Անկախության ջահակիրը -ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ
Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու…
Ազգային ազատագրական պայքարի յուրաքանչյուր փուլ ծնում է իր հերոսներին: Նրանք, մարդկային անձնական նկարագրերով, ապրած ժամանակաշրջանների առանձնահատկություններով միմյանցից տարբեր, նույնական են իրենց անանձնական կեցվածքով, հանուն հայրենիքի գիտակցված մահ ընդունելու պատրաստակամությամբ…
Քիչ է լինել հայրենասեր, պետք է լինել հայրենապաշտ՝ նժդեհյան դրույթին կարելի է հետևել ամենափոքր գործի մեջ անգամ, բայց միայն հատուկենտ նվիրյալ անհատներին է ճակատագիրը վերապահում հանուն հայրենիքի ողջակիզվելու առաքելությունը:
Աստվածաշնչյան Մովսեսը հրեաներին առաջնորդեց դեպի Իսրայել: Գորգիսյան Մովսեսը եռագույն դրոշով մտավ Ազատության հրապարակ, իր պատմական ելույթն ավարտելով կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու թևավոր դարձած խոսքով՝ մեզ պատգամեց արագացնել մեր երթը դեպի իրական Ավետյաց երկիրը՝ դեպի Պատմական Հայաստան: Եվ որպես անխառն քաջության օրինակ, առաջին հայցքից, կարծես, խենթ մի արարք՝ նետվեց դեպի մարտադաշտ՝ հաստատ վստահ, որ գնում է դեպի նահատակություն, ողջակիզում, բայց նաև՝ դեպի անմահություն… Գնաց միանալու Վարդանին, Մուշեղին, Անդրանիկին, Նժդեհին… Նրա հոգին մանկուց էր տենչում հայտնվել այդ փաղանգում և միայն 28 տարի հանդուրժեց երկրային իր նախապատրաստությանն ու սպասումին…