Մեր ՉՔՆԱՂ լեզուն…
Արևմտահայ գրական լեզու, արևմտահայերենը սկսել է ձևավորվել 12-րդ դարից և աստիճանաբար մշակվել, հղկվել, կատարելագործվել արևմտահայ մշակույթի գլխավոր կենտրոններում (Կ․Պոլիս, Զմյուռնիա, Վենետիկ, Վիեննա և այլն)։ Արևմտահայ գրական լեզվի զարգացումը նախապես կրել է տարերային բնույթ, վաղ շրջանում հատկանշվել է գրաբարյան, միջին հայերենի, բարբառային և օտարամուտ անհարկի տարրերով ու ձևերով, որոնք հետզհետե դուրս են մղվել գործածությունից և փոխարինվել գրական համարժեքներով։ Արևմտահայ գրական լեզուն, 19-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած ընդարձակելով իր ոլորտները, դարձել է հրապարակագրության, թատերագրության, գիտական, գեղարվեստական գրականության լեզու։
- Պետրոս Դուրյան`
Գարնանային կենացս մեջ
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։
Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։
Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։
- Միսաք Մեծարենց`
Ճերմակ վարդեր
Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրայ,
Շամբուշ հովն աշնան՝ որ կը դըղրդէր
Մոլեգին ՝ հողին ընդերքն համօրէն.
Ճերմա՜կ գաղափար, ճերմա՜կ գաղափար,
Աշնան մոլուցքէն դողահար հիմակ,
Համբո՜յր շուշանի, դիւթանք ձիւնեղէն,
Փերթ փերթ լուսինկայ, ապրշում համակ,
Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ։
Մենաւո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մէջ դեռ կը Ժպտիք,
Ապրեցէ՜ք հոգւոյս մէջ յաւերԺօրէն։
- Սիամանթո `
Արցունքներս
«Եւ ասէին. Զի՜ քերթողին այսքան սուգ…»
ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊՍ. ՆԱՐՊԷՅ
Ու մաքրաթեւ երազիս հետ մինակ էի, հովիտներուն մէջ իմ գիւղիս,
Քայլերս էին թեթեւ ինչպէս քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եւ զուարթութեամբ կը վազէի, կապոյտէն եւ օրերէն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով եւ յոյսով՝ եւ հոգիս աստուածներով լեցուն…
Եւ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբիւղ առ զամբիւղ,
Մեր պարտէզին ծառերէն դէպի հողը եւ դէպի զիս կ’ընծայէր,
Եւ ես լռութեամբ՝ գեղուղէշ ուռիին ներդաշնակ հասակէն,
Երգերս ստեղծելու համար խորհրդաւոր սրինգիս ճիւղը կը կտրէի…
Կ’երգէի… Ադամանդեայ առուակն եւ թռչուններն արփիագեղ.
Աստուածային աղբիւրներուն յստակահոս մեղեդիներն անդադրում.
Եւ առաւօտեան զեփիւռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցէին…
Այս գիշեր երազիս մէջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախօս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպէս համբոյր մը հին օրերու,
Բայց շունչս՝ յիշատակներու զարթնումէն, յանկարծօրէն մեռաւ,
Եւ երգիս տեղ՝ շիթ առ շիթ, շիթ առ շիթ, արցունքներս էին որ ինկան վար…
- Գրիգոր Զոհրապ`
Հպարտություն
Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:
Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:
Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:
Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի: