկ զարթոնքի կանաչը լուռ քնեց ձյան տակ։

․․Եվ  գիրկն առավ Լույսն իր որդիներին,

Գրկեց, փայփայեց ու ապաքինեց։

Նոր մարմին տվեց նրանց սրտերին,

Եվ կրկին մարդկանց մեջ ճանապարհեց։

Հեղինակ՝ Աստղ Մադաթյան

Նյութը ՝  https://impoqrik.am/jamanc/heqiat/ կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով