Այսպիսին է ԴԱԼԻՆ

Իսպանացի անվանի սյուրռեալիստ նկարիչ, գրող Սալվադոր Դալին (1904թ. մայիս 11 — 1989թ. հունվար 23) ծնվել է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա մասնագիտական սկզբնական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա:

Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուարի հետ, ով Դալիի հետագա կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:                                      Թեև Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, բայց այդ ուղղության առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի՝ այս ժամանակահատվածի նկարներն արտացոլում են տեսիլային կերպարներն ու ամենօրյա առարկաները, օրինակ՝ հայտնի սահող ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931թ., Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։                                                                                 Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտել են իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ ( 1928թ., 1930թ.):                                                                                                                                         1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ նա ապրում է մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ`   նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ:                                                                         Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ`   «Կորպուս Գիպերկուբուս» (1954թ., Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և  (1955թ., Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն): Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով:                                                                       Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ: Դալիի նկարչության հետ մեկտեղ կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942թ.) և «Հանճարի օրագիրը» (1964թ.):                                                                        Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում`   Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:

Սալվադոր Դալին էքսցենտրիկ մարդ էր, հայտնի էր իր նարցիսիզմով և հավերժ սկանդալային բնավորությամբ:

Նկարիչ, քանդակագործ, փորագրող՝ XX դարի ամենատաղանդավոր սյուրռեալիստներից մեկը: Իր անձի մասին նա միշտ շատ էր խոսում, օրագիր էր պահում, կյանքի ընթացքում ինքնակենսագրականներ էր հրապարակում: Եվ այս ամենում հասկանալ, որտե՞ղ է իրական Դալին և որտե՞ղ մտածածինը՝ ուղղակի անհնար է: Միգուցե նրա մեջբերումները լույս սփռեն, թե ինչպիսին էր Դալին իրականում:

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ Սալվադոր Դալիի 30 ցիտատները արվեստի, թշնամիների և սիրելի եսի մասին.

  • Դալին թմրանյութ է, առանց որի այլևս անհնար է:
  • Աշխարհը ստիպված է մի փոքր սեղմվել, և հարց. կտեղավորի՞ արդյոք հանճարին:
  • Նույնիսկ մեծագույն հոգեբանները  չեն կարողացել հասկանալ՝ որտե՞ղ է ավարտվում հանճարեղությունը և որտեղ սկսվում խելագարությունը:
  • Մեծագույն հանճարները միշտ էլ լույս աշխարհ են բերում միջակ երեխաների, և ես չեմ ուզում դառնալ դրա ապացուցողը: Ես ուզում եմ ժառանգություն թողնել միայն ինքս ինձ:
  • Լինելով միջակություն, պետք չէ կաշվից դուրս գալ՝ միջակությունն ապացուցելու համար: Դա առանց այն էլ պարզ երևում է:
  • Մեխանիզմը իսկզբանե իմ անձնական թշնանմին էր: Իսկ ինչ վերաբերում է ժամացույցին, ապա դրանք դատապարտված են հոսել կամ ընդհանրապես գոյություն չունենալ:
  • Դժբախտ են հոգով աղքատները, քանզի բարի մտադրությունները կապում են նրանց ոտքերն ու ձեռքերը:
  • Ասենք դուրս եկան մարդիկ տիեզերք, և ի՞նչ: Ինչի՞ն է նրանց պետք տիեզերքը, եթե տրված չէ հավերժությունը:
  • Հերոսը, եթե նա հերոս է՝ միշտ ինքնուրույն է: Մի բան է հերոսը, մեկ ուրիշ բան՝ ծառա:
  • Սխալը՝ Աստծուց է: Այդ իսկ պատճառով մի փորձեք ուղղել սխալը: Հակառակը, փորձեք հասկանալ այն, խորանալ նրա էության մեջ, հարմարվել նրան: Եվ այդժամ կգա ազատումը:
  • Մարդուն պետք է ընդունել այնպիսին՝ ինչպիսին որ կա: Ամբողջ իր կեղտով և մահվան հետ հանդերձ:
  • Եթե անընդհատ մտածես. «ես հանճար եմ», վերջիվերջո կդառնաս հանճար:
  • Բեղերի ձևը պայմանավորված է պատմականորեն: Հիտլերը չէր կարող այլ ձևի բեղեր ունենալ՝ միայն այդ սվաստիկան քթի տակ:
  • Նկարիչը նա չէ, որ ոգեշնչվում է, այլ նա, որ ոգշնչում է:
  • Տեսար, այն գրավեց քո հոգին և վրձնի միջով թափվեց կտավի վրա: Սա գեղանկարչությունն է: Եվ նույն բանն է սերը:
  • Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց դրա դեռևս անհնար է:
  • Նկարչի համար, վրձնի յուրաքանչյուր հպումը կտավին՝ մի ամբողջ դրամա է:
  • Վազել պատմության առջևով շատ ավելի հետաքրքիր է, քան նկարագրել այն:
  • Քաղաքականությունը նման է քաղցկեղի: Խժռում է պոեզիան:
  • Պատմության կողքը քաղաքականությունը՝ նման է անեկդոտի:
  • Ամենապարզ ձևը ազատվել ոսկու իշխանությունից՝ ունենալ դրանից շատ:

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը

Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր:

Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ: Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում: Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել: Խաչատրյանը կյանքում և կենցաղում համեստ մարդ էր և իր մեծությունն ու փառքն արժանապատվորեն էր կրում: Նրան ընդունել էին բարձր մակարդակով, և երևի նա պետք է ցանկանար միայն թռչնի կաթ: Բայց թռչնի կաթ չէր օգտագործում, նրա սիրած խմիչքն «Արարատ» կոնյակն էր: Ի  պատասխան իր հանճարեղության մասին հաճոյախոսությունների` նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ասաց, որ Իսպանիան, ուր ինքը պատիվ ունի ելույթ ունենալ, 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հայրենիքն է, որին ինքը պաշտում է: Նշեց, որ հիացած է իսպանական հյուրասիրությամբ, և որևէ այլ ցանկության մասին խոսք լինել չի կարող: Միակ բանը, որ կցանկանար, Սալվադոր Դալիի հետ ծանոթանալը և նրան անձամբ իր հիացմունքը և խորին հարգանքը հայտնելն է: Նույնիսկ կցանկանար ունենալ նկարչի ալբոմը հեղինակի ստորագրությամբ:

Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները տարակուսեցին: Բանն այն է, որ Դալին հայտնի էր իր անըմբռնելի   էքսցենտրիկությամբ, իր արտասովոր վարքով, և գրեթե անհնար էր կատարել կոմպոզիտորի խնդրանքը: Ավելին, դա անհնար էր նաև այն պարզ պատճառով, որ Դալին ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր Իսպանիա գալիս: Բայց ամեն ինչ հաջողվեց հեքիաթային արագությամբ և կասկածելի հեշտությամբ: Անդրօվկիանոսային Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին և պատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի, ցանկացած պահի ընդունել իսպանական իր համեստ առանձնատանը: Նա ասաց, որ երջանիկ այդ հանդիպման համար ինքը պատրաստ է թողնել բոլոր գործերը, որոնք առանձնապես կարևոր էլ չեն: Ո՞ւմ է պետք ինքը` խեղճ, ծեր նկարիչը: Հենց հիմա կգնա օդակայան և ինքնաթիռ կնստի: Ասենք վաղը` ցերեկվա ժամը 2-ին: Եթե հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է, ապա ինքը` համեստ ներկարար Դալին, անհայտ անհաջողակը, իր կյանքի մնացյալ օրերը երջանիկ կապրի, բացարձակապես երջանիկ, քանզի իր աննշան անձը հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային երաժշտության այդպիսի հսկայի և լուսավորչի համար:

Այս խոսքերից սիրտը կանգնելու չափ ցնցված իմպրեսարիոն հրավերը փոխանցեց Խաչատրյանին` իսպանական նրբագույն պատշաճությամբ զգացնել տալով, որ Խաչատրյանի փառքը վաղուց անցել է հնարավորի և անհնարինի սահմանագիծը: Եթե ինքը` ուսուցիչ Դալին, որ ընդունակ է հենց այնպես, տրամադրությունից ելնելով կամ սկանդալային ինքնառեկլամի համար ցանկացած պրեզիդենտի «ուղարկել ուր հարկն է», այդպես բարձր է գնահատում Խաչատրյանին…

Եվ հաջորդ օրը` ժամը երկուսից 3րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին և թարգմանչուհուն կառավարական դասի լիմուզինը հասցրեց Դալիի ճերմակաքար, աշտարակավոր մավրիտանական ապարանքի դարպասների մոտ:

Կուրացուցիչ շքեղությամբ հագնված դռնապանն ու թիկնապահը, դարպասը բացելով, հայտնեցին, որ տանտերն արդեն սպասում է և ցանկանում մտերմիկ ընտանեկան հանդիպում անցկացնել, այդ իսկ պատճառով թարգմանիչ պետք չէ, քանզի մոնսինյոր Դալիի կինը ռուս է:

Մեքենան նույնպես պետք չէ, քանզի մոնսինյոր Դալին կարգադրել է հանդիպումից հետո կոմպոզիտորին տանել իր մեքենայով:

«Ո՞վ է ձեզանից սինյոր Խաչատրյանը, պատիվ արեք, սինյո’ր, նե’րս համեցեք: Ո՛չ, Ո՛չ: Մնացածներին ընդունելու կարգադրություն չի եղել»:

Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև այս ամենը Դալիի «ձեռագիրն» էր: Նրանք սեղմեցին Խաչատրյանի ձեռքը` ցանկանալով հաճելի ժամանց, և խնդրեցին իրենց ողջույնները հաղորդել մեծ հայրենակցին ու հեռացան:

Իսկ Խաչատրյանին մարմարյա ծառուղով ուղեկցեցին պալատ: Սանդղամուտքի մոտ նրան խոնարհաբար գլուխ տվեց թագավորական պալատի արարողապետ հիշեցնող մեկը: Եվ Խաչատրյանն սկսեց մտածել` ճի՞շտ է արդյոք հագնվել, գուցե նպատակահարմար կլիներ ներկայանալ սմոքինգով… Բայց այդ մասին նրան չէին զգուշացրել: Եվ ժամն էլ ցերեկ է, հանդիպումը` ոչ պաշտոնական: Եվ հետո` հենց ինքն էլ մեծ մարդ է, ի՞նչ կա որ…

Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան (ճերմակ ծեփակերտվածք, հավաքածո մանրատախտակ և հայելի) և առաջարկեց նստել: Նա իսպաներենով տեղեկացրեց, որ մոնսինյոր Դալին հիմա այդ դռնով ներս կմտնի:

Այդ պահին պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ (ժամը երկուսն էր): Արարողապետը խոնարհվեց և անհետացավ` իր ետևից փակելով դուռը:

Խաչատրյանը սենյակում մենակ մնաց:

Նա նստեց ոսկեթել շքեղ բազմոցին (անկասկած Լուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի): Նրա դեմ խճանկար սեղան էր` վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահի մյուս անկյունում` ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը: Անցան րոպեներ, ևս մի քանի րոպե: Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն իսպառ ընդունված չէ` նա աշխուժորեն սկսեց դիտել շրջապատը, ուղղել փողկապը, ձեռքով հարդարել մազերը: Հավանաբար Դալիի կինը` Գալան, նույնպես կգա, քանզի թարգմանչի կարիք չկա: Նա մտքում բառեր էր ընտրում, նուրբ հաճոյախոսություններ մշակում:

Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի, հինգ րոպե անց ավելի հարմար տեղավորվեց բազմոցին և արկղից ծխախոտ վերցրեց: Ոտքը ոտքին դրեց և սկսեց քուլա-քուլա ծուխ արձակել: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ` գրողի ծոցը կորչի, ախր հանդիպումը ժամը երկուսին էր: Մի կում կոնյակ լցրեց ու խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու մի բաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ինչ անտաշություն, ինչ է, ինքը երեխա՞ է: Կանգնեց, պիջակն արձակեց, հետո փողկապի կապը թուլացրեց և սկսեց քայլել սենյակում: Հետո ձեռքերը դրեց գրպանը ու սկսեց քայլել սրահում: Նայում էր սիրամարգին` ապուշ թռչուն է, գոռում է էշի պես: Ժամը երեքից 15 պակաս այս հանդիպումը Խաչատրյանին սկսեց դուր չգալ: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին: Գուցե արարողապետը շփոթե՞լ է սրահները: Բայց դուռը կողպեքով փակված էր: Եվ Խաչատրյանը որոշեց` կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Այս ինչ այլանդակություն է… Սա արդեն նվաստացուցիչ է:

Ուղիղ երեքին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս«Ախթամար» խմեց և հաստատակամ մոտեցավ դռներին: Բայց պարզվեց` այն դուռը, որտեղից ներս էր մտել, չէր ուզում բացվել: Խաչատրյանը զարմացավ, պտտեց բռնակը, տարակուսած թոթվեց ուսերը: Հետո հերթականությամբ փորձեց բացել սրահի բոլոր դռները: Բոլորը փակ էին: Շփոթված, մոլորված և բարկացած սկսեց հրել` փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայն հայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու խծկեց գրպանը: Փնտրեց հեռախոս կամ զանգի կոճակ: Բայց` իզուր:

Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Բայց, ախր, հրավիրեցին, հավաստեցին… գժվել կարելի է: Արդեն ուտելու պահանջ զգաց. հաստափոր մարդ է, սիրում է հաճույքով ուտել: Արդեն ճաշելու ժամանակն էր: Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց, որպեսզի Դալիի հետ ճաշի:

Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատ էլ կոնյակ գցեց: Սկսեց կատաղել, սրտնեղել:

Երեք անց կեսին բնական պահանջ զգաց, բայց դռները փակ էին: Արդեն քաղաքավարության կանոնները հարգելու ժամանակը չէր: Սկսեց թակել բոլոր դռները, հետո թակոցներն ուժեղացան: Ոչ մի պատասխան: Փորձեց բացել պատուհանը կամ գոռալ: Բայց հատուկ հաստության պատուհանը բացել անհնար էր: Նա սկսեց վազվզել սենյակում և բարձրաձայն հայհոյել: Ժամը 4-ին մոտ համբերության բաժակը լցվեց: Որոշեց` կհամբերի մինչև չորսը, հետո ինչ կլինի` կլինի, թող կորչեն սրանք գրողի ծոցը: Պատուհանի մոտ մավրիտանական հնաոճ մի սկահակ կար` գեղեցկատես, տարողունակ: Եվ սկահակն սկսեց խառնել նրա մտքերը: Ժամը 4-ին վերջապես, այլևս չհամբերելով, նա բավարարեց բնական պահանջը:

Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց   «Սուսերով պարը»: Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, թռչկոտելով` ներս մտավ Սալվադոր Դալին:

Հենց այդպես, գլխավերևում ճոճելով սուսերը, բոլորովին մերկ, խոզանակը հեծած` նա սիգարշավեց ամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ու երաժշտության ձայնը կտրվեց:

Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է: Եվ հրավիրեց դեպի ելքը:

Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Սանդղամուտքի մոտ նրան հանձնեցին հոլանդական տպագրությամբ Դալիի պերճաշուք, շքեղ ալբոմը` հեղինակի սրտառուչ մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր:

Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Ճանապարհին Խաչատրյանն ուշքի եկավ, ցանկացավ դուրս շպրտել գարշելի ալբոմը, բայց միտքը փոխեց:

Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները, իրար ընդհատելով, հարցուփորձում էին, թե ինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բան փնթփնթաց` աշխատելով կարճ խոսել, որպեսզի ստի մեջ չխճճվի:

Հենց նույն օրը հանդիպման մանրամասները տպագրվեցին երեկոյան թերթում:

Ի դեպ, Դալին ներողամիտ տոնով թերթում նշել էր, որ վայրի Ռուսիայի սովորական հյուրը գիշերանոթի տեղ օգտագործել էր 600 տարվա հնություն ունեցող, հարյուր հազար դոլար արժողությամբ հնաոճ սկահակը:

Ինչևէ, Խաչատրյանն այլևս Իսպանիա չմեկնեց:

Հեղինակ` Միխայիլ Վելլեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով