Երկինքը կատարյալ լինելն է … ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

Ռիչարդ Բախ (անգլ.՝ Richard Bach, հունիսի 23, 1936 , Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ ), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։ Բախի ստեղծագործությունները ապացուցում են իր փիլիսոփայությունը ֆիզիկական սահմանների բացակայության և մահվան գաղափարի անէության մասին։ Բախը հայտնի է իր սիրով դեպի թռիչքը և իր գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքին և կրում են փոխաբերական խորը ենթատեքստ։ 2012 թ.-ի օգոստոսի վերջին Բախը ծանր վիրավորվել է՝ Վաշինգթոնի Ֆրայդեյ Հարբորում վայրէջք կատարելիս։

Բախը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք-Պարկում։ 1955 թ.-ին նա ընդունվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանը։

17 տարեկանից Բախը իր մեծագույն նախասիրությունը համարել է թռիչքը։ Օդանավով առաջին թռիչքը իրականացրել է 15 տարեկանում, երբ իր մայրը Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ խորհրդի անդամ էր։ Մոր աշխատակիցը, որը վարում էր օդանավեր, հրավիրեց Ռիչարդին իր Globe Swift-ով թռիչքին։

Բախը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, ապա Նյու Ջերսեյի ազգային պահպանության ուժերի 108-րդ Fighter Wing ջոկատում և 141st Fighter Squadron ջոկատում որպես F-84F օդաչու. Ծառայությունից հետո Բախը ունեցել է տարբեր մասնագիտություններ, ինչպիսիք էին Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր։ Բախը ծառայել է նաև 1960 թվականին Ֆրանսիա-յում ստեղծված USAF-ի պահեստային ուժերում։

Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970 թվականին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981 թվականին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։ 1990-ական թվականներին նրանք բաժանվեցին և 1999 թ.-ին Բախի երրորդ կինը դարձավ Աաբրինա Նելսոն-Ալեքսապուլոսը։

Բախը երևակայական և իրական ժանրերի մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները անդրադառնում են թռիչքին՝ սկսած իր առաջին գրքից՝ Օտարը ցամաքի վրա-ից, որտեղ նա անմիջականորեն անդրադառնում է օդանավով թռիչքին, մինչև իր վերջին գործերը, որտեղ նա կիրառում է թռիչքը որպես փոխաբերություն։ Բախի գրքերի մեծամասնությունը պարունակում է ինքնակենսագրական տարրեր, որոնք՝ միաձուլվելով իր կյանքի իրական և երևակայական իրադարձությունների հետ արտացոլում են իր անհատի խոր փիլիսոփայությունը։

Բախին մեծագույն ճանաչում բերեց 1970 թ.-ին Macmillan Publishers տպագրատանը լույս տեսած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գիրքը։ Վերջինս ներառում էր Ռուսսելլ Մուսոնի հեղինակությամբ ճայերի յուրօրինակ լուսանկարներ։ Գիրքը դարձել էր համար առաջին բեսթսելլերը։ Թեև պատմվածքն ուներ 10,000 բառից պակաս բառաքանակ, այնուամենայնիվ այն ամենալայն վաճառքն ունեցող գիրքն էր Քամու հետ գնացած-ից հետո։ 1972 թ.-ի տվյալներով միայն ԱՄՆ-ի տարածքում վաճառվել էր գրքի 1,000,000 օրինակ։ Գրքի անսպասելի հաջողությունը 1970-ականների սկզբին լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում։

Գրքեր

  • Բիպլան (1966)
  • Ոչինչ պատահական չէ (1969)
  • Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (1970)
  • Թևերի պարգևը (1974)
  • Չկա այդպիսի վայր՝ հեռու (1976)
  • Պատրանքներ (1977)
  • Կամուրջ հավերժության վրայով
  • Միակը (1988)
  • Փախուստ անվտանգությունից
  • Իմ բանականությունից դուրս (2000)
  • Կզաքիսների օրագրերը։
    • Կզաքիսները (2002)
    • Կզաքիսները՝ ծովի փրկիչներ (2002)
    • Գրող-կզաքիսները մուսայի որոնումներում
    • Ռանչպար կզաքիսներ
    • Վերջին պատերազմը. խուզարկու-կզաքիսները և Ոսկե Սխրագործության դեպքը (2003)
  • Կզաքիսների արկածները (2005)
  • Թռիչք. տրիլոգիա (2003)
  • Հիպնոսացնելով Մարիային (2009)

«Ջոնաթան Լիվինգստոն ճայի» հայերեն խոսող գիրքը (աուդիո-գիրքը)

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» (անգլ.՝ Jonathan Livingston Seagull), Ռիչարդ Բախի նովելը, առակ մի ճայի մասին, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Հրատարակվել է 1970 թվականին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» անունով։ 1972 թվականի վերջում տպագրվել են միլիոնավոր օրինակներ։ Ռիդերս Դայջեսթ (անգլ.՝ Reader’s Digest) հրատարակչությունը տպագրել է գրքի համառոտ տարբերակը, որը Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում 38 շաբաթ եղել է առաջատարի դիրքում ։ 1972-1973 թվականներին ԱՄՆ֊ում գիրքը հայտնվել է հրատարակիչների շաբաթական ցանկի առաջատար դիրքերում՝ որպես լավագույն վաճառվող մանրավեպ։ 2014 թվականին ստեղծագործությունը վերահրատարակվել է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ամբողջական հրատարակություն» վերնագրով, որում ավելացվել է 17 էջից բաղկացած 4-րդ մասը։

Բովանդակություն
Մաս 1
Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայի պատմությունը։ Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար։ Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգսթոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ։ Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում։ Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը։ Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը։ Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել։ Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին։ Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա։ Նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Մի օր մեծ բարձրությունից սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը։ Հետագայում նա հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը։ Վարժանքները շարունակվում են։ Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները։

Մաս 2
Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է հեռավոր Ժայռերում, շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին։ Ջոնաթանը ծերանում է։ Մի օր նկատում է, որ կողքից թռչում են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն։ Նրանք ասում են, որ իր խմբից են և կանչում են հետ։ Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում է ամպերից այն կողմ։ Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա դրախտն է։ Այստեղ սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին։ Այստեղ էլ կա ճայերի խումբ։ Նրանք բոլորը կատարելագործում են իրենց թռիչքը։ Նրանք ձգտում են կատարելության։ Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են։ Սովորաբար ճայերը այլ աշխարհ են տեղափոխվում բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից։ Ջոնաթանի նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր։ Ճայերի ավագը բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն ինքը։ Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ։ Ավագն արդեն կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն։ Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ, և որ իր կարողություններն անսահման են։ Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը։ Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ։ Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ, թե ինչ է սերը։

Մաս 3
Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից։ Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ։ Մի օր նա վերադառնում է և գտնում Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի։ Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը։ Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է։ Երեք ամիս հետո Ջոնաթանն ունի ևս 6 աշակերտ։ Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը։ Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները քուն են մտնում։ Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին։ Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը։ Քըրք Մեյնարդ անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին օգնել իրեն։ Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան։ Քըրքը բացում է թևերը և երկինք սլանում։ Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել։ Մեկ շաբաթ անց դժբախտություն է պատահում։ Ֆլեթչերը մեծ արագության վրա բախվում է ժայռին։ Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա։ Ֆլեթչերը վերադառնում է։ Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ էլ Մեծ ճայի որդին է։ Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին։ Նա խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի մոտենա իսկական Ֆլեթչերին։ Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում է սովորեցնել սկսնակներին։

Հրատարակում
Ջոնաթան Լիվինգսթոն ճայն այդպես է անվանվել ի պատիվ օդաչու Ջոն Հ․ Լիվինգսթոնի, ով մահացել էր 76 տարեկան հասակում՝ Pitts special ինքնաթիռով թռիչք կատարելուց շատ չանցած։

Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» մերժվել է մի քանի հրատարակիչների կողմից՝ մինչև 1969 թվականին Էլեանոր Ֆրիդեի ուշադրությանն արժանանալը։ Էլեանոր Ֆրիդեն կարողանում է համոզել «Macmillan» հրատարակչությանը գնել այս ստեղծագործությունը, որի համար Բախը ստանում է կանխավճար՝ 2000 դոլարի չափով։

1973 թվականին նկարահանվել է «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ֆիլմը:

Հետաքրքիր փաստեր
1970 թվականին հրատարակելով իր պատմվածքը՝ Ռիչարդ Բախը չէր էլ կարող պատկերացնել, որ այն հաշված շաբաթների ընթացքում իսկական բեսթսելլեր է դառնալու։ Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ պատմվածքի գաղափարն ասես վերևից է եկել իրեն, իսկ այն գրելու ամբողջ ընթացքը տևել է ընդամենը մի քանի ժամ։ 4 տարվա ընթացքում Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը հասավ աշխարհի բոլոր անկյունները և վաճառվեց միլիոնավոր օրինակներով։
Գիրքը շատ փոքրածավալ է՝ մոտ 20 էջ, և ընթերցվում է մի շնչով։ Գրքի նկարագրությունները պարզ են, միևնույն ժամանակ՝ շատ գրավիչ ու հիշվող։ Փիլիսոփայական խորը մտքերը այստեղ արտահայտված են պարզ ձևով և հասկանալի են ընթերցողներին։ Գրաքաննդատաներն ու ընթերցողները բնորոշում են այն որպես գիրք, որտեղ չկա ոչ մի ավելորդ բառ։
Սովետական Լենինգրադում կար «Ջոնաթան Լիվինգստոն» ռոք–խումբ։
«Ջոնաթան Լիվինգստոնի ճայը» հիշատակվում է Մարիամ Պետրոսյանի «Տուն, որտեղ…» վեպում, Դուգլաս Կոպելանդի «Մինչ ընկերուհին կոմայի մեջ է» վեպում, ինչպես նաև Անատոլիա Տոսսայի «Ամերիկյան պատմություն» վեպում։
Նույնանուն երգ կա երգչուհի Միլվայի երգացանկում։
Օլեգ Կուվաևը նկարագրեց իր «Ճնճղուկը Ջոնաթան Հրանդելսոն անունով» պատմվածքի մեկնաբանություններում, որպես Մասանյայի անիմացիոն շարքերից մեկը։ Բայց ի տարբերություն Բախայի, Կուվաևի գլխավոր հերոսը անգործուն իդեալիստ է, քննարկում է միայն գործողությունները և ոչ մի ջանք չի գործադրում ինքնազարգացման համար։ Բոլոր առումներով Հրանդելսոնը հիշեցնում է Վասիսուլիա Լոխանկինային։
Հեղինակն ու ստեղծագործությունը հիշատակվում են «Ջիլզայ» խմբի «Баю Бай» երաժշտությունում։ Նրանց հայրենի քաղաքի Պավլոդարի գերբի վրա պատկերված է ճայ։

 

Մեջբերումներ
«Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է»։
«Քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը»։
«Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է»։
«Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ»։
«Երկինքը ո՛չ տարածության է, և ո՛չ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է»։
«Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի»։
«Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս»։
«Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ»։
«Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը»։
«Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները»։
«Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ»։
«Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում»։
«Մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները»։
«Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում»։
«Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում»։
«Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները։ Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»։
«Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։
«Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանկանում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի»։
«Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով