Նահատակները/ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Չանղըրըի ոստիկանական զորքերի հրամանատար Նուեդդինի, ոստիկանապետի և իթթիհատական կոմիտեի հանձնարարությամբ Իսմայիլը մեկնեց Թյունեյ, ուր մեկ ժամի չափ ժողով արեց: Մերձակա քրդական գյուղերից եկան 6-7 հրոսակներ՝ Հալոյի գլխավորությամբ: Ընտրվեց ոճրի վայրը, քննարկվեցին բոլոր մանրամասները: Լուսաբացից առաջ կառապան Հասանին քնից հանեցին՝ դնելով «ոստիկանության տրամադրության տակ»: Աքսորականները արթնացան ոստիկանների տուն մտնելուց: Աքսորակններին հրաժեշտ տալու համար բավականաչափ մարդիկ էին հավաքվել կամրջի մոտ: Բազմության մեջ հեծկլտոցներ լսվեցին: Վարուժանին, Սևակին, մյուս երեքին նստեցրին առաջին կառքը, երկրորդում տեղավորվեցին ոստիկանական պաշտոնյա Սուլեյմանը և մի քանի ոստիկան զինվորներ: Հասանին հրամայվեց շարժվել:
Սևակը երազում տեսել էր, իբր Յաննին նիհարել ու տգեղացել էր, մինչդեռ Լևոնիկը մեծացել, Շամիրամի հետ դպրոց էր գնում: Մտովի մնաս բարով է անում Վարուժանը, աչքերի առաջ պարզ տեսնում է Արաքսիին, Վերոնին, Արմենին և տակավին չծնված կամ արդեն ծնված զավակին, որին այդպես էլ բախտ չունեցավ տեսնելու, համբուրելու:
Օգոստոսյան բարկ արևը ալարկոտ պոկում է գլուխը Թյունեյի զառիվերից: Դաղձն ու ուրցը ծաղկել, անուշ բուրումներով լցրել են սարերի փեշերը: Այս ամենին անտարբեր կառապանները մտրակ են շաչեցնում ձիերի մեջքերին, կառքերը, փոշու մեջ թավալված, բարձրանում են Թյունեյի զառիվերը:
Ի՞նչ է անում հիմա Արաքսին. խեղճը քանի՜ դռներ է ծեծել: Քանի՜ անգամ նրա գեղեցիկ աչքերը հույս ու հավատով են ճառագել, ապա հիասթափության մուժով վարագուրվել… Հայացքը փախցրեց ընկերներից, մտովի գնաց Գենտ: Հիշեց Բրգնիկը, մոր անուշ դեմքը, գոգնոցից բուրող հացի հոտը, հոր տխուր նայվածքը, եղբայրների աղմուկ-աղաղակը՝ իրեն դիմավորելիս: Հիշեց Սեբաստիան. առջևը նորափթիթ բարդու նման դողով բռնված սանուհուն՝ Արաքսի Թաշճյանին, որ հայացքը փախցնում էր ուսուցչից և հազիվ զսպում էր ձայնի թրթիռը…
Հանկարծ ձիերը խրտնեցին: Ձայներ հնչեցին: Ժայռաքարերի հետևից ճանապարհը կտրեցին քրդերի զգեստներով 7-8 ավազակներ: Թուրք ոստիկաններն ու զինվորները հրացաններն ուղղեցին նրանց կողմը: Կառքերի ուղևորները ետ քաշեցին վարագույրները, սփրթնած նայեցին դուրս: Հրացանների փողերը ցած իջան: Կառապաններին կարգադրեցին իջնել և 50 քայլ հեռանալ կառքերից: Սրանք շփոթահար ենթարկվեցին: Հեռացան նաև ուղեկցող ոստիկանները: Քրդերը բացեցին կառքերի դռները, հերթով ցած բերեցին, շրջապատեցին աքսորյալներին և քաշքշելով հեռացրին կառքերից, տարան դեպի ծառերը: Հրամայեցին հանել զգեստները:
Քուրդ Հալոն գետնին տապալեց Սևակին, ոտքով հարվածեց, քաշեց-հանեց զգեստները: Դանիելը հանկարծ պոկվեց ձեռքերից, երկու խոշոր քայլ գցեց և հուսահատի անզուսպ կատաղությամբ մի շառաչուն ապտակ հասցրեց քրդի քրտնած երեսին: Հալոն ընկավ: Ետևից բռնեցին իր ձեռքերը, գլխին բութ հարված հասցրին: Աչքերը մթնեցին, քուրդը ելավ, հանեց դաշույնը: Ու մինչ գերյալներին ծեծելով կապում էին ծառերին, դաշույնը մխրճվեց Դանիելի որովայնը:
Ճոճվող բռունցքներ, մերկ մարմիններ, հայհոյանք, արյունով լցված աչքեր, ծանր հարվածներ, տնքոց ու հառաչանք, արյանը խառնված փոշի: Սևակը շաղված աչքերով տեսավ, թե ինչպես ծակծկեցին Դանիելի մարմինը, դուրս թափեցին փորոտիքը, սկսեցին դաշույններով փորփրել աչքերը: Բութ հարված հասցրին իր գլխին, կուրծքը տաքացավ: Արյունը շիթով զարկեց:
Ծառերը սրսփացին սոսկահար, պապակ արմատները արյուն կլլեցին: Հացթուխ Արթինը արնաթաթավ թպրտում էր, ապա անշարժացավ՝ չռված աչքերով: Օննիկ Մաղազաճյանի թավ բեղերը ներկվեցին ջախջախված գանգից հոսող արյունով: Այլանդակված գլուխը քարի տակ ցրիվ եկավ: Տեոքմեջի Վահան Քեհայանը հասցրել էր թքել Հալոյի դեմքին ու ոտքով հարվածել մի ավազակի: Նրա պարանոցին փայլեց դանակի շեղբը, ապա մարմինը փլվեց ցած: Դանիելի մութ աչքերի առաջ աշխարհը կորավ, ականջին մանկան սուր ծղրտոց հասավ… Իր զավակի առաջին կանչն էր գուցե՝ հոր վերջին հառաչին խառնված…
Արև չկար… լույս չկար… Այնտեղ՝ հեռվում, ծղրտաց մանուկը: Մի երկրում, ուր բանաստեղծ են սպանում… արև են սպանում… այնտեղ դեռ երկար կտիրի խավարը…
(Հայկազ Հակոբջանյանի «Առկայծ ճրագ» կենսագրական վեպից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով