ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ — 112
Արձակագիր
19 հունվար, 1910 — 2 մայիս, 1965
Հրաչյա Գաբրիելյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտում գտնվող Գումլուպուճախ գյուղում: Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին գաղթել է Արլևելյան Հայաստան, ապաստանել Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) մոտակա գյուղերում։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, իսկ 1918թ.` հայրը` հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում: Հոր անունը դարձրել է գրական անուն: Ալավերդու հանքերում եղել է գառնարած, հանքափոր: 1927թ. բնակություն է հաստատել Երևանում։ 1929-31թթ սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում։ 1934թ. խմբագրել է «Ռյա թազա» թերթը, 1946-51թ.՝ «Սովետական գրականություն», 1954թ.՝ «Ոզնի» ամսագրերը։ 1939թ. կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտե: Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույց»-ի մեջ: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։ 1946-51թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Տպագրվել է 1920-ական թվականների վերջերից։ Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931թ., «Նոր ուղի» ամսագրում։ «Վահան Վարդյան» (1934թ.) և «Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը» (1937թ.) վիպակներում բացահայտել է սոցիալիստական կյանքի և սովետական մարդու բարոյականության ձևավորման բարդ ընթացքը։ Պատմական անցյալի ու ներկայի կապն է դրսևորում «Ժամանակներ» (1941թ.) խորագիրը կրող վիպակների, պատմվածքների ու հեքիաթների ժողովածուն, որտեղ հեղինակն անդրադառնում է նաև երիտասարդության դաստիարակության, գյուղի վերափոխման, նոր կյանքի ու կենցաղի խնդիրներին։ Գրողի գրական գործունեության հաջորդ տասնամյակն սկսվել է պատերազմի դաշտում, որտեղից գրած թղթակցությունները հիմք են ծառայել «Հերոսների ծնունդը, նամակներ գործող բանակից» (1942թ.), «Նախօրյակին, նամակներ գործող բանակից» (1943թ.), «Սրբազան ուխտ» (1946թ.), «Բարեկամություն» (1950թ.), «Վիպակներ ու պատմվածքներ» (1956թ.) ժողովածուների համար։ Այս գործերում վավերական ճշգրտությամբ ներկայացված է սխրանք գործող հասարակ մարդկանց կյանքի պատմությունը։ «Գեներալի քույրը» (1945թ.) պատմվածքում մարմնավորված է հեղինակի ստեղծագործության հիմնական մոտիվը՝ հայրենասիրությունը։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում: «Մեծ տան զավակները» (հ.1-2, 1952-59թթ) վեպում ստեղծել է պատերազմական կյանքի տարեգրությունը։ Դա հայկական ճակատային զորամասերից մեկի պատմությունն է։ Գրողը վիպական հյուսվածքի մեջ է առել բազմաթիվ դեպքեր, կերտել բազմազգ հերոսների մի պատկերաշար։ Նրա ստեղծագործական նվաճումը «Սպիտակ գիրքը» (1965թ.) ժողովածուն է, որի մեջ զետեղված են «Նահապետ» (ՀՀ Պետական մրցանակ, 1967թ.) վիպակը, պատմվածքներ և «Մայրենի լեզու» շարքի գործերը։ Գրքում քննվում է հայ ժողովրդի մոտ անցյալի ծանր պատմությունը։ Նրա ողբերգության ու կորստի, հարության ու վերագտնումի ճակատագիրն են մարմնավորում Նահապետի և մյուսների կերպարները։ Գրել է նաև հրապարակախոսական («Մեծ տարեգրության էջերից, փաստեր և խոհեր», 1957թ.), գրաքննադատական («Գրականություն և կյանք», 1949թ.) հոդվածներ ու ուսումնասիրություններ, ուղեգրություններ, ինչպես և «Հյուսիսային ծիածան» (1961թ., «Հայֆիլմ») կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում: Քոչարի անունով Երևանում կոչվել է փողոց:
Հրաչյա Քոչար | Կարոտ | համառոտ
Գյուղն Արազի ափին է: Այստեղ ոչ ոք դաշտապահ Առաքելի նման չի տեսնում ու չի զգում բնության գեղեցկությունները, թեև չկա մարդ, որ իրեն ավելի խելոք չհամարի նրանից ու չծաղրի նրան: Առաքելը հավանաբար այդ պատճառով է խուսափում մարդկանցից և նախընտրում է խոսել կենդանիների ու դաշտերի հետ, նրանց է պատմում իր մտքերն ու մտադրությունները, վշտերն ու ցավերը: Մարդիկ անարդար են՝ համարելով նրան մի տախտակը պակաս: Առաքելը պակասավոր մարդ չէ: Պարզապես սիրում է մենակություն ու իրեն լավ է զգում հանդ ու դաշտում, մարդկանցից հեռու: Այժմ, երբ արդեն իր «երկրում» չէ և ինչպես ասում են «ղուռուխչի» չէ, տխրում ու ձանձրանում է, դարձյալ դաշտ է գնում, ժամերով թափառում արտերում, նայում հեռաստաններին, Մասիսներին ու Բարդուղյան լեռներին: Աչքերը կկոցած՝ արևելքից արևմուտք ձգվող լեռների կույտերի մեջ որոնում է այն գյուղերը, որոնցով քանի—քանի անգամ էր անցել «երկրից» այստեղ ու այստեղից երկիր վերադարձել: Ինքը Դիտակ գյուղից էր: Հիմա «երկիրը» հեռու է ու անհասանելի, բայց աչքիդ առաջ: Կարող ես միայն նայել հարազատ վայրերի կողմը: Եվ Առաքելը նայում է՝ առավոտ, երեկո, գիշեր, ցերեկ: Մտքով անցնում է Քորուն և Մուսուն գյուղերի կանաչ մարգագետիններով, Արծափ բարձրադիր գյուղի մոտով, հասնում իրենց գյուղը, ուր դաշտերի, արտերի ու մարգերի տերն է եղել վաղ պատանեկությունից մինչև գաղթը: Առաքելը նույնիսկ չի խոսում իր զավակների՝ Արամի ու Տիգրանի հետ: Արամը գյուղական խորհրդի նախագահն է, Տիգրանը գյուղի «կոմսոմոլների» քարտուղարն է: Տոն օրերին ճառեր են ասում խորհրդային իշխանության մասին, որ ժողովրդին փրկեց կոտորածից ու սովից: Որդիների պատվի համար, այժմ Առաքելին առաջվա նման չեն ծաղրում: Առաքելը ինքն էլ իր որդիներից քաշվում է, չի խոսում հատկապես մի դեպքից հետո, երբ ինքն իրեն Ստալինի հասցեին խոսել էր, իսկ որդիները և կինը նրան հանդիմանել էին ու երկար ժամանակ չէին խոսում հետը: Հոր անխելքության պատճառով իրենց դավաճաններ կհամարեն: Առաքելը այդ դեպքից հետո առհասարակ դադարում է խոսել նրանց հետ, հարցեր տալ, միտք արտահայտել, ինքը անուսում մարդ է և ոչինչ չի հասկանում, իսկ հոգու խորքում ուրախ է, որ իր որդիներին այդպես հարգում են ու կարևորում: Միայն թե ինքն անվերջ իր երկիրն է ուզում, կարոտում իր տունը: Հաճախ գիշերն էլ է գնում ու թափառում դաշտերում: Բայց մի անգամ Առաքելը չի վերադառնում, և կնոջ՝ Սանամի լացուկոծից լուրն անմիջապես տարածվում է, գյուղացիները հավաքվում են նրանց տան շուրջը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել Առաքելին: Անսպասելիորեն գյուղ են գալիս սահմանապահները և հայտնում, որ Առաքել Էլոյանը անցել է սահմանը, Արազը՝ Արաքսն անցել, փախել է երկիր… Նրանք տանում են Սանամին և Արամին: Առաքելի ընկեր Վանքեցի Մուշեղը վիճում է Ոզմեցի Ենոքի հետ Առաքելի դավաճան լինելու առնչությամբ, որին խառնվում է Ենոքի որդի Շիլ Գարեն, որը ցանկանում է զբաղեցնել Արամի տեղը: Այդպես էլ լինում է: Տանում են նաև Վանքեցի Մուշեղին: Մի քանի օր հետո նրանք վերադառնում են, և ոչ ոք ոչինչ չի խոսում: Արամին գյուղխորհրդի նախագահի պաշտոնից ու կուսակցական շարքերից հեռացնում են, նշանակելով Գարեին, մինչև ընտրությունները: Վերադառնում է նաև Տիգրանը, որը կուսակցական դպրոցում սովորելու էր գնացել: Ասում են, որ նրան էլ այնտեղից են հեռացրել: Հանա՞ք բան է, հայրը Խորհրդային Սոցիալիստական Հայաստանից փախել, գնացել է Տաճկաստան: Մոսկվայում նամակ է գրվում թուրքական հանրապետության արտաքին գործոց նորին գերազանցություն պարոն նախարարին: Ներկայացնելով բոլոր հանգամանքները՝ խնդրվում է ձերբակալել և հանձնել Էլոյանին, օրենքի առաջ նրա կատարած հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու: Որոշ ժամանակ անց պատասխան է գալիս, որ վերոհիշյալ անձի գտնվելու փաստը Թուրքիայի տերիտորիայում արձանագրված չէ: Մոսկվայից Անկարա է հղվում նոր ուղերձ: Այս անգամ պատասխանում նշվում է, որ խորհրդային—թուրքական սահմանը չարամիտ կերպով խախտած վերոհիշյալ Առաքել Էլոյանը, մտնելով թուրքական տերիտորիան, խուսափել է ներկայանալ պետական մարմիններին, ապաստանել է լեռները քաշված քուրդ ապստամբների մոտ և մասնակցում է նրանց հակակառավարական գործողություններին, որոնք խրախուսվում են անգլիական իմպերիալիստների կողմից: Թուրքական կառավարությունը չի տարակուսում, որ նա կապված է անգլիական հետախուզության հետ և երկու բարեկամական երկրների թշնամին է: Արազի ափի գյուղում այս ուղերձների մասին ոչ մի տեղեկություն չունեն: Դրանք հաղորդվում են ներքին կարգով: Փոխարենը գյուղում Առաքելի մասին առասպելներ են հյուսվում մեկը մյուսից անհավանական ու տարբեր: Եվ արդեն սկսում են մոռանալ Առաքելին, երբ նա նորից ամենքին ու ամեն ինչ խառնում է: Առաջին ձյան հետ մտնում է գյուղ՝ ավանդական մահակը ձեռքին: Նույն Առաքելն է, նույն հնամաշ փափախը գլխին, նույն հագուստով ու տրեխներով: Միայն թե ամրացած, մի տեսակ երիտասարդացած: Գյուղը դարձյալ խառնվում է իրար, բայց մինչև հասցնում են նրան տեսնել, հետը խոսել, գալիս են սահմանապահ զինվորները և Առաքելին տանում: Հայաստանի պետքաղվարչության նախագահը՝ Հայկազ Շավարշյանը, մտածում է, որ հազիվ թե Առաքելը քաղաքական դեմք լինի: Երեք քննիչներից Արշո Ծամերյանը, հակառակը, կարծում է, որ նա խորամանկ ու նենգ է: Առաքելի պահվածքից, սակայն, ակնհայտ է, որ նա պարզ գյուղացի է, որն իսկապես կարոտից է նման քայլի դիմել: Հաջորդ օրվա ընթացքում Ծամերյանը Առաքելի պատմածները կասկածի տակ առնելով, ապտակում է նրան: Հաջորդ օրը նախագահը Առաքելից ներողություն է խնդրում և գործից զրկում է Ծամերյանին: Առաքելը նրան է պատմում իր հետ պատահած դեպքերը՝ բոլոր մանրամասնություններով: Զբոսնելիս նրան մի ձայն կամ իր հոգու ձայնը խրախուսել է անցնել Արաքսը, և նա այդպես էլ վարվել է: Աննկատ մնալով՝ կարողացել է հասնել սարերը, որոնց քաջ ծանոթ է: Շավարշյանը արզրումցի է և Առաքելի մեջ տեսնում է իր հարազատներին՝ հորը, պապուն: Առաքելը ևս համակրանքով է լցված նրա հանդեպ և իր բնական խելքով զգում է, որ նա լավ մարդ է: Առաքելը խոստովանում է, որ ինքը ոչ մեկի խորհրդով չի առաջնորդվել, այլ միայն սեփական սրտով է շարժվել: Տասնհինգ տարի է, ինչ իր ծնողների գերեզմանը չէր տեսել: Կարոտել է Դիտակը, Վանքը, ու Նպատ սարը: Այսպես գիշերով աննկատ կարողացել է առաջանալ՝ ձախ կողմում թողնելով Իգդիրը, աջ կողմում՝ Բլուր գյուղը: Հիշում է այնտեղի բնակիչներին, պատմում որոշ դրվագներ: Ալաշկերտից գաղթելուց հետո իրենք բնակվել էին Բլուրում: Երբ լույսը բացվել է, նրա վրա հարձակվել են գամփռներ ու շրջապատել են քրդերը: Բայց պարզվել է, որ նրանց մեջ էր իրենց Բերդակ գյուղացի Ղասմի միջնեկ տղա Մարիֆը, իսկ խմբի գլխավորը նրա մեծ եղբոր որդին էր՝ Ղասմի թոռը՝ Նադոն: Մարիֆը գրկել է Առաքելին, նստել են միասին, զրուցել, հիշել հին բարեկամներին ու ծանոթներին: Նադոն թողություն է խնդրել Առաքելից, որ մտրակով խփել էր՝ չիմանալով, թե ով է: Այսպես Առաքելը մնում է իր վաղեմի ծանոթ քրդերի մոտ: Մարիֆի և երկու այլ քրդերի օգնությամբ նա շրջում է հարազատ բոլոր վայրերով, նրան այցելում են շատ ծանոթ քրդեր, բոլորն էլ բազմաթիվ նվերներով: Առաքելը Նախագահին պատմում է Ղասմե Զիլանու գերդաստանի մասին, որ ապրում էր Դիտակ գյուղում հայերի հետ միասին: Լավ մարդ էր, միշտ օգնում էր հայերին, փրկել էր նրանց թուրք ասկյարներից: Առաքելն ասում է, որ ամեն քուրդ Քոռ Հուսեյն փաշայի նման չէ, Մշո Մուսա—Բեկի նման չէ, թալանչի չէ: Ղասմե Զիլանու ու նրա տղաների պես ազնիվ, պատվական քրդեր էլ կան: Մարիֆն իրեն պատմել է, որ քրդրերն արդեն ութ տարի է, ինչ հալածվում են թուրքերի կողմից: Ղասմի բոլոր զավակները մահացել են, մնացել է միայն Մարիֆը: Զիլանին դարդից մահացել է: Այժմ Շամիլի փոխարեն նրա որդին՝ Նադոն է գլխավորը: Այս տղան տասներկու տարեկանում Առաքելի հետ հաճախ դաշտ էր գնում, հետո Առաքելը ճանաչել էր նրան: Քրդերը զղջում են, որ կոտորել են հայերին, այժմ էլ իրենց են ուզում վերացնել: Քեմալ փաշան սուտ բարեկամություն է անում Ստալինի հետ, իրականում երկրի մեջ ժողովուրդներին կոտորում է: Առաքելը պատմում է, որ իր՝ այնտեղ եղած ժամանակ կռիվների ընթացքում սպանվել է նաև Նադոն: Հարձակումը եղել է մի թուրք ասկյար լրտեսի պատճառով, որին միամտաբար տեղ էին տվել իրենց խմբում՝ հավատալով սուտ խոսքերին: Նադոյի տեղն այժմ զբաղեցնում է տասնչորս տարեկան որդին՝ Ղասմը, որ կրում է իր հոր պապու անունը: Նոր Ղասմե Զիլանի պետք է դառնա: Մարիֆի հետ Առաքելը լինում է Դիադին գյուղում, Հովհաննու վանքում, տասնհինգ օր մնում է իրենց գյուղում՝ ամեն օր այցելելով ծնողների գերեզման: Որոշ ժամանակ անց Մարիֆը հայտնում է Առաքելին, թե այստեղ ինչ են մտածում նրա մասին, և Առաքելը վերադառնում է քրդերի օգնությամբ՝ աննկատ մնալով թշնամիների կողմից: Առաքելին ազատում են, քանի որ նրա գնալն ու գալը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդել: Սակայն Ծամերյանը համաձայն չէ կայացրած վճռի հետ: Նա իր կարծիքը ներկայացնում է Պավլովիչ Բերիային: Ի վերջո Ծամերյանը նշանակվում է Հայաստանի պետքաղվարչության քննչական բաժնի պետ, մյուս երկու քննիչները տեղափոխվում են աշխատելու Անդրկովկասյան պետքաղվարչությունում, իսկ Էլոյանի վրա կրկնակի, մշտական վերահսկողություն են սահմանում՝ համարելով պետական հանցագործ: Հայկազ Շավարշյանը հրաժարական է տալիս, գնում Մոսկվա՝ արդյունաբերական ակադեմիայում սովորելու: Առաքելի որդիներից Արամն այժմ բանվոր է դարձել, քաղաքում է, Տիգրանը փախել է Ռուսաստան, միայն մի նամակ է գրել: Առաքելը Շավարշյանի խորհրդով ոչ մեկին ոչինչ չի պատմում, բայց իր հոգու խորքում երջանիկ է, որ եղել է երկրում, կարոտն առել, որ այդ ամենը տեսիլք չէր, իրական է և որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ, ինչպիսին է Շավարշյանը: Այժմ նրան արդեն խելքից պակաս չեն համարում և ակնկալում են, որ կպատմի իրենց կորցրած հայրենիքի մասին: Սակայն Առաքելը միայն մի բան է ասում. «Նպատ լեռան ստորոտի Հովհաննու մեծ վանքը դարձյալ կանգուն է մնում իր տեղում, և Մուրադ գետն էլ, մեր Արածանին, դարձյալ առաջվա պես հոսում է մարգագետինների միջով՝ արևելքից դեպի արևմուտք…»