«Մարգարտե ականջօղով աղջիկը». Ո՞վ է նա իրականում

Նա նազանքով թեքվում է, նայում մեր ուղղությամբ ու թվում է՝ հայացքով փորձում է ինչ-որ բան ասել: Նա կապույտ ու դեղին գլխաշոր է կրում, առեղծվածային հայացք ու մարգարտե ականջօղ: Նրա բերանը կիսաբաց է՝ թողնելով ենթադրել, որ պատրաստվում է մի բան ասել, սակայն նրա բառերն այդպես էլ չեն արտասանվում: Նրան անվանում են «Մարգարտե ականջօղով աղջիկը», սակայն ո՞վ է նա իրականում:

Աշխարհի ամենաշատ սիրված այս նկարներից մեկը նաև ամենաառեղծվածայինն է. պատկերի հեղինակի մասին քիչ տեղեկություն է հայտնի, այս նկարի մասին՝ ավելի քիչ: Հայտնի է, որ այն հիմք է հանդիսաեցլ Թրեյսի Շավելիեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» գրքի համար, որի հիման վրա էլ Հոլիվուդը նկարահանել է համանուն մի ֆիլմ, որտեղ գլխավոր դերերում են Քոլին Ֆերթն ու Սքարլետ Յոհանսոնը: Ըստ հեղինակի այս գրքի՝ նկարի բնորդուհին է 16 ամյա Գրետ անունով մի աղախին, որը մտերմանում է իր նկարիչ տանտիրոջ հետ, այնուհետև հագնում նրա կնոջ զգեստն ու մարգարիտները, որպեսզի նկարիչը՝ Յան Վերմեերը նկարի իրեն:

Բայց որքանո՞վ է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: 17-րդ դարում պատկերված այս նկարի բնորդուհու ով լինելու մասին շատ վարկածներ են պտտվում: Դրանցից են՝

1. Շատերը պնդում են, որ բնորդուհին Մարիա Վերմերն է՝ նկարչի աղջիկը, որը այս նկարի ստեղծման ժամանակ մոտ 12 տարեկան էր: Մի քանի մասնագետներ պնդում են, որ այն հայացքը, որ նա նկարում կարող էր միայն հայրը պատկերել դստեր դեմքին: Այս վարկածը պնդող ավելի հստակ փաստեր հայտնի չեն:

2. Մարդկանց մի մասն էլ ասում է, որ աղջիկը Մագդալենա Վան Ռուիժվենն է՝ նկարչի տիրոջ՝ Փիթեր Վան Ռուիժվենի միակ դուստրը: Նա մոտավորապես նույն տարիքին էր, ինչ Վերմեերի փոքր աղջիկը: Բայց արդյո՞ք Փիթեր Վան Ռուիժվենը թույլ կտար, որ իր միակ դստերը նկարեին համեմատաբար ավելի էժանագին հագուստով ու կիսաբաց բերանով:

3. «Մարգարտե ականջօղով աղջիկը» նովելից հետո տարածվեց Գրետի վարկածը: Բացի այս ստեղծագործությունից ոչ մի պատմական հիմք չկա այս վարկածի համար: Արվեստաբան Արթուր Ուիլոքն ասում է, որ ֆիլմն ու գիրքը գեղեցիկ են գրված ու նկարահանված, բայց այստեղ նկարչի կինը ներկայացված է որպես անհաճո անձնավորություն, ինչը սակայն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա բազմիցս հանդիսացել է Վերմերի նկարների բնորդուհին:

Այնուամենայնիվ, հստակ իմանալ, թե ով է մարգարտե ականջօղով այս աղջիկը չենք կարող, սա հնարավոր է հավերժ էլ մնա մի առեղծված, որը լուծելն անհնար կլինի: Բայց մի բան հաստատ է՝ ով էլ, որ լինի, այս աղջիկն իր խորհրդավոր հայացքով ու մարգարտե ականջողով հավերժ կմնա «Հյուսիսի Մոնա Լիզան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով