ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ․145

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին, Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ.-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։

Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ.-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։

Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ.-ին մեկնել է Մոսկվա։ Այնուհետև 1905-1910թթ.-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ.-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

1893թ.-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ.-ին, երկրորդը՝ 1913թ.-ին։

Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907թթ. հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920թ.) ժողովածուն, որն ամփոփում է 1902-1919-ին գրած քառյակները։

Մինչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։ Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։

Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ.-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը, որը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Գրողի ստեղծագործության աչքի ընկնող նմուշներից են նաև «Ֆոսֆորային շող» (1932թ.), «Նապոլեոն Կորկոտյան» (1934թ.), «Կապուտան» (1938թ.) պոեմները և «Երկիր Հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949թ.), «Հուշ-աղբյուր» (1950թ.) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949թ.) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։

Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ-լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։ Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։ Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Մահացել է 1956թ.-ի դեկտեմբերի 6-ին, Երևանում:

Դերենիկ Դեմիրճյանն անմահացավ իր ստեղծագործական հարուստ ժառանգությամբ, հատկապես «Վարդանանք»-ով։

Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

այ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը ախալքալաքցի հասարակ երեխա էր, որի կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն նրան կարևոր ուղի էր սպասվում. Դերենիկ Դեմիրճյանը դարձավ իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը՝ իր հետքը թողնելով ոչ միայն գեղարվեստական գրականության մեջ…

Մենք առանձնացրել ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Ինչպե՞ս դարձավ Դեմիրճյան

Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է Ախալքալաքում՝ Կարապետ Դեմրիճողլիյանի ընտանիքում, Դեմիրճողլիյանների համար դարբնությունը եղել է տոհմական արհեստ: Հետագայում Դերենիրկին դուր չի եկել «օղլի» արմատը, որը թուրքական էր և իր կայացման շրջանում հրաժարվել է այդ արմատից՝ դառնալով Դեմիրճյան: Դեմիրճյանի մայրը մեծահարուստ ընտանիքի աղջիկ էր՝ կիրթ և ինտելեկտուալ,  փոխարենը հայրը՝ Կարապետը, ընդամենը փոքրիկ խանութ ուներ ու չէր փայլում իր կրթվածությամբ. դա անհավասար ամուսնություն էր: Մայրը, որպես օժիտ, մի զարդատուփ էր բերել, որի արժեքավոր իրերն էլ հետագայում վաճառել է երեխաներին ուսման տալու համար:

Որակյալ կրթություն…

Jemaran hin 1 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

 Գևորգյան ճեմարան

Դերենիկը Ախալքալաքցի հասարակ երեխա էր, ում կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն այլ էր նրա ճակատագիրը. նա ուսանեց շուրջ 25 տարի՝ Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան վարժարանում, հետո՝ Մոսկվայում երաժշտական կրթություն ստացավ, իսկ ավելի ուշ սովորեց Ժնևի հռչակավոր  համալսարանում: Ծննդավայրի հայոց ծխական դպրոցում ուսանելուց երկու տարի անց Դեմիրճյանը տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Դերենիկ Դեիրճյանը 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Թե ինչ հետևանքներ ու արդյունք է ունեցել այս դպրոցը Դեմիրճյանի կյանքում, վկայում է նրա թողած գրական հսկա ժառանգությունը, որը բարձր գնահատելով, Եղիշե Չարենցը գրել է.

«Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է Չեխովի մասին  «Ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը», նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ»։

Կատուներ

2f11e320a7df5b009ca19ca1e1742042 1iiiiiiiiiiii 1 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Դերենիկի տանը տասնյակ կատուներ կային, բացի այդ նա նաև հոգ էր տանում ու կերակրում բակում ապրող տասնյակ չորքոտանիների մասին: Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան… Շառլոտան Դերենիկի տան ամենասիրունն էր ու ամենադաստեարակվածը: Սիրելի կատուների մահը Դերենիկի համար իսկական ողբերգություն էր դառնում:

Կանյաք, կանայք…

11070849 925664664131933 2418114965708928030 n 1 960x593 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Դերենիկի առաջին սերը՝ Վալենտինան բժշկուհի էր: Նրանք հանդիպեցին Ժնևում Դերենիկի ուսանելու տարիներին՝ 1905-1910թթ.-ին: Դերենիկը Վալենտինայի մասին խոսելիս, ասել է, որ դա իր կյանքի առաջին լուրջ սերն էր: Նրաց նպատակներն ու կյանքի տեսլականները տարբեր էին. Վալենտինան իր ընտանիքի միակ դուստրն էր, ու չէր կարող թողնել ամեն ինչ և գնալ Դերենիկի հետ, դե իսկ մեծանուն գրողն էլ ամուր կապված էր իր երկրի ու հարազատների հետ: Նրանց բաժանումն անխուսափելի էր…

1 vLHsTQncxdgw AP0qcaS3A 960x767 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Դերենիկ Դեմիրճյանի առաջին կինը դարձավ Մարիամը։ Նրանք ամուսնացան և ունեցան 2 զավակ՝ Արտաշեսը և Վիգենը: Արտաշեսը մահացավ 2 տարեկանում, իսկ Վիգենը թեև երկար ապրեց, սակայն մտավոր խնդիրներ ուներ: Նրանք ապրեցին այնքան, մինչև մահը չբաժանեց նրանց: Ամուսնությունից 10 տարի անց Մարիամը մահացավ, ինչն անասելի ծանր հարված էր Դերենիկի համար…

71891272 732200003912882 8440096673534836736 n 960x594 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Ավելի ուշ՝ 1923 թվականին Դերենիկը հանդիպում է Մարիա անունով մի կնոջ, նա ամուսնացած էր և երեխա ուներ: Դեմիրճյանն այնպես է սիրահարվում կնոջը, որ փախցնում է նրան, իսկ այդ գործում նրան օգնում է երիտասարդ ու համարձակ Չարենցը: Դեմիրճյանը հետագայում ասում է, որ դա աստվածատուր սեր էր, և զուգահեռներ տանում այն փաստի հետ, որ Մարիան կրում էր իր առաջին կնոջ անունը: Դերենիկն ու Մարիան պաշտոնապես ամուսնանում են և միասին անցկացնում կյանքի մնացյալ օրերը:

75362441 517626775725342 1855314615039164416 n 960x595 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասին

Տարիներ անց, լինելով Մարինայի հետ ամուսնացած, Դերենիկը սիրահարվել է Գայանեին, նրանք որդի են ունեցել՝ կրտսեր Վիգեն Դեմիրճյանը: Դերենիկը մեծ կապվածություն է ունեցել թե՛ Գայանեի, թե՛ որդու հետ:

 

 

Դերենիկ Դեմիրճյան | Հայը

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։ <…>

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տանդ ծառա։ <…> Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,— մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Կիխոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ <…>

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <…> անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում … <…> «Ջարդի՛ր ինձ,— ասում է նա,— ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով