Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային
գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է:
Վիլյամ Շեքսպիրը սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը:
Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:
Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի:
Առաջին շրջանում (1590–1600 թթ.) գրել է «Հենրի VI» (1590–92 թթ), «Ռիչարդ III» (1593 թ.), «Ռիչարդ II» (1595 թ.), «Ջոն արքա» (1596 թ.), «Հենրի IV» (1597–98 թթ.), «Հենրի V» (1598 թ.) պատմական պիեսները՝ քրոնիկները, «Սխալների կատակերգություն» (1592 թ.), «Անսանձ կնոջ սանձահարումը» (1593 թ.), «Երկու վերոնացի ազնվականներ» (1594 թ.), «Միջամառնային գիշերվա երազ» (1596 թ.), «Վենետիկի վաճառականը» (1596 թ.), «Ոչնչից մեծ աղմուկ» (1598 թ.), «Վինձորի զվարճասեր կանայք» (1598 թ.) կատակերգությունները, «Ռոմեո և Ջուլիետ» (1595 թ.), «Հուլիոս Կեսար» (1599–1600 թթ.) ողբերգությունները և այլ գործեր:
Քրոնիկներում առավել ակնհայտ է Շեքսպիրի ինքնուրույնությունը. հեռացել է իր նախորդների՝ պատմության ռոմանտիկական մեկնաբանումից: Ըստ նրա՝ պատմությունը կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև հասարակ ժողովուրդը, որը պիեսներում ներկայացված է որպես անձնական և ազգային արժանապատվությամբ օժտված, անօրինականությանը հակահարված տալու պատրաստ գիտակից խավ:
Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ:
Շեքսպիրի այս շրջանի ողբերգություններում արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը. ողբերգականը ներկայացված է որպես մարդկանց քստմնելի չարագործությունների արգասիք («Տիտուս Անդրոնիկուս», 1594 թ.), պատանի սիրահարների գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը («Ռոմեո և Ջուլիետ») և այլն:
Երկրորդ շրջանում (1601–08 թթ.) գրել է իր գլուխգործոցները՝ «Համլետ» (1601 թ.), «Օթելլո» (1604 թ.), «Լիր արքա» (1605 թ.), «Մակբեթ» (1606 թ.), «Անտոնիուս և Կլեոպատրա» (1607 թ.), «Կորիոլան» (1607 թ.) ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով. անարդար հասարակարգն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից:
Երրորդ շրջանի (1609–12 թթ.) գործերում («Սիմբելին», 1610 թ., «Ձմեռային հեքիաթ», 1611 թ., «Փոթորիկ», 1612 թ., և այլն) գերիշխում են հեքիաթային, գերբնական տարրերը:
Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:
Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանն առաջինն անդրադարձել է Հովսեփ Էմինը՝ 1792 թ-ին գրած իր հուշերում: 1866 թ-ից սկսած դրամատուրգի գործերը բազմիցս հատվածաբար թարգմանել և խաղացել են թե՜ արևմտահայ, թե՜ արևելահայ բեմերում: Շեքսպիրի գործերից ամբողջությամբ առաջինը թարգմանել է Կարապետ Տետեյանը («Կատակերգություն սխալանաց», «Վենետիկի վաճառականը», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»): Անգերազանցելի են մանկավարժ, դիվանագետ, հրապարակախոս Հովհաննես Մասեհյանի (1864–1931 թթ.) թարգմանությունները՝ իր իսկ ընդարձակ ու արժեքավոր առաջաբաններով, ծանոթագրություններով: Հայտնի թարգմանիչներից են նաև Վահրամ Թերզիբաշյանը, Խաչիկ Դաշտենցը, Հենրիկ Սևանը, Ստեփան Ալաջաջյանը:
Շեքսպիրյան հերոսների փայլուն կերպարներ են ստեղծել դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մկրտիչ Ջանանը, Ցոլակ Ամերիկյանը, Դավիթ Մալյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Լևոն Թուխիկյանը և ուրիշներ: 1944 թ-ից Երևանում պարբերաբար տեղի են ունենում շեքսպիրյան ներկայացումների միջազգային փառատոներ և գիտաժողովներ:
Շեքսպիրի նույն գործերին անդրադարձել են տարբեր ազգերի արվեստագետներ. նկարահանել են բազմաթիվ կինոնկարներ («Համլետ», 1948 և 1964 թթ., «Օթելլո», 1955 թ., «Ռոմեո և Ջուլիետ», 1968 թ., «Մակբեթ», 1971 թ., «Լիր արքա», 1971 թ., և այլն), գրել օպերաներ («Օթելլո», 1816 և 1847 թթ., «Մակբեթ», 1887 թ., և այլն), բալետներ («Փոթորիկ», 1889 թ., «Ռոմեո և Ջուլիետ», 1938 թ., և այլն), ստեղծել կերպարվեստի արժեքավոր գործեր:
Շեքսպիրի գործերը ոգեշնչել են հայ կերպարվեստի գործիչներին, նրա պիեսների բեմադրությունների համար երաժշտություն են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ:
1966–85 թթ-ին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան հրատարակել է «Շեքսպիրական» (Հայկական շեքսպիրական տարեգիրք) մատենաշարը (7 գիրք): 1966–99 թթ-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործել է Շեքսպիրագիտության կենտրոնը (1994 թ-ից՝ գիտահետազոտական խումբ), որն զբաղվել է Շեքսպիրի երկերի թարգմանությամբ, հայ թատրոնում շեքսպիրյան բեմադրությունների պատմության և այլ հարցերով: Ստեղծվել է նաև շեքսպիրագիտական կաբինետ-գրադարան (1994 թ-ի մայիսից՝ Ռուբեն Զարյանի անվան շեքսպիրագիտական գրադարան):
1984 թ-ին «Կորիոլան» ներկայացումը (Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան, գլխավոր դերակատար՝ Խորեն Աբրահամյան) արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:
«Ահով ու դողով եմ մոտենում գրական այն հսկա կաղնուն, որի մեջ միանում ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները»:
Վոլֆգանգ Գյոթե
«Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»:
Հովհաննես Թումանյան
«Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն»:
Մարտիրոս Սարյան
Ուիլիամ Շեքսպիր | Համլետ | համառոտ
Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն. գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական ընկերը. նրա հետ է Մարցելլոսը: Հորացիոն եկել է հավաստիանալու, որ գիշերով դղյակ այցելող տեսիլքի մասին պատմությունը ճշմարիտ է: Տեսիլքը իբրև թե Դանիայի մահացած արքայինն է: Հորացիոն հակված է տեսիլքի մասին պատմությունը երևակայության խաղ համարել: Կեսգիշեր է: Զրահավորված հայտնվում է ուրվականը: Հորացիոն ցնցված է: Այս այցելությունների մեջ նա տեսնում է «պետության համար վտանգի նշան:» Որոշում է տեսածի մասին պատմել արքայազն Համլետին, որն ընդհատել էր իր ուսումը Վիտտենբերգի համալսարանում և տուն էր վերադարձել հոր անսպասելի մահվան պատճառով: Համլետի ցավն էլ ավելի է մեծացել, երբ իմացել է, որ մայրը հոր մահից հետո իսկույն ամուսնացել է իր հորեղբոր հետ: Իմանալով գիշերային ուրվականի մասին՝ Համլետն իսկույն տենչում է տեսնել նրան:
Գիշերով ուրվականը գալիս է և պատմում է Համլետին աղետալի չարագործության մասին:
Երբ թագավորը հանգստանում էր իր այգում, թագավորի եղբայրը դավադրաբար նրա ականջի մեջ թույն է լցրել: Ուրվականը խնդրում է լուծել իր վրեժը:
Աշխարհը շուռ է գալիս Համլետի համար: Երդվում է վրեժխնդիր լինել: Խնդրում է ընկերներին լռել այս ամենի մասին:
Այդ ընթացքում թագավորի սենեկապետ Պոլոնիուսը իր որդուն՝ Լաերտին ուսման է ուղարկում Փարիզ: Լաերտը եղբայրական խրատներ է տալիս քրոջը՝ Օֆելիային: Այստեղ իմացվում է Օֆելիայի հանդեպ Համլետի տածած զգացմունքի մասին: Եղբայրը խորհուրդ է տալիս քրոջը լինել զգույշ, խոհեմ, քանզի Համլետը հպատակ է իր բարձր ծագմանը: Նրա խոսքերին է միանում հայրը՝ Պոլոնիուսը: Արգելում է ժամանակ անցկացնել Համլետի հետ: Օֆելիան պատմում է հորը, որ Համլետն այցելում է իրեն և վերջերս իրեն տարօրինակ է պահում: Պոլոնիոսն ասում է, որ դա Օֆելիայի հանդեպ սիրուց է և որ ինքը ամեն բան կհայտնի թագավորին:
Թագավորը, որի խիղճը հանգիստ չէ, անհանգստանում է նաև Համլետի վարքի համար: Ի՞նչ է դա. խելագարությու՞ն, թե՞ դրա տակ թաքնված է ուրիշ ինչ-որ բան: Կանչում է Ռոզենկրանցին և Գիլդենստերնին՝ Համլետի վաղեմի ընկերներին և խնդրում, որ հետևեն Համլետին և պարզեն դա: Գալիս է Պոլոնիոսը և ասում է, որ Համլետի խելագարությունը կապված է սիրո հետ: Ցույց է տալիս Օֆելիայից վերցրած Համլետի սիրային նամակը: Խոստանում է կազմակերպել դստեր և Համլետի հանդիպումը, որ հավաստիանա դրանում:
Ռոզենկրանցը և Գիլդենստերնը ապարդյուն փորձում են Համլետից իմանալ նրա գաղտնիքը: Համլետը հասկանում է, որ նրանց ուղարկել է թագավորը:
Համլետը իմանում է, որ քաղաք է եկել շրջիկ դերասանների խումբը: Փորձում է օգտագործել նրանց՝ թագավորի հանցավորությունը ստուգելու համար: Առաջարկում է դերասաններին բեմադրել Պրիամոսի մասին ողբերգությունը, որի մեջ նա մի քանի տող կավելացնի: Դերասանները համաձայն են:
Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին:
Համլետը միայնակ ճեմում է և արտասանում է իր «Լինել, թե չլինել» հռչակավոր մենախոսությունը:
Պոլոնիոսը Համլետի մոտ է ուղարկում Օֆելիային: Համլետը հասկանում է, որ իրենց զրույցին ականջ են դնում և խելագար է ձևանում: Խորհուրդ է տալիս Օֆելիային գնալ մենաստան: Օֆելիային խոցում են Համլետի խոսքերը, իսկ թագավորը հասկանում է, որ Համլետի խելագարության պատճառը սերը չէ:
Համլետը խնդրում է Հորացիոյին ներկայացման ժամանակ հետևել թագավորին: Սկսվում է ներկայացումը: Համլետը բարձր մեկնաբանում է գործողությունները: Բեմում Գոնզագոն՝ թագավորի եղբայրը, դուրս է գալիս թույնը ձեռքին, մոտենում է քնած թագավորին և թույնը լցնում նրա ականջի մեջ՝ այդ գործողությամբ տիրանալով երկրին, թագին և թագուհուն:
Ներկայացումը դիտող թագավորը վեր է թռչում: Սկսվում է իրարանցում: Պոլոնիոսը պահանջում է ընդհատել ներկայացումը: Բոլորը գնում են: Մնում են միայն Համլետը և Հորացիոն: Այժմ թագավորի հանցավորությունն ապացուցված է: Նա մատնեց իրեն:
Վերադառնում են Ռոզենկրանցը և Գիլդենստերնը: Բացատրում են, թե որքան դառնացած է թագավորը և որքան տարօրինակ է թվում Համլետի պահվածքը թագուհուն: Համլետը Գիլդենստերնին է տալիս սրինգը և խնդրում է նվագել: Սա հրաժարվում է ասելով, որ չգիտի նվագել: Համլետը տարակուսանքի մեջ է. իսկ ինչպե՞ս էր պատրաստվում նվագել իր նյարդերի վրա:
Պոլոնիոսը կանչում է Համլետին մոր մոտ:
Այդ ընթացքում թագավոր Կլավդիուսն իր սենյակում աղոթում է:
Համլետը գալիս է մոր մոտ: Պոլոնիւսը զրույցին ականջ դնելու համար թաքնվել է վարագույրի հետևում: Համլետը կշտամբում է մորը: Մայրը վախեցած ճչում է և Պոլոնիոսը օգնության է կանչում վարագույրի ետևից: Համլետը «մուկը, մուկը» բացականչությամբ վարագույրի միջով սրախողխող է անում Պոլոնիոսին:
Երևում է ուրվականը և պատվիրում է Համլետին հանգիստ թողնել թագուհուն: Թագուհին չի տեսնում ուրվականին: Նրան թվում է, որ Համլետը լրիվ խելագարվել է: Պատմում է թագավորին, որ Համլետը խելագարության նոպայի մեջ սպանել է Պոլոնիուսին: Թագավորը որոշում է Ռոզենկրանցի և Գիլդենստերնի ուղեկցությամբ Անգլիա ուղարկել Համլետին, որտեղ հետևելով իր գրած նամակի խնդրանքին՝ արքայազնին կսպանեն:
Համլետը դավաճան ընկերների ուղեկցությամբ նավով ուղևորվում է Անգլիա:
Իմանալով հոր սպանության մասին Փարիզից վերադառնում է Լաերտը: Նրան սպասում է նոր դժբախտություն: Օֆելիան խելագարվել է: Լաերտը ծարավ է վրեժի: Զինված ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում է: Թագավորը հասկանում է, որ իր նախագիծը ձախողվել է, և ներքաշում է Լաերտին իր հետագա դավադրության մեջ: Առաջարկում է Լաերտին ընկերական սուսերամարտի բռնվել Համլետի հետ, իսկ սուսերի ծայրին թույն քսել:
Թագուհին հայտնում է Օֆելիայի մահվան մասին:
Երկու գերեզմանափորներ փոս են փորում: Հայտնվում են Համլետը և Հորացիոն: Համլետը խորհրդածում է համայն գոյության անցողիկության մասին: Մոտենում է հուղարկավորության թափորը: Լաերտը գցում է իրեն փոսը և աղաչում իրեն թաղել Օֆելիայի հետ միասին: Համլետը բորբոքվում է նրա խոսքերի կեղծ երանգից: Ասում է, որ ինքը ավելի է սիրել Օֆելիային, քան դա կարող են անել քառասուն հազար եղբայրներ:
Թագավորը բաժանում է երիտասարդներին:
Հորացիոն և Համլետը մենակ են: Համլետը պատմում է, թե ինչպես է հաջողացրել կարդալ թագավորի նամակը: Փոխարինել է նամակը ուրիշ նամակով, որի մեջ օգտվելով հոր կնիքից, պատվիրել է մահվան դատապարտել իր ուղեկիցներին՝ Ռոզենկրանցին և Գիլդենստերնին: Գալիս է Օզրիկը, թագավորների մերձավորներից մեկը և հայտնում է մենամարտելու Լաերտի առաջարկի մասին: Համլետն ընդունում է հրավերը:
Մենամարտից առաջ ասում է Լաերտին, որ բոլոր վիրավորական խոսքերն ասել է խելագարության մեջ: Մինչ այդ թագավորը ևս մեկ թակարդ է լարել: Պատրաստել է թունավոր գինով գավաթը, որը մտադիր է առաջարկել Համլետին:
Լաերտը վիրավորում է Համլետին: Փոխվում են սուսերներով: Համլետը վիրավորում է Լաերտին: Թագուհին թունավոր գավաթից խմում է Լաերտի կենացը: Մեռնում է: Լաերտը խոստովանում է Համլետին դավադրության մասին: Թագավորն է ամենի մեղավորը:
Համլետը թունավոր սուսերով խոցում է թագավորին և ինքն էլ մեռնում է:
Հորացիոն ուզում է խմել թունավոր գավաթից, որպեսզի գնա Համլետի հետևից: Համլետն արգելում է նրան: Հորացիոն հայտնում է պատահածի մասին Ֆորտինբրասին և անգլիացի դեսպաններին:
Ֆորտինբրասը հրամայում է չորս գնդապետի տանել Համլետին, որպես զինվորի: