«Ես նկարում եմ ծաղիկներ, նրանք չեն մեռնի» Ֆրիդա Կալո

«Նրա նկարները նրա կենսագրությունն են»,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Եվ իսկապես, մեքսիկացի նկարչուհու աշխատանքները լի են այն ցավով ու միայնությամբ, որոնք եղել են Կալոյի մշտական ուղեկիցները: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր անկրկնելի ինքնանկարներով, որոնք դասվում են լատինաամերիկյան կերպարվեստի գլուխգործոցների շարքին: Ֆրիդայի էքսցենտիկ և հեղափոխական կերպարը վաղուց դարձել է կանացի անբացատրելի հմայքի և վերերկրային ուժի խորհրդանիշ:
Ֆրիդա Կալոն ծնվել է 1907թ. հուլիսի 6-ին, Մեխիկոյին հարակից Կոյոականե շրջանում: Աղջիկը չափազանց չարաճճի էր ու շարժուն: Թեպետ մեկ տարեկանում պոլիոմելիտ հիվանդության պատճառով  նրա աջ ոտքը համարյա անշարժացել էր, միևնույն է, Ֆրիդան շարունակում էր պահպանել իր հախուռն խառնվածքը:                                                                                                                                                                              Ստորև ներկայացնում ենք մի քանի  հետաքրքիր փաստ Ֆրիդա Կալոյի մասին:

1.Ֆրիդան ցանկանում էր, որ իր ծննդյան օրը համընկնի Մեքսիկական հեղափոխության սկզբի հետ: Ֆրիդան ծնվել է 1907թ. հուլիսի 6-ին Մեխիկոյում: Մեքսիկական հեղափոխությունը բռնկվեց նրա ծննդից երեք տարի անց: Նկարչուհին հետագայում իր ծննդյան օրը տեղափոխեց հուլիսի 7-ը, որպեսզի այն համընկնի հեղափոխության և նոր Մեքսիկայի ծննդյան հետ:

2.Ֆրիդան սկսել է նկարել ճակատագրական պատահարից հետո: 1925թ. սեպտեմբերի 17-ին Ֆրիդան և նրա ընկերը տուն էին ուղևորվում ավտոբուսով, որը հանկարծակի բախվեց տրոյլեբուսի: Վթարի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով Ֆրիդան ստիպված եղավ 35 վիրահատության ենթարկվել և ողջ կյանքում ապրել սուր ցավի կրկնվող նոպաներով: Պատահարի պատճառով էր նաև, որ նկարչուհին այլևս չկարողացավ երեխաներ ունենալ: Ֆրիդայի առաջին ինքնանկարները ստեղծվեցին վթարին հաջորդած երեք ամիսների ընթացքում, երբ նա անշարժ պառկած էր անկողնում և նկարում էր հայելու մեջ իրեն նայելով: Սա դրդեց Ֆրիդային հրաժարվել բժշկության ոլորտում իր սկսած կարիերայից և զբաղվել նկարչությամբ:

3.Կալոն հայտնի է որպես ինքնանկարի վարպետ Իր կյանքի ընթացքում Ֆրիդան ստեղծել է 143 նկար, որոնցից 55-ը ինքնանկար է: Ֆրիդան մի անգամ ասել է. «Ես նկարում եմ ինքս ինձ, որովհետև շատ հաճախ ես միայնակ եմ և որովհետև ինքս ինձ ավելի լավ եմ ճանաչում, քան որևէ այլ բան»: Նրա ինքնանկարներում հաճախ արտացոլվում է ֆիզիկական և հոգեկան ցավը: Ասվածի վառ օրինակն է«Ինքնանկար փշե վզնոցով» կտավը, որը Ֆրիդայի ամենահայտնի գործերից է:

4.Ֆրիդայի «Արմատները» կտավը վաճառվել է ռեկորդային գնով: Ֆրիդա Կալոն արվեստի նեոմեքսիկանիզմ ուղղության կենտրոնական ներկայացուցիչներից է: Նրա արվեստը որակվում է որպես ժողովրդական արվեստ դրանում արտացոլված ավանդական տարրերի շնորհիվ: Որոշ մարդիկ Ֆրիդային համարում են սյուրռեալիստ նկարչուհի, սակայն ինքը Կալոն համաձայն չի եղել այս տեսակետի հետ: «Նրանք կարծում են, որ ես սյուրռեալիստ նկարիչ եմ, սակայն դա այդպես չէ: Ես երբեք երազներ չեմ նկարել: Ես իմ սեփական իրականությունն եմ նկարել»: 2006թ. Ֆրիդայի «Արմատներ» ինքնանկարը վաճառվեց 5.6 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային թիվ է լատինաամերիկյան արվեստի գործի համար:

5.Ֆրիդայի մասին երկու ֆիլմ է նկարահանվել: Բազմաթիվ հոդվածներ, գրքեր և փաստավավերագրական նյութեր են լույս տեսել Կալոյի կյանքի և արվեստի մասին: 1983 թ. էկրաններին բարձրացավ «Ֆրիդա. կեցցե բնությունը» ֆիլմը, որը մեծ հաջողության հասավ, իսկ 2002-ին առաջին անգամ ցուցադրվեց «Ֆրիդա» ֆիլմը, որտեղ նկարչուհուն մարմնավորում է Սալմա Հայեկը: «Ֆրիդա» կինոնկարն արժանացել է երկու Օսկարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով