Պոեզիա՝ նվիրված մայրերին
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում նաև որպես Մայրության և գեղեցկության օր։
Այս առթիվ ընտրել ենք հայ պոետների բանաստեղծություններ, որոնք նվիրված են մայրերին։
Չարենց, «Մորս Համար Գազել»
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Սևակ, «Մոր ձեռքերը»
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…
Սիլվա Կապուտիկյան, «Մայրիկիս»
Վա՜ղ թառամեց սիրուդ գարունը, մա՛յր իմ,
Անփույթ մահը սերդ տարա՜վ, շու՛տ տարավ,
Ու միայն ե՜ս մնացի մտերիմ,
Որպես կորած սիրո մի հուշ, հին մի ցավ:
Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացա՜վ.
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած…
Դրսում կյանքն էր հմայքներով կարկաչում,
Սիրող զույգեր ու երազներ սիրավառ,
Դու ինձ գրկած օրո՜ր էիր մրմնջում՝
Մոռացած սե՜ր ու երազնե՛ր, ու աշխա՛րհ:
Ու մեծացա՝ գնով ջահել քո կյանքի,
Աշխարհ մտա՝ սիրտս անխոց ու պայծառ.
Ու հասկացա չարն ու բարին աշխարհքի՝
Մա՜յր, տխրու՜մ է սիրող սիրտս քեզ համար:
Ա՛խ, ի՛նչ տամ քեզ, ի՜նչ նվիրեմ քո սիրուն,
Ի՞նչ կա կյանքում հատուցումի արժանի,
Գիտեմ, ե՛ս եմ քո աշխարհը՝ աշխարհում,
Ինձ հե՜տ ես դու հյուսել հույսերդ հիմի:
Մա՜յր, ի՛նձ համար փառք չեմ տենչում կյանքի մեջ,
Բայց կուզեի՝ զոհողությանդ անհաս
Լինել արժա՜ն, լինել հերո՜ս, լինել մե՜ծ,
Որ քո կյանքը, կորած կյանքը չափսոսա՛ս…
Հովհաննես Շիրազ, «Մայրս»
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր վեհաշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս,
Ա՛խ,մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս…
Ավետիք Իսահակյան, «Մայրիկիս»
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նխշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՛կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան…
Համո Սահյան, «Ի՞նչ անեմ, մայրիկ»
Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:
Հովհաննես Շիրազ, «Ձյուն է իջնում, կուտակվում»
Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:
Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:
Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:
Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար:
Ավետիք Իսահակյան, «Մոր սիրտը»
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…
Վահան Տերյան
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…