Մեր ժամանակի ՊՈԵՏԸ ` ՀՈՒՍԻԿ ԱՐԱ…

Դու իմ…

Որքան շատ աշխարհներ կան քո մեջ,
մինչդեռ դու իմ աշխարհն էիր միակ:

Քեզ չէի գտել հանկարծ,
դու եղել ես միշտ.
մի տեղ բաժանվել էինք`
տուն գնալու նման
ու հանդիպել նորից:
Հարկ չկար ճանաչել քեզ.
դու մասն էիր իմ ամեն ինչի:

Դու իմ թանկն էիր,
լույսն ու օդը,
իմ լեզուն,
աչքն ու ականջն էիր,
շոշափելիքն ու հոտոտելիքը:
Իմ եկեղեցին էիր,
աղոթքն ու Աստվածը,
իմ լավն ու տաքն էիր,
իմ շատությունը,
իմ հացն ու ջուրն էիր,
շնչառությունը:
Դու իմ քաղաքն էիր,
տունն ու փողոցը,
իմ հայրն ու մայրն էիր,
իմ հայրենիքը:

Ամեն ինչն էիր իմ,
ես տեր էի ու իշխանություն.
ու թե տեսնես հիմա ինձ
չես նկատի,
որովհետև ես ոչինչ եմ առանց քեզ:

Ես աշխարհը կտայի քո դիմաց,
եթե աշխարհը դու չլինեիր:

 

Ես աշխարհը չէի փոխի

Գուցե ապրեմ քեզնից հեռու,
Բայց կլինեմ առանց կյանք:

Քեզ չեմ ավելացնում,
չեմ պակասեցնում քեզնից.
դու կատարյալն ես:
Հիմա դու ես Աստված,
որովհետև աղոթում եմ քեզ:

Կերկրպագեմ անգամ նրան,
ով իր ճարպիկ օրերում կունենա քեզ,
իմ վրիպած ես:
Թեկուզ այս հեգնանքի համար ճակատագրի,
բախտից խռով ու աշխարհից,
քեզնից գնամ անդարձ:

Քեզ փնտրել եմ երկար ու հեռու.
ինձ համար լույս ես,
խաղաղություն,
խիղճ ես բովանդակ,
անդորր ու հանգստություն,
բայց ինչո՞ւ ես ինձ սպանում:

Արժեր ծնվել
քեզ գտնելու համար,
իսկ հիմա մեռնում եմ անափսոս
քեզ կորցնելու դիմաց:

Թե կախարդական փայտիկը տային ինձ,
ես աշխարհը չէի փոխի.
բավական ես դու
կյանքը անթերի տեսնելու համար:

 

***
Դրսից` երկար կրակահերթ,
կարճ կրակոցներ են ներսում.
հարմար տեղավորվել է կյանքս
երկու փամփուշտի արանքում:
Իմ երկիրն է սա.
ի՞նչ ես տվել ինձ, որ առնել չես կարողանում:
Ժամանակը կախվել-մնացել է օդում
և տեղ չի գտնում այս հողի վրա:
Մի փշալարից մյուսն է ձգվում օրը.
մի ամբողջ վարք է ու կենսագրություն:
Քեզնից դուրս քունքս են փնտրում,
քեզնից ներս գտնում են սիրտս.
ետ չես տանում ձեռքդ, անաստված,
որ տեսնեմ` ի՞նչ գույն ունի արյունս:
Դրսից` մոտեցող գազան,
մոտիկ է գազանը ներսում.
ճշգրիտ պառկել է մարմինս
երկու ժանիքի արանքում:
Միշտ նամռութ հայրենիք,
ի՞նչ չեմ տվել քեզ, որ առնել ես փորձում:

 

***
Պրկված ճիրան ես
ու ժանիք ես բաց,
կողս խրված հայրենիք.
կոկորդիս հասել ես արդեն,
բա՛ց թող` ես գնամ:
Քեզնից հանել ես քեզ
և ինձ բաժանել ինձնից.
ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի
և առավոտը Նավասարդի,
եղնիկների վազքը ու վարգելը եղջերուների:
Հայացքդ գազան ու կերպդ հոշոտող
հեռու տար ինձնից.
մի՛ ստիր,
մի՛ գողացիր,
մի՛ սպանիր:
Բա՛ց թող` տանեմ ինձ,
ինչ մնացել է իմ տաք դիակից.
քեզնով ես արել կյանքս,
թույլ տուր` ե՛ս ընտրեմ իմ մահվան ձևը:

 

Պարզապես
Լուսաբացներից մեկը մի օր կբացվի առանց ինձ,
այսինքն` փակ կլինեն աչքերս այդ առավոտ.
այդքանը թերևս և արտառոց ոչինչ:
Մի ճանապարհ, որ գնում էր`
թողնելով ներկայության նշաններ,
էլ չի քայլի:
Մի երգ, որ պատմում էր կորցրած սիրո մասին
մանրամասն ու ճշգրիտ,
էլ չի լսվի:
Մի բանաստեղծություն,
որ աշխարհում գուցե միակը լիներ,
էլ չի գրվի,
և չի դառնա սիրո պատմություն
էլի մի կին,
որ սպասելու է դեռ:
Մի երեխա ոտքը էլ չի դնի հողին
հասուն մարդու վաստահությամբ,
և տարեց մեկն էլ չի նայի աշխարհին
երեխայի մաքրությամբ:
Պարզապես մի կյանք, որ կար, էլ չի լինի.
կմնա օտար ու մերձավորի ձեռքին,
որ չեն կողնորոշվի, թե ինչպես վարվեն:
Մի դիմանակր կնայի հեռացող հայացքի պես,
ու տեղ չեն գտնի պատին,
որ փակցնեն:
Մի կիսատ կյանքի անավարտ ձեռագիր
դեռ կլինի սեղանին,
և ջանք չեն խնայի, թե ինչպես թաքցնեն:
Բայց մի փամփուշտ,
որ քունքիս համար էր` վերջին հույսի խախտում,
դարձյալ կկրակի`
այս անգամ կյանքից հետո կյանքս որոնելով:
Մի օր պարզապես բառեր չի գտնի մի հեքիաթ
պատմելու ինքն իրեն,
որ չհասավ ավարտին,
որտեղ բարին հաղթելու էր չարին:

 

Դոն Կիխոտ
Մենք ծնվում ենք Աստծու մատնահետքը ճակատին,
որ հեռանանք մարդկային հեգնանքը մեր ափերի մեջ:
Մեզ ծաղրում են ու ծանակում խեղկատակ,
զվարճանում ձեռնոց նետելու մեր կեցվածքով հանդուգն,
իսկ մենք կարծում ենք, թե մենք ենք ծիծաղում աշխարհի վրա:
Ասում ենք` ո՛չ, երբ ասված էր, ասել` այո.
ծափ են տալիս, թփթփացնում մեր հետույքին`
իբրև ժամանց ու ներկայացում,
իսկ մենք վստահ ենք,
թե իմացություն ենք մոլորված աշխարհին:
Հասցնում են մեր մռութին շփոթված,
աղ են ցանում վերքի վրա ու բաց հոգուն,
իսկ մենք համոզված ենք, թե գույնն ու հոտը,
մենք ենք աղը աշխարհի:
Հորինում ենք այն աղջկան և հավատում, թե իրական է մեր գրկի մեջ,
որ չսայթաքի սերը հանկարծ
ու չմնա առանց բռնող թևերի.
ինչ փույթ, որ այդպես էլ չհանդիպեցին
մեր սերն ու աղջիկը այն:
Շրջում ենք տրուբադուր զարմացած,
և առավոտի մեջ ներբողում`
քո ամեն օրը հրաշք է, կյանք,
և նորից ենք ակնթարթը հայտնաբերում.
ոչինչ, որ մորեմերկ ենք, անհասցե ու թափառական:
Մեր խենթությունն ենք տեղավորում լույսի առանցքում,
որ ամեն մանրուք անհունի մեջ մեծ երևա,
օրը չափում ենք դարի երկարությամբ,
որ չկորի ժամանակը ու հիշողությունը տեղ ունենա.
և չենք ափսոսում, որ կորուստն ու մոռացումը մենք ենք միայն:
Մենք ախորժելի չենք ձեր քիմքին
նուրբ տիկիններ ու պարոնայք,
և մեր համը չի դառնա հիշողություն ձեր ուտեստին:
Վստահ էինք, թե երկիրը պտտվում է
միտք ու մարմնի մեր արձակած ջերմությամբ,
մինչդեռ վաղուց կանգ է առել
ամեն շարժում տիեզերքում:
Մենք ապրում ենք, որ աշխարհը չմահանա:

 

Աղբահավաք

Կեսգիշերից հետո
ես աղբահավաք եմ.
երբ քնում են միտքն ու աշխարհը,
առանց ձեռնոցներ ու հատուկ համազգեստի,
խնամքով հավաքում եմ աղբը փողոցներից
և լուսաբացին քաղաքը մաքուր հանձնում
օրվա խղճին
որպես բանաստեղծություն:

Ես մարդկանց ճանաչում եմ թողած թափոնից,
նրանց հետքով որոշում վարքը ժամանակի.
և ինձ համար գաղտնիքներ չկան հոգիներում:
Ես ներքևում եմ միշտ
և աշխարհը տեսնում եմ մերկ
ու առանց ներքնազգեստ:

Տեսակավորում եմ թափոնն ու թերմացքը,
աղբը մաքրում կեղտից
և որպես օգտագործելի հումք
մատուցում մարդկանց ձեռք ու մտքին:
Բառի մեջ շողում է կեղտը երբեմն,
անվնաս է տող առ տող դասդասված աղբը,
չունի գարշահոտ
ու չի տարածում վարակի բացիլ:

Իսկ իմ ներսում մնում է
քամված նստվածքը, տիղմը, մրուրը սև,
և վարձս արհամարհանքն է`
որպես ներքևից վերև նայողի,
որտեղից ամեն մանրուք երևում է ճիշտ:

Ես հավաքում եմ աղբը,
և աշխարհն եմ մաքրում իմ մեջ,
իսկ մարդիկ կարծում են,
թե իրենց կեղտը չունի գարշահոտ,
չի տարածում բացիլ,
անվնաս է ու երբեմն էլ շողում է.
որ բանաստեղծություն է միշտ,
և կարելի է զվարճանալ:

Վերջակետ

Քո գնալուց
կյանքը կանգ առավ ու մեռավ ամեն բան․
ես ինչպե՞ս ապրեմ, երբ երկիրն է ամայի։

Քո սկիզբն էի ես,
իմ վերջը եղար դու․
մենք միասին կարող էինք Աստված լինել՝
հաստատելով խոսքը նախախնամ․
թե՝ ես եմ սկիզբը և վերջը։

Երբ գնում ես,
քեզ հետ տանում ես ամենը, ինչ ես ունեմ,
իսկ քո գալով՝
իմն ես դարձնում այն, ինչ չեմ ունեցել։

Դու իմ վերջին աղոթքն էիր,
որ տեղ չհասավ.
ու ես սատանային եմ ծախում ինձ,
միայն թե լսվի աղոթքս,
որ երաշխիքն է իմ ապրելու։
Իմ խաղն էիր վերջին անգամ.
վստահեցի` ինչ մնացել էր կյանքից
և ապրելու արդեն կիսված օրս վրիպեցի:

Դու քեզ հետ տարար ամբողջը՝
երազ ու իրականություն.
անձրևաջրի կաթիլների հետ,
աշնան վերջին գիշերվա մեջ,
ագռավն է թաց-թաց կռում․
-Նա չէր, ում կանչեցիր նրա անունով։
Ու ես գնում եմ մի քիչ հեռու այս անգամ.
կոպերիս տակ ունեմ հիմա ո՛չ մի երկինք քեզ համար։

Մեկ անգամ էլ գարունդ լինեմ.
նորաբաց վարդը ննջարանդ բերեմ ամեն առավոտ
ու լուսաբացի սերս շաղ տամ մահճակալիդ շուրջը.
օդում փոշեհատիկը հավաքեմ շուրթերով
և անխառն բուրմունքդ պահեմ թոքերիս մեջ։
Տաք օրերս մեկ-մեկ փռեմ ամեն քայլիդ առաջ,
երբ մանրասահ իջնես պարտեզ՝ հայացքս տրորելով․
կյանքս վատնեմ քեզ համար շռայլորեն ու անխնա։

Դու իմ բանաստեղծությունն ես,
որ կարող եմ այսպես պատմել երկար,
բայց երբեք չգրել այստեղ․
այնպես չեմ ուզում դնել վերջակետ։

Միշտ հիվանդ լինեմ քեզանով

Իմ դեղը դու ես,
որովհետև ես հիվանդ եմ քեզնով:

Մահացուէ սիրո հիվանդությունը,
ու թե բուժվում է անգամ,
ծանր մնում է հետևանքը միշտ:
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ հիվանդ լինեմ քեզնով:

Քո աչքերը ամենասիրուն արևներն են տիեզերքի,
եթե նայես ինձ`
ես կպտտվեմ հայտնաբերված նոր մոլորակ:
Քո մատները շշունջներ են թափանցիկ,
եթե գրկես ինձ`
ես կհնչեմ ինքնանվագ երգեհոն:

Քո մաշկը մաքուր հորիզոն
ու եթեր է փափուկ,
եթե առնես քո մեջ ինձ`
ես կխոսեմ նոր օրերի մարգարե
և կքայլեմ հրեշտակը քո ուղարկած:
Ուրիշ ոչ մի տեղ չկա քո շուրթերից,
թե համբուրես ինձ`
ես աշխարհը շուռ կտամ առանց հենման կետի:

Քո ակնթարթը կատարյալ է ու մնայուն,
թե հպվես ինձ`
ես կճչամ, որ այս կյանքում
ամեն բան հավերժ է ու ճիշտ:

Քո նմանը միայն դու ես,
ու թե ասես` սիրում եմ քեզ,
ես կդառնամ աստված
և կարարեմ դրախտը նորից,
ու որքան էլ արգելված պտուղ ուտես,
քեզ չեմ վտարի իմ պարտեզից:

Դու իմ դեղն ես,
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ
միշտ հիվանդ լինեմ քեզնով:

 

Կարոտ

Դու իմ աշխարհն էիր, որ արդեն վրիպել եմ․
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։

Զանգերն են ղողանջում դանդաղ ու թույլ-թույլ,
և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
որկրնկում են մարմնիս մեջ։
Աշնան նոսր երկնքում
չվող թռչունների թևեր են՝ երամ-երամ․
կարապի երգն եմ հասկանում ջրերի վրա՝
մեկ անգամ, որ վերջին անգամն է։

Կտոր-կտոր է անում սիրտս հիմա
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։

Կարոտն է կաթում գանգամաշկիս նույն կետին՝
համաչափ տկկոցով ու ծակող սառն է.
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգեվարքի։

Դու իմ մեջ այնքան շատ ես,
որքան ոչ մի տեղ չես․
և ես ամեն մանրուք պահպանում եմ զգույշ,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս դողով,
որ դու ես ամբողջովին։

Կարոտի մունետիկն եմ մոլոր,
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։

Քո աստեղային դիպվածն էի ես,

որ վրիպեցիր օրերի մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով