Հայերի ձուլման ահազանգը հնչեցնողը` ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ.

Շահան Շահնուրը կամ Արմեն Լյուբենը հայ գրող է, ով համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից: Նրա և առհասարակ հայ գրականության մեջ առանձնահատուկ դեր ունի «Նահանջն առանց երգին» վեպը: Այս վեպը կարծես զգաստության կոչ էր անում հայ երիտասարդներին, ովքեր գնում են օտար երկիր ու մոռանում, թե ով են իրենք, ինչ ազգի են պատկանում: Այստեղից էլ գալիս է վեպի վերնագիրը՝ «Նահանջն առանց երգին». նահանջում է ամեն բան, իսկ ձուլման գագաթնակետն այն պահն է, երբ հայ տղան մոռանում է աղոթքի խոսքերը: Սա այն եզակի վեպերից է, որը միշտ արդիական է: Հիմա էլ շատ հայեր արտագաղթում են և հեռանում ազգային արժեքներից: Այս վեպը կարծես դասագիրք լինի Սփյուռքի ու սփյուռքահայերի խնդիրների մասին:    ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ/ համառոտ

Ֆրանսիա: Պիերը (նրա իսկական անունը Պերտոս է) գնում է լուսանկարչատուն: Աշխատում է այդ լուսանկարչատանը, որտեղից ուզում է հեռանալ, քանի որ սիրահարված է տիկին Ժաննին, որը ամուսնացած է: Սկզբում պատճառաբանում է, թե իբր հեռանում է, քանի որ ձանձրացել է մենավորի կյանքից, ճաշարաններից, պանդոկներից: Ուզում է վերադառնալ ծնողների մոտ: Սակայն տիկին Ժաննը հիշեցնում է նրա խոսքերը, որ սա այլևս չի կարող գնալ Պոլիս, հայերը չեն կարող Թուրքիա մտնել և որ ինքը փախել է զինվորությունից: Խնդրում է անկեղծ լինել իր հետ և ասել իսկական պատճառը: Պիերը հայտնում է իր զգացմունքների մասին, որին  ի պատասխան, կինը բարձր ծիծաղում է: Տղան վրդովվում է: Լսվում է հեռախոսի ձայնը, և մինչև տիկին Ժաննը խոսում է, Պիերը հեռանում է:

Պատմվում է ավելի վաղ ժամանակի մասին, երբ Պիերը դեռ Պոլսում էր: Մանկությունն անցկացրել է Պոլսի արվարձանում: Սովորել է դպրոցում, ապա ֆրանսիական վարժարանում: Սովորել է լուսանկարչատանը, որտեղ էլ ստանում է թուրքի հաղթական մույկի հարվածը, որը նրան նետում է Փարիզ:

Փարիզում զարմանում է ֆրանսուհիների արտասովոր համարձակության, լպիրշության վրա: Ամբողջ օրը մերկ բնորդուհիների հետ է: Ծանոթանում է ոմն Լեսքյուրի հետ, որը շրջիկ լուսանկարիչ է, բայց հին դպրոցի և անկարող է գոհացնել նրբաճաշակներին: Ուզում է, որ իր տեղը աշխատի Պիերը, ղեկավարի իր աշխատանոցը, որը մեծ պողոտայի վրա է: Պիերի ամեն պահանջ կբավարարվի: Խանութի երկրորդ տերն էլ մի կին է՝ ժաննը, որը, ինչպես հետո իմացավ, ամուսնացած չէր, սակայն 18 տարեկանում ճանաչել է Լեսքյուրին և  այժմ էլ նրա հետ է: Պիերը ընդունում է առաջարկը: Արհեստանոցը գնել է Ժաննը իր հավաքած գումարով, իսկ Լեսքյուրը իրականում ոչ մի իրավունք չունի: Նա հրատարակում է թերթ՝ կանանց մերկ պատկերներով:

Արհեստանոցի մթնոլորտը փոխվում է, նոր հաճախորդներ են հայտնվում: Տիկին Ժաննը սկսում է ամեն օր խանութ գալ առաջվա՝ շաբաթը 2 օրվա փոխարեն: Կարգադրում է ծառա Կոստանին ամեն օր սափրվել և կոկիկ տեսք ունենալ: Պիերը և Ժաննը առաջին իսկ օրից մտերմանում են: Գործի բերումով ցերեկները շատ անգամ միասին ճաշում են, երեկոները գնում թատրոն, զվարճանում: Պիերը զուր է ջանում մեղմել զգացմունքը: Լեսքյուրը հաճախ է գալիս խանութ: Առանց քաշվելու համբուրում է Ժաննին և ձեռքերով կատակներ անում նրա հետ: Պատմությունը հասնում է այն կետին, որից սկսել էր. հերոսը հեռանում է աշխատանոցից՝ վերջնական որոշելով  չվերադառնալ: Գումար վաստակել է, մի քանի ամիս կհանգստանա, հետո մի լավ գործ կգտնի: Միաժամանակ մտածում է, որ չի կարող առանց իր Նենեթի (այդպես է անվանում Ժաննին):

Ներս է մտնում Ժաննը: Սենյակում ոչ ոք չկա: Սպասում է Պիերին: Հանկարծ տեսնում է՝ դարակներից մեկը կիսաբաց է: Այնտեղ տետր կա, հանում է, կարդում: Հայերեն չի հասկանում, բայց ուզում է հասկանալ Պիերին: Ֆրասերեն բառերը շատանում են: Կարդում է բազմաթիվ կանանց մասին, որոնց հետ Պիերը կապ է ունեցել: Նենեթի մասին ևս գրած է: Գալիս է Պիերը: Վիճում են, ապա համբուրվում: Հետո հայտնվում են նախ Պիերի ընկերները՝ Հրաչը, Սուրենը: Դուռը չեն բացում: Ապա գալիս է Լիզը, որը դեռ առավոտյան նամակ էր գրել, թե շաբաթ երեկո գալու է: Պիերը մոռացել էր տուն չգալ: Դուռը չեն բացում: Պիերը և Ժաննը միանում են:

Տասնհինգ օր հետո նրանք բաժանվում են:  Նենեթը Լեսքյուրի հետ գնում է ծովափ՝ ամառվա 2 ամիսը անցկացնելու: Վերադառնալով՝ չի զգուշացնում, որ եկել է: Պիերը հասկանում է, որ նա այլևս չի ուզում իր հետ վերսկսել նախկին կյանքը: Ժաննին հազվադեպ կարելի է գտնել տանը: Գիշերում է Լեսքյուրի հարկաբաժնում, ունի առանձին սենյակ: Պետրոսը հասկանում է, որ ինքն իրեն խաբեց ու մոռացավ ֆրանսուհիների վերաբերյալ կազմած իր կարծիքը: Բայց նա կարոտում է Ժաննին, փորձում վերադարձնել, սակայն Ժաննը խուսափում է նարնից, նամակներին չի պատասխանում, առաջարկում է մնալ բարեկամներ, ինքը Լեսքյուրի հետ բազմաթիվ կապերով է կապված, չի կարող թողնել նրան: Վերջին տեսակցությունը խիստ դաժան է, ամեն բան վերջանում է:  Պիերը մի անգամ ևս ցանկանում է տեսնել նրան: Ամբողջ նողկանքը շպրտել երեսին: Գնում է «Վոլտեր» ռեստորան, Բալզակի փողոցում: Մոտենում է Նենեթին, ասում, որ եթե սա անառակ չլիներ, ֆրանսիացի չպիտի լիներ:  Լեսքյուրը ապտակում է Պիերին: Պիերը կատաղությամբ շրջում է փողոցից փողոց: Գնում է Լեսքյուրի տուն: Դուռը բացում է սպասուհին՝ Թերեզը: Լեսքյուրը տանը չէ, շուտով պիտի գա: Սպասելու ընթացքում Պիերը  գրասենյակի պատին տեսնում է Ժաննի նկարը, որը շատ հաջող է: Մտածում է հետը տանել: Շրջանակը իր կեռից հանելիս, պատը շարժվում է:  Բացվողը գաղտնի դռնակ է: Ներս է մտնում: Մեծ ու խորունկ որմնախորշ է: Բազմաթիվ դարակները բեռնավորված են ֆոտոապակիների ընկերության կապույտ տուփերով: Նա բացում է տուփերից մեկը, նայում ապակին, ու տեսնում մերկ կնոջ պատկեր: Նայում է տարբեր ապակիներ: Դրանք մարմնական հարաբերությունների ձևեր պատկերող տեսիլներ են: Հետո գտնում է մի փոշեպատ տուփ: Հանում է, հին ապակիներ են, դեղնած: Երևում է առանձին մի աղջիկ: Գալիս է Թերեզը: Ապակին դնում է գրպանը: Զանգում է Ժաննին և ասում, որ ապակիները ոստիկանություն կտանի, եթե սա կես ժամից չգնա իր մոտ: Գալիս է Լեսքյուրը: Պիերը սպառնում է, որ կմատնի այդ պոռնկագրին: Վիճում են, դուրս է գնում: Ժաննը շուտով գալիս է: Սկսում է համոզել Պիեռին, որ ապակիները վերադարձնի: Եթե մատնի, Ժաննին ևս պիտի ձերբակալեն: Բայց Նենեթը ասում է, որ իր հետ մեկին էլ կհարվածի: Ինքը տղա ունի՝ Բիբին, որն արդեն ութ տարեկան է: Ցույց է տալիս Բիբիի նկարը: Ժաննը համբուրում է Պիերին, բայց երբ ուզում է գրկել, տղան թքում է դեմքին ու վար նետում: Ժաննը սկսում է ցնցվել: Պիերը վախենում է, հետո հանգստացնում նրան, կնոջ գլուխը սեղմում իր կրծքին, որ սա չհեկեկա: Խոսում են: Ժաննը պատմում է, որ հայր չի տեսել, մայրը լքել է, անունն էլ չգիտի: Ինքը մեքենագիր էր: Հանդիպում է Լեսքյուրին, որը իրեն մոլեգնորեն սիրում է: Շրջուն լուսանկարիչ է: Մի օր էլ մերկ կնոջ պատկեր էին ուզել, պատրաստում է: Շատ օգուտ է ունենում: Այդպես է սկսվում: Ինքն ու Թերեզը օգնում են Լեսքյուրին: Ժաննը ուզել է բաժանվել, պահանջել է իր բաժինը, բայց Լեսքյուրը սպառնացել է, որ կմատնի: Հեռանում է: Աշխատում է եկեղեցում, որը հիվանդանոց են դարձրել, որպես հիվանդապահուհի: Փրկել է մի մահամերձի, որն իրեն հավատարիմ է  մնում: Դա Կոստանն է, որի հետ գնում են Լեսքյուրի մոտ: Կոստանը քաշում է ատրճանակը, վերցնում են Ժաննի դրամներն ու բացում են խանութ: Հետագայում հաշտվում են Լեսքյուրի հետ, որը դեռ շատ էր պետք իրեն: Պիեռը լսելով սա ոչինչ չի ասում ու հեռանում է:

Պիերն ու Կոստանը գնում են Սեն Ժորժ՝ Բիբիին տեսնելու: Այդ մասին Ժաննը չգիտի: Ժաննը Բիբիին ընդամենը տարին երկու անգամ է այցելում: Երեխան ապրում է Թաթայի հետ: Բիբին գյուղի ամենագեղեցիկն է ու ամենից անառակը: Ներկել է էշի ոտքերը, կոտրել  հավի ոտքը, իսկական պատուհաս է: Բոլորը բողոքում են նրանից: Պիերի հարցին, թե Բիբին սիրում է իրեն, տղան պատասխանում է, թե սիրում է: Սիրում է նաև Կոստանին, Բերտային, Թաթային, շատ է սիրում Գի հորեղբորը, որը իրենց դրացին է: Մոր մասին ոչինչ չի ասում, միայն այն, որ նա բարեհամբույր չէ:  Բիբին մի փոքրիկ պատկեր է վերցնում ու տալիս Պիերին: Նենեթն է՝ ավելի նուրբ, երիտասարդ: Պիերը լուսանկարն աննկատ դնում է գրպանը, ինչպես Բիբին Պիերի տված գեղեցիկ մատիտը, որը Պիերը տվել էր նրան մորը երկտող գրելու համար: Բիբին գրում է. «Պստիկ սիրական մայրիկս»:

Հինգ հայ երիտասարդներից կազմված խումբը հավաքվել է վերջին անգամ: Միսաքը և Պետրոսը պիտի մեկնեն: Ուտում են, խմում, երգում, ինչպես միշտ: Խոսում են հայի ու հայրենասիրության մասին: Հետո Հրաչը ցույց է տալիս մի խավաքարտ, որը  ավարտուն չէ: Մերկ կնոջ նկար է, որը վերցրել է Պիերի սենյակից: Պիերը այն խլում ու դուրս է նտվում: Հանում է Բիբիից վերցրած նկարը, նայում. կասկած չկա, դա Նենեթն է:

Կոտրում  է մերկ կնոջ նկարը: Ինչպես չի ճանաչել: Լեսքյուրը պահել է դեղնած ապակիները երևի Ժաննին սպառնալու համար:

Փորձում  է Նենեթին մոռանալ Լիզի միջոցով, բայց չի հաջողվում: Պիերը հեռանում է: Գնում է Բիյանքուր: Որպես խառատ անցնում է աշխատանքի: Ծանոթանում է մի քանի հայերի հետ, որոնցից շատ հավանում է Լոխումին: Սա քահանայի տղա է, և ուզում է վերադառնալ Պոլիս: Տառապում է: Լոխումը գնում է ռուսական դեսպանատուն, ապա թուրքական հյուպատոսարան: Նրան մերժում են ու դուրս հանում: Հետո խեղճին գտնում են պանդոկում, մահճակալին կապած: Նրան հիմարանոց են տանում:

Պիերի մոտ է գալիս Նենեթը: Նա կոտրված, ջախջախված է: Վերարկուի ձախ թևն ամբողջությամբ դատարկ է, այտից մինչև վիզը լայն պատռվածք կա: Լեսքյուրը մահացել է: Վիշիից վերադառնալիս հարվածել են ճամփեզրի մի ծառի: Առաջարկում է տղային միանալ: Ինքը բավականաչափ գումար ունի, Բիբիի հետ կարող են երջանիկ ապրել: Միանում են: Սակայն չեն կարողանում երջանիկ լինել: Նենեթը այլևս այն Նենեթը չէ: Նա նյարդային է: Բիբին նրան չի սիրում, անվերջ անկարգություններ է անում, ուզում է գնալ Թաթայի մոտ: Ժաննը հղիանում է, թվում է, թե երջանիկ կլինեն: Այդ ընթացքում նրանց հարաբերությունները ավելի են ջերմանում, սակայն նա կորցնում է երեխային: Պիերը մի քանի օրով գնում է Փարիզ Հրաչի հարսանիքին: Նամակ է ստանում Կոստանից, որ Ժաննը լավ չէ: Խնդրում է տիրոջը շուտ վերադառնալ, ուղարկում է նամակի պատառիկները: Պիերը վերադառնում է: Ճանապարհին կարդում է Ժաննի նամակը, որ սա դժբախտացրել է Պիերին, հեռանում է, որ տղան կարողանա երջանիկ լինել…. Ներողություն է խնդրում Պիերից գործած սխալի համար: Սակայն հասնելով տեղ, Պիերը տեսնում է, որ Ժաննը մահամերձ է: Բիբիին տարել են: Ժաննի վերջին խոսքերն են՝ Պիերո´, ազատիր ինձ…այս անգամ հավատա…իսկապես հղի…ես իսկապես հղի…  Պիերը «Հայր մերն» է ասում, բայց կեսից մոռանում է հայերենը: Կոստանը օգնում է ֆրանսերենով: Ժաննը մահանում է: Մոտակա բակից լսվում է ջութակի հին, շատ հին մեղեդի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով