Հայոց նահապետը ` ՂևՈՆԴ ԱԼԻՇԱՆ.

«Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:
   Ղևոնդ Ալիշան

( Քերովբե Ալիշանյան Պետրոս–Մարգարի, հուլիսի 6, 1820 -1901, նոյեմբերի 9 ) ― հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838թ–ից։

Ղևոնդ Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլիսի 6–ին, Կ.Պոլսում, դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց  հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում ։ Հետագայում աշխատել է Ռափայելյան Վարժարանում որպես ուսուցիչ (1841-50, ապա՝ 1866-72), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»ի  խմբագիր  (1849-51), 1859-61թթ. աշխատել է  ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1872թ–ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ 1886թ. եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի  դափնեկիր, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։ Մահացել է նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Ս.Ղազար կղզում։

Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Իսկ աշխարհաբարով գրված գործերում  նա պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագները։ 1847-60թթ–ին «Բազմավեպ»–ում  Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։

Ալիշանը իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» պատմա–գեղարվեստական ստեղծագործությունը։  Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ։  «Հայոց երգնք ռամկականք»(1852) ժողովածուն մեր գիտական բանագիտության առաջին աշխատություններից է։ Իր լավագույն ստեղծագործություններով Ալիշանը հաղթահարել է կլասիցիզմը  և ուղի հարթել ռոմանտիզմի  համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։

Գիտական հոդվածներով Ալիշանը հանդես է եկել 1843թ–ից՝ «Բազմավեպի»–ի էջերում։ «Տեղագրի Հայոց Մեծաց»(1855) աշխատության մեջ տեղագրել է պատմական Հայաստանի գավառները, տվել նրանց համապատասխան գիտա–աշխարհագրական բնութագրությունը։ Ալիշանը նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր 15 նահանգների մասին պատմա–աշխարհագրական բնույթի աշխատություններ, որոնք պետք է զետեղվեին 20-22 մեծադիր հատորներում։ Շարքի առաջին գործն է «Շիրակ»ը (1881), որտեղ Ալիշանը, բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական»(1893) աշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։

Հատկանշական է 1895թ-ին հրատարակված  «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն»  աշխատությունը, ուր հավաքել, դաս–դասել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ։

Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Ղևոնդ Ալիշանը  մահացել է 1901թ-ին նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Ս. Ղազար կղզում։

«Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ: Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ»:
   Դանիել Վարուժան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով