Լռության ձայնով խոսողը. ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

…եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող տերը, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկանաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.

-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի

Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին» թէ «պարսկաստանից»։

Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին (նոր տոմարով՝ 14) Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։

1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ։ 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը։ Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թ. oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թ., երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թ., Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիր որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ։ Նրանք ամուսնացել են 1952 թ., ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։

1953 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) արդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև մահը։

Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյ­րութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966)։ 1959 թվականինին լույս են տեսնում Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն…», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Նրա կյանքի վերջին տարիները խաղաղ չեն անցել։ «Այրվող այգեստաններ» վեպի լույս տեսնելուց հետո (1966) Մահարին հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում էին Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ։ Նրան սուր քննադատության են ենթարկում նաև գրողները։ Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը։ Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հուլիսի 17-ին, 66 տարեկան հասակում։

Գրքեր

  • Տիտանիկ, Լենինական, 1924, 62 էջ։
  • 3 ագիտ օպերետ, Երևան, 1924, 24 էջ։
  • Շիրակի ջրանցքը, Լենինական, 1925, 93 էջ։
  • Երկու պոեմ, Երևան, 1926։
  • Բարդիներ, Երևան, 1927, 19 էջ։
  • Երկու մայր, Երևան, 1927, 31 էջ։
  • Կեսգիշերից մինչև առավոտ, Երևան, 1927, 19 էջ։
  • Վարսակներ, Թիֆլիս, 1928։
  • Սիրո, խանդի և Նիցցայի պարտիզանների մասին (պատմվածքների ժողովածու), Երևան, 1929, 250 էջ։
  • Մանկություն և պատանեկություն, Երևան, 1930, 248 էջ։
  • Զիգզագներում։ Եղիա Չուբարին, Մոսկվա, 1931, 63 էջ։
  • Զրույց Նոյեմբերի մասին, Երևան, 1932, 4 էջ։
  • Մրգահաս, Երևան, 1933, 306 էջ։
  • Երկեր, Երևան, 1954, 512 էջ։
  • Երիտասարդության սեմին, Երևան, 1956, 667 էջ։
  • Երիտասարդության սեմին, Երևան, 1958, 731 էջ։
  • Հնձաններ, Երևան, 1959, 636 էջ։
  • Լռության ձայնը, Երևան, 1962, 576 էջ։
  • Լռության ձայնը, Բեյրութ, 1963, 406 էջ։
  • Սև մարդը, Երևան, 1964, 35 էջ։
  • Այրվող այգեստաններ, Երևան, 1966, 624 էջ։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ։ Բալլադներ, Երևան, 1966, 432 էջ։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 2. Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդության սեմին, Երևան, 1967, 412 էջ։
  • Այրուող այգեստաններ, Պէյրութ, 1967, 613 էջ։
  • Չարենց-նամե, Երևան, 1968, 104 էջ։
  • Այս հմուտ, հանճարեղ լոռեցին, Երևան, 1971, 67 էջ։
  • Հովհաննես Շիրազի մասին (հեղինակակից), Երևան, 1974, 104 էջ։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 3. Պատմվածքներ, Երևան, 1975, 448 էջ։
  • Իմ միակ խաղալիքը (պատմվածքներ և մանրապատումներ), Երևան, 1977, 52 էջ։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4. Այրվող այգեստաններ (վեպ),Երևան, 1979, 698 էջ։
  • Ծաղկած փշալարեր (վիպակ), Բեյրութ, 1986։
  • Ծաղկած փշալարեր (վիպակ), Երևան, 1988։
  • Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 5. Երիտասարդություն։ Ծաղկած փշալարեր։ Թատերգություն։ Հուշագրություն, Երևան, 1989։
  • Մանկութիւն և պատանեկութիւն, Երևան, 1996, 136 էջ։
  • Երգիծանք և հումոր, Երևան, 2004։
  • Անանձնական, Երևան, 2004, 78 էջ։
  • Այրուող այգեստաններ, Երևան, 2004, 784 էջ։
  • Արտամետյան գիշերներ (անտիպ և մոռացված էջեր), Երևան, 2006, 208 էջ։
  • Սիբիրական (Ինքնակենսագրական։ Պատմվածքներ։ Ծաղկած փշալարեր։ Չափածո։ Նամակներ։ Ծանոթագրություններ), Երևան, 2009, 848 էջ։
  • Չարենց-նամե (հուշեր, հոդվածներ), Երևան, 2012, 268 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ, Երևան, 2013, 768 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 2.Անտիպ բանաստեղծություններ։ Էլեգիաներ։ Բալլադներ, Երևան, 2014, 680 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 3. Անտիպ պոեմներ, Երևան, 2014, 680 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 4. Մանկություն։ Պատանեկություն։ Երիտասարդության սեմին։ Երիտասարդություն, Երևան, 2015, 576 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 5. Այրվող այգեստաններ (1-ին տարբերակ), Երևան, 2015, 736 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 6. Այրվող այգեստաններ (2-րդ, լրամշակված տարբերակ), Երևան, 2015, 800 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 7. Պատմվածքներ։ Երգիծական պատմվածքներ։ Մանկական պատմվածքներ, Երևան, 2016։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 8. Նախօրյակին։ Սիբիրյան պատմվածքներ։ Ծաղկած փշալարեր, Երևան, 2016։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 9. Քանդակներ, Հուշեր, Ուղեգրություներ, Երևան, 2016, 608 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 10. Երգիծական ստեղծագործություններ։ Թատերգություն, Երևան, 2017, 792 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 11. Գրական — մշակութային և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, 2017, 824 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 12. Գրական — մշակութային և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, 2017, 744 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով, հատոր 13. Գրական — մշակութային և հրապարակախոսական հոդվածներ։ Ակնարկներ, Երևան, 2018, 864 էջ։

 

Մեջբերումներ «Ծաղկած փշալարեր» վիպակից

  • Մարդն ամենաթանկ կապիտալն է։
  • Իրեք բան կա աշխարհում, մնացածը՝ հեչ. ուտուշ, խմուշ, սիրուշ։ Դե՜, մափուսի մեջ՝ փշալարերի ներսում սիրուշ չկա, կմնա ուտուշն ու խմուշ։
  • Նա աղոթում էր… Նա, ով իրեն աթեիստ էր համարում։ Երևույթը միանգամայն բնական է և բանական էր, որովհետև կան մարդիկ, որոնք Աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ։
  • Կեսգիշեր է, բայց աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ…
  • Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։
  • Ու երգում են փշալարերը, իսկ նրանց երգը փշոտ է ու արյունոտ…
  • Մարդիկ այն չեն, ինչ երևում են։ Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի։
  • Վիշտն իրավաբանին կարող է անգամ բանաստեղծ դարձնել, իսկ նկարչին՝ ներկարար։

 

Գրականություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով