երեւակայությամբ ապրող խենթ եւ ժամանցային գրող…ԺՅՈՒԼ ՎԵՌՆ

Ֆրանսիացի գրող և աշխարհագետ Ժյուլ Վեռնը 
գիտաֆանտաստիկական վեպի սկզբնավորողներից է

Ժյուլ Վեռնը սովորել է Փարիզի համալսարանում, ստացել իրավաբանի մասնագիտություն: 1851–54 թթ-ին եղել է «Քնարական թատրոնի» տնօրենի քարտուղարը, 1856–64 թթ-ին՝ ֆինանսական գործակալ: 

Գրական գործունեությունն սկսել է 1849 թ-ից. գրել է պիեսներ: 1863 թ-ին լույս է ընծայել առաջին՝ «Հինգ շաբաթ օդապարիկով» վեպը, ապա՝ «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը» (1864 թ.), «Երկրից դեպի լուսին» (1865 թ.), «Նավապետ Գրանտի զավակները» (1867–68 թթ.), «Լուսնի շուրջը» (1869 թ.), «20 000 մղոն ջրի տակ» (1869–70 թթ.), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872 թ.), «Խորհրդավոր կղզին» (1875 թ.), «Տասնհինգամյա նավապետը» (1878 թ.), «Ռոբուր նվաճողը» (1886 թ.) և այլ գիտաֆանտաստիկ ու արկածային վեպեր (թվով՝ 66), վիպակներ, պատմվածքներ, որոնք հարուստ են անհավանական հրաշքներով, Երկիր մոլորակի և տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտական ռոմանտիկայով: Նրա  հերոսները վեհանձն, համարձակ, խիզախ ու ազնվասիրտ մարդիկ են, հավատում են բարու հաղթանակին և պայքարում են բռնության ու ազգային ճնշման դեմ: Վեռնը համակրել է ուտոպիստ սոցիալիստներին և Փարիզի կոմունայի (1871 թ.) գործիչներին:
Վեռնի անվան շուրջ հյուսվել են զարմանահրաշ պատմություններ: Նա ճանապարհորդել է Միջերկրական ծովով, եղել Ալժիրում, ապա՝ Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Դանիայում: Վեռնը մեծ երազող էր և գիտության ու գյուտարարության կրքոտ սիրահար: Կամենալով իրականացված տեսնել երևակայականն ու հեքիաթայինը՝ հորինել է ֆանտաստիկ ու հրաշալի պատմություններ, որտեղ հրաշքներն ստեղծվում են մարդու խելքի, տաղանդի ու մտքի շնորհիվ: 
Վեռնն իր ֆանտաստիկ վեպերում կանխագուշակել է ապագայի մի շարք մեծագույն հայտնագործություններ ու գյուտեր. նրա գրքերում նկարագրված են այն ժամանակ դեռևս գոյություն չունեցող սուզանավ, օդանավ, ուղղաթիռ, կառավարվող օդապարիկ, ռադիոընդունիչ, հեռուստացույց, կինո, էլեկտրաշարժիչ և այլն: Նա երազել է տիեզերական թռիչքների, օվկիանոսների գաղտնիքների մեջ թափանցելու և հյուսվածքների ու օրգանների փոխպատվաստման մասին: Գրողի ստեղծագործությունները հետագայում դարձել են գիտական մեծ բացահայտումների հիմք: 
Վեռնը գրել է նաև աշխարհագրությանը և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը վերաբերող աշխատություններ: Գրողը պայքարել է գիտության նվաճումներն ի շահ հարուստների օգտագործելու  դեմ («XXIX դարում: Ամերիկյան լրագրողի մեկ օրը 2889 թվականին», 1889 թ., պատմվածք, «Լողացող կղզին», 1895 թ., վեպ): «Բեգումի 500 միլիոնը» (1879 թ.), «Ուղղությունը՝ դեպի դրոշը» (1896 թ.), «Աշխարհի տիրակալը» (1904 թ.) վեպերում պատկերել է համաշխարհային տիրապետության ձգտող մարդատյաց և գիտության նվաճումները հանցավոր նպատակներով օգտագործող բռնակալների կամակատար գիտնականների կերպարներ: 
Վեռնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են կինոնկարներ («Խորհրդավոր կղզին», 1902–2005 թթ-ին՝ 12 անգամ, «20 000 մղոն ջրի տակ», 1907–2007 թթ-ին՝ 8 անգամ, «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը», 1907–2008 թթ-ին՝ 8 անգամ, «Միխայիլ Ստրոգով», 1908–99 թթ-ին՝ 15 անգամ), «Աշխարհի շուրջը 80 օրում», 1913–2004 թթ-ին՝ 9 անգամ, 1956 թ-ին արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին, «Նավապետ Գրանտի որոնումները», 1936 թ., 1985 թ.՝ բազմասերիանոց, «Տասնհինգամյա կապիտանը», 1945, 1971 և 1986 թթ., և այլն): 
Վեռնի առավել նշանավոր ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Ամալյա Ղուկասյանը, Վահան Վարդանյանը և ուրիշներ: 
Վեռնի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա, Եվրոպայի տիեզերական գործակալության առաջին բեռնատար տիեզերանավը: 
«Ապրել` նշանակում է ոչ միայն բավարարել օրգանիզմի նյութական պահանջները, այլև գլխավորապես գիտակցել իր մարդկային արժանապատվությունը»:
 
   «Վագրն անապատում ավելի քիչ է վտանգավոր, քան օձը՝ խոտի մեջ»:
Ժյուլ  Վեռն 
1889 թ-ին ամերիկացի լրագրող Նելլի Բլայը Ժյուռ Վեռնի հերոս Ֆիլեաս Ֆոգի երթուղով աշխարհի շուրջ ճանապարհորդությունը կատարել է 72 օրում: 

   Այդ առիթով Ժյուլ Վեռնը նրան հեռագիր է ուղարկել. «Ես երբեք չեմ կասկածել Նելլի Բլայի հաջողությանը: Նա ապացուցեց իր համառությունն ու արիությունը: Կեցցե՜ս»:

«Ժյուլ Վեռնն` ինքն իր մասին», այսպես էր վերնագրված լրագրող Մերի Բելոկի հարցազրույցը հանճարեղ գրողի հետ, որը լույս տեսավ1903թ., ֆրանսիական պարբերականներից մեկում: Ի դեպ, լրագրող Մերի Բելլոկը հարցազրույցը վարել է հենց Ժյուլ Վեռնի տանը եւ ցանկություն հայտնել ավելի մոտիկից ծանոթանալ գրողի կենցաղին: Ժյուլ Վեռնն էլ, որպես իսկական ջենթլմեն, որոշել է կատարել օրիորդի ցանկությունն ու նրան ուղեկցել է մի սենյակ, որտեղ եղել են հարյուրավոր քարտեզներ, 50 հազարի թվաքանակը վաղուց անցած գիտական հոդվածներ, թղթապանակներ` ըստ գիտական թեմաների եւ շուրջ 20 հազար տետր` գիտական ենթադրությունների եւ ապագայի գիտությունների մասին…«Նրա գրադարանը,- գրում է լրագրողը,- միանշանակ նախատեսված է միայն օգտագործման եւ ոչ թե ուսումնասիրությունների համար: Այնտեղ կարելի է գտնել այն, ինչ կլինի անգամ հեռավոր 21-րդ դարում….»:
Ժյուլ Վեռնը մահացավ 1905թ., մարտի 24-ին` 78 տարեկան հասակում…
Փոքրիկ  հատված  Ժյուլ Վեռնի հարցազրույցից .
«  -Մսյո Վեռն, պատմեք խնդրում եմ, ինչպե՞ս սկսվեց Ձեր գրական  գործունեությունը:
-Իմ առաջին գրական ստեղծագործությունը բանաստեղծությունների տեսքով փոքրիկ կատակերգություն էր, որը գրվեց ԱլեքսանդրԴյումա-որդու մասնակցությամբ: Նա եղել եւ մնում է  իմ լավագույն ընկերներից մեկը: Այդ բանաստեղծությունը կոչվում էր  «Կոտրված ծղոտներ» եւ բեմադրվեց «Պատմական թատրոն»-ի բեմում, որի տնօրենը Դյումա-հայրն էր: Պիեսը որոշ հաջողություններ ունեցավ եւ Ալեքսանդր Դյումա-հոր  խորհրդով, այն հանձնեցի տպագրության. «Մի անհագստացիր,-ասաց նա ինձ, երաշխավորում եմ, որ կգտնվի գոնե մեկ գնորդ»: Թատրոնի աշխատանքն ուներ չնչին վարձատրություն ու թեեւ ես գրեցի էլի մի քանի ստեղծագործություններ, որոնք բեմադրվեցին, բայց ինձ համար շուտով պարզ դարձավ`  դրամատիկ ստեղծագործությունները չեն կարող ինձ փառք կամ էլ գումար բերել, եւ ես պետք է մտածեմ ապագայիս մասին: Այդ տարիներին ես ուսանող էի ու չափազանց աղքատ:  Եւ ինչպես գիտեք, պարզվեց, որ իմ իսկական կոչումը գիտաֆանտաստիկ վեպերի, կամ այլ կերպ` գիտության մասին վեպեր ստեղծելն է: Դժվարանում եմ գտնել, ճիշտ բնորոշումը:
-Մսյո Վերն, շատ հետաքրքիր է, ինչպե՞ս սկսեցիք գրել  գիտական վեպեր, եւ առհասարակ, ինչպե՞ս ծագեց այդ գաղափարը:
-Դե, եթե անկեղծ, ես էլ չգիտեմ: Ինձ միշտ հետաքրքրել է գիտությունը, հատկապես` աշխարհագրությունը:  Սերը քարտեզի եւ մեծ աշխարհագրական բացահայտումների հանդեպ դարձավ գլխավոր խթանը: Բայց այդ ժամանակ դա գրականության մեջ բոլորովին նոր ուղղություն էր, ես փորձում էի իմ ֆանտաստիկ գրականությամբ ներկայացնել այն, ինչ տեսնում եմ ապագայի համար, այն, ինչ ենթադրում եմ, որ կլինի ապագայում: Գրելուց հետո միայն հասկացա, որ սա դարձել է իմ կյանքի ամենակարեւոր գործը: Առաջին վեպը սկսել եմ  գրել 1862թ.` «Հինգ շաբաթ օդապարիկում» գործն էր: Խելքիս փչեց, որ աշխարհի ամենահետաքրքիր  հետազոտությունները կարելի է կատարել օդային տարածքներից: Հենց դրա համար էլ հորինեցի մի քանի տեխնիկական սարքավորումներ, որոնք կղեկավարեին օդ բարձրացող ցանկացած իր: Խենթություն է, չէ՞:
-Մսյո Վերն, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր վեպերի նմանատիպ հաջողությունը:
— Դժվարանում եմ պատասխանել…Ես պարզապես փորձում եմ մատչելի կերպով բացահայտել գիտական հայտնագործություններն ու մտահաղացումները: Եկեք իմ սենյակ, ես Ձեզ ցույց կտամ այն հսկա գրապահոցը, որտեղ խնամքով պահում եմ այն բոլոր թերթերը, որտեղ կան գիտական հոդվածներ: Հավանաբար ես դրանք պարզապես գեղարվեստորեն մշակում եմ:
— Իսկ այն, որ Դուք օժտված եք պայծառատեսին բնորոշ ունակություններով…
— Դուք չափազանցնում եք…Դրանք ուղղակի զուգադիպություններ են…
-Գրականության ձեր սիրելիները:
-Սա այն հարցերից է, որին կարող եմ միանշանակ պատասխանել` Վոլտեր, Սքոթ, Դիկկենս եւ Ֆենիմոր Կուպեր: Նրանց ընթերցելիս, ես հոգնածության զգացողություն չեմ ունենում: Փոքր տարիքից սկսած ինձ գրավել են նաեւ` Մայն Ռիդն ու Սթիվենսոնը: Ես ինքս ինձ համար թարգմանել եմ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»: Բայց գրողների գրողն ինձ համար Չարլզ Դիկկենսն է: Ես հաճախ եմ հանդիպել նրա հետ: Պարտական եմ նրան իմ երեւակայության, հումորի զգացողության, սիրո, գթության, աղքատների հանդեպ` հարգանքի ու խղճի, մի խոսքով, այն ամենի համար, ինչն իմ մեջ կերտել է «մարդուն» ու «մարդկայինը»:
-Ձեր ստեղծագործություններից ամենասիրելին:
— Գիտեք, լավ հայրը սիրում է իր բոլոր երեխաներին: Դժվարանում եմ առանձնացնել, հավանաբար «Կախարդի կտակը», այն ես կարդացել եմ մի քանի անգամ…Եվ անգամ զարմանում եմ, գիտեք, ինչպե՞ս եմ կարողացել այդպես գրել…
-Հեշտությա՞մբ:
-Ոչ բացարձակապես…Եվ, առհասարակ, այս կյանքում ինձ ոչինչ հեշտ չի տրվել եւ չի տրվում.. Ու ես իմ ամենամեծ հաջողություններից մեկի համար պարտական եմ Ժորժ Սանդին: Իր նամակներից մեկի շնորհիվ նա ինձ տվել է «20000 լյո ջրի տակ» ստեղծագործության գաղափարը: Ժորժը հրաշալի  է: «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն» վեպը գրելուց հետո, երբ զրուցում էի Ժորժ Սանդի հետ, ես հանկարծ հասկացա, որ կգա մի օր, երբ մարդկանց` մեր հեռախոսներն ու հեռագրերը, ավելորդ ու չափազանց դանդաղ կթվան, անգամ անպետք: Մարդիկ կգտնեն օվկիանոսները, գետերը եւ ջրային տարածքներն օգտագործելու այլ լուծումներ, կփորձեն վերլուծել տիեզերքն ու այն ամենն, ինչ անում է մարդը: Դա, գուցե, պարզապես իմ երեւակայությունն է, բայց ես վստահ եմ մի բանում, մշակույթը թափանցում է բոլոր խուլ անկյունները, եւ զարգացումն անխուսափելի է…
Գուցե այդ ամենն իմ երեւակայությունն է, բայց ապրում եմ հենց դրանով…
Ապագայի այս  կանխատեսումների  պատճառով, Ժյուլ Վեռնին որոշ ժամանակ համարեցին երեւակայությամբ ապրող խենթ  եւ ժամանցային գրող…
«Ոչ այնքան հեռավոր ապագայում մարդիկ կտեսնեն   Էլեկտրական աթոռ, ինքնաթիռ, ուղղաթիռ: Կկատարեն թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաեւ դեպի Լուսին: Կկառուցեն  հսկա երկաթե աշտարակ Եվրոպայի կենտրոնում, ինչպես նաեւ` կկատարեն թռիչքներ մոլորակների միջով: Նրանք կունենան տեսակապ եւ հեռուստատեսություն, ստորջրյա նավատորմ  եւ կուսումնասիրեն ստորջրյա  կյանքը:
Ժյուլ Վեռն»:

Հետաքրքիր փաստեր

  • Երկրից դեպի Լուսին և Լուսնի շուրջը վեպերում Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայում տիեզերքի նվաճման մի քանի պահեր.
  • Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ։ Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում։
  • Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
  • Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։
  • Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.

Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում երկրորդն են, առաջին տեղում այդ ցուցանիշով Ագաթա Քրիստին է, նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով։
  • Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը՝ ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը։
  • Հեղինակի պատվին անվանվել է Fedora օպերացիոն սիստեմայի 16-րդ թողարկումը՝ «Verne» կոդային անվանումով։

Ստեղծագործությունները

Վեպեր

Ստեղծագործություններ նվիրված Ժյուլ Վեռնին

Գրքեր

  • Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» — Կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
  • Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» — պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը (թարգմանվել է հայերեն)։
Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև բարձրանալիս այն բաց թողնում։ Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը։

Նոթեր

Աֆորիզմեր

  • Կգա մի օր, երբ գիտությունը կգերազանցի ֆանտազիային։
  • Աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։
  • Բնությունը ոչինչ չի ստեղծում աննպատակ
  • Չի կարող պատահել այնպիսի մի իրավիճակ, որի ժամանակ մարդը իրավունք կունենար շորթել իր նմանների իրավունքի վրա։
  • Տաղանդները չունեն տարիք

Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում

Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են՝

  • եվրոպական առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագծված ԵՏԳ-ի կողմից։
  • Լուսնի վրայի խառնարաններից մեկը՝ 143 կմ տրամագժով։

Կանխագուշակությունները

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝

  • Էլեկտրական աթոռ
  • Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
  • Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
  • Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»)
  • GPS նավիգացիոն համակարգ («20 000 լյո ջրի տակ»)
  • Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»)։ Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականից “Տիեզերական կենտրոն Քեննեդի”
  • Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը — նկարագրությունը շատ նման է)
  • Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
  • Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
  • Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)

Չիրականցված կանխագուշակումներ՝

  • Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»)։ Ամեն ինչ եղավ ընդհակառակը։
  • Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով