ՀԱՅ ԳՐԱՖԻԿԱՅԻ ՎԱՐՊԵՏԸ ՝ Հակոբ Կոջոյան.

Հակոբ Կոջոյանը 1889 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Վլադիկավկազ (Ռուսաստան), 1900 թ-ին ավարտել է տեղի Արհեստավորաց վարժարանը, 1903 թ-ին Մոսկվայում սովորել է փորագրիչ Պրուսովի արվեստանոցում, 1903–05 թթ-ին` Մյունխենում՝ Անտոն Աժբեի մասնավոր դպրոցում, 1905–07 թթ-ին՝ Գեղարվեստի ակադեմիայում: 1907–09 թթ-ին Կոջոյանն ապրել ու ստեղծագործել է Փարիզում, 1909 թ-ին վերադարձել է Վլադիկավկազ, ծառայել բանակում: 1912–14 թթ-ին բնակվել է Մոսկվայում: 1918 թ-ին եկել է Հայաստան. Անիում մասնակցել է հնագիտական հետազոտություններին և ստեղծել «Անիի ավերակները» (1919 թ.) բնանկարը: 
1921 թ-ին նկարիչը մեկնել է Իրան. դասավանդել է Թավրիզում` Ալեքսանդր Թամանյանի հիմնադրած գեղարվեստի ստուդիայում, ստեղծել է «Քնած պարսկուհին», «Հայկական մունետիկ» (երկուսն էլ` 1921 թ-ին), «Հեծելախումբ», «Ախալցխայի կանայք» գրաֆիկական, «Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» գեղանկարչական պատկերների շարքը, ավարտել  «Սասունցի Դավիթ» բազմամաս ու բազմաֆիգուր (35 դրվագ) գրաֆիկական ստեղծագործությունը (բոլորն էլ` 1922 թ-ին): Նա առաջինն է «Սասունցի Դավիթը» կերտելիս ելակետ  ընդունել վիպերգական նյութի բանահյուսական-դյուցազնական կողմը՝ արտացոլելով միաժամանակ պատմական, կենցաղային ու դրամատիկական-հոգեբանական թեմաները:
1922 թ-ին նկարիչը վերադարձել է Հայաստան և մասնակցել Հայպետհրատի, Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) աշխատանքներին, 1945–54 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա), ղեկավարել է գրաֆիկայի ամբիոնը: Նա պատկերազարդել է գրքեր, ստեղծել բնանկարներ, թեմատիկ և այլ գործեր: Կոջոյանը կիրառել է կատարման տեխնիկական բազմազան միջոցներ (յուղաներկ, տեմպերա, ջրաներկ, գուաշ, մոմաներկ և այլն): Նկարազարդել ու ձևավորել է Ստեփան Զորյանի մշակած «Հազարան բլբուլը» (1925 թ.), Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» (1933 թ.), Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններն ու լեգենդները» (1934 թ.), «Սասնա ծռեր» էպոսը (1936 թ.), «Հայկական ժողովրդական հեքիաթները» (1955 թ.), Ակսել Բակունցի և Սայաթ-Նովայի ստեղծագործություններից: 
Կոջոյանը նաև փայտագրության խոշոր վարպետ է. ստեղծել է «Լենինականը երկրաշարժից հետո» (1928 թ.), «Ձորագյուղը» (1929 թ.) և այլ գործեր, որոնք հիմնավորապես նպաստել են գրաֆիկայի արմատավորմանն ու զարգացմանը հայկական արվեստում: 1920–30-ական թվականներին Կոջոյանն առաջինն է անդրադարձել հայ ժողովրդի պատմությանն ու դիցաբանությանը: «Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում» (1930 թ.) բազմաֆիգուր մոնումենտալ կտավը հայկական արվեստում պատմահեղափոխական պատկերի դասական օրինակ է:
Կոջոյանն ստեղծել է բնապատկերների բարձրարվեստ շարք՝ «Աշունը Երևանում» (1923 թ.), «Մենավոր կաղնի» (1925 թ.), «Կոտայքի լեռները» (1925 թ.), «Ձմեռը Երևանի շրջակայքում» (1950 թ.), «Լեռնային բնանկար:  Ջերմուկ» (1957 թ.), «Գառնի գյուղում» (1957 թ.), «Վաղ գարուն» (1958 թ.), «Սարերը Ծաղկաձորից» (1958 թ.) և այլն:
Կոջոյանն ստեղծագործել է նաև արդյունաբերական գրաֆիկայի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի և Կիևի ռուսական, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում:
1973 թ-ից Երևանում գործում է Հ. Կոջոյանի տուն-թանգարանը: Նրա անունով է կոչվել Երևանի գեղարվեստի մանկական դպրոցը:

«Հակոբ Կոջոյանի նկարներ»

Սասունցի Դավթի ծնունդը (կտավ)

«Սասունցի Դավթի ծնունդը» Հակոբ Կոջոյանի ամենամեծ կտավներից մեկն է։ Դավթի ծնունդի թեմային վարպետը որոշել էր անդրադառնալ վաղուց։

Կտավի ստեղծման համար Կոջոյանը գնել էր հատուկ գործվածքի կտավ և պատվիրել ամուր կտավակալ։ Մեխերը նույնպես պատրաստվել էին Կոջոյանի կողմից՝ հատուկ ձևով։ Վարպետը կտավի երեսպատումն արել է յուրահատուկ ձևով՝ լրիվ թողնելով կտավի ֆակտուրան և գործվածքի հատիկայնությունը, որը մեծ դեր է խաղացել կտավի գեղարվեստական խնդիրը լուծելու հարցում։ Առհասարակ, Հակոբ Կոջոյանն իր կտավների և դրանց ծրագրային աշխատանքներին պատրաստվում էր յուրովի՝ գտնելով յուրաքանչյուր կտավի համար գեղարվեստական խնդրին համապատասխան տեխնիկական հնարներ։ Վարպետը պատմել է Հայկ Կոջոյանին, որ նկարի կոմպոզիցիան արել է շնորհիվ Լևոն Կոջոյանի՝ ոսկերչությունում մոնոգրամ կատարելու հմտության։

«Սասունցի Դավթի ծնունդը» նկարի նախաշերտի վրայից արվել է գրիզայլ՝ սպիտակի բավականին թանձր շերտով, ծավալների մանրազնին ոսկերչական մշակմամբ։ Գեղանկարը կատարվել է թափանցիկ շերտավորումով, չորացած նախաշերտի վրա։ Այդ հնարները կիրառվել են՝ ստանալու նկարում տիրող նշանակալի իրադարձության պահի խորհրդավորությունը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով