Անհայտ հավասարում. ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին` նախագահ, 1988-1994 թվականներին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

1994 թվականի ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանը սպանվել է իր տան շքամուտքում։

Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։

Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին» ժողովածու, 1958), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի» (1973) և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985 թվականին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման։

Նրա ստեղծագործություները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, կիրգիզերեն, հունգարերեն և աշխարհի այլևայլ լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով[2]։

Սպանվել է 1994 թվականին իր տան շքամուտքում[3]։

2000 թվականին Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան) ։

 

Երկեր

  • Բալլադ մարդու մասին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ։
  • Վերջին գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ։
  • Անավարտ դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ։
  • Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
  • Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
  • Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ»-ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Ապրած և չապրած տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ։
  • Դեղատուն «Անի»։ Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ։
  • Հավասարում բազմաթիվ անհայտներով (հրապարակախոսություն, վավերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Վերջին ուսուցիչը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ։
  • Մենավոր ընկուզենի (վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ։
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորում ամփոփված են պատմվածքների ընտրանին, «Նամակներ մանկության կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» էսսեն և «Աշխարհի ճանապարհներին» ուղեգրությունները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ։
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ։
  • Հայկական էսքիզներ, Պէյրութ, 1983, 304 էջ։
  • Հայկական էսքիզներ (վիպակ–էսսե), գիրք 1-ին և 2-րդ, Երևան, 1984, 305 էջ։
  • Հայկական էսքիզներ, գիրք Ա–Բ, Թեհրան, 1984։
  • Ապրած և չապրած տարիներ (վիպակ), Թեհրան, 1985, 169 էջ։
  • Վերջին ուսուցիչը (վիպակ), Թեհրան, 1985, 160 էջ։
  • Կրակե շապիկ (վեպ), Երևան, 1986, 592 էջ։
  • Չորս վիպակ, Երևան, 1990, 388 էջ։
  • Մենաւոր ընկուզենին, Պէյրութ, 1990, 211 էջ։
  • Մեր ժողովուրդը իմն է, ինչպես …իմ վիշտը (հոդվածներ), Երևան, 2003, 212 էջ։
  • Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը (հրապարակախոսական ելոյթներ Սփիւռքում), Ե., «Լուսաբաց», 2012, 310 էջ։
  • Հայկական էսքիզներ, Երևան, 2013, 256 էջ։
  • Ապրած և չապրած տարիներ (վիպակ, պատմվածքներ), Ե., Դարակ, 2017, 234 էջ։
  • Վարդգես Պետրոսյան, Վերջին ուսուցիչը, Ե., Դարակ, 2019, 148 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։
  • Վարդգես Պետրոսյան, Դեղատուն «Անի», Ե., Դարակ, 2019, 96 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։
  • Վարդգես Պետրոսյան, Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Դարակ, 2020, 128 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով