Էյֆելյան աշտարակ / La Tour Eiffel
Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։
Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը[1]։ Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին[2]։ Այն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ)։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը[2]։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը (Chrysler Building) Նյու Յորքում 1930 թվականին։ 1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքների կուտակման պատճառով այն այժմ 5,2 մետրով (17 ֆուտ) ավելի բարձր է, քան Քրայսլերը։ Եթե հաշվի չառնենք ալեհավաքները, ապա այն Ֆրանսիայի երկրորդ ամենաբարձր կառույցն է Վիադուկտ Միյոյից (Millau Viaduct) հետո։ Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր (906 ֆուտ). այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում[2]։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։Էյֆելյան աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, որոնք երկուսն էլ ավագ ճարտարապետներ էին Գուստավ Էյֆելի ձեռնարկությունում։ Նրանք այդ մտքին էին հանգել այն բանից հետո, երբ սկսել էին քննարկել քաղաքի կենտրոնում դրվելիք մի հուշարձանի մասին, որն առաջադրված կլիներ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, և որը կխորհրդանշեր Ֆրանսիական Հեղափոխության 100-ամյակը։ 1884 թվականի մայիսին Կյորիզենն, աշխատելով տանը, կազմեց աշտարակի ուրվագիրը, որը նկարագրեց որպես «մի մեծ պիլոն՝ կազմված չորս վանդակավոր երկաթյա ձողերից հիմքում միմյանցից որոշակի հեռավորության վրա տեղակայված, որոնք կմիավորվեն գագաթում, և որոնք միմյանց հետ կապված կլինեն մետաղյա կապերով ու միացումներով ամեն որոշակի բարձրությունը մեկ»[3]։ Սկզբում Էյֆելը ցուցաբերեց փոքր հետաքրքրություն, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, նրան չէր հետաքրքրել ծրագիրը, քանզի հետագայում անտարբեր էր դրա նկատմամբ։ Երկու ճարտարապետները դիմեցին Ստեֆեն Սովեստրի օգնությանը, ով ձեռնարկության ճարտարապետական բաժնի պետն էր։ Նա հիմքին ավելացրեց դեկորատիվ մասեր, ապակյա պավիլիոն առաջին մակարդակում և այլ զարդարանքներ։ Նոր տարբերակը մեծացրեց Էյֆելի հետաքրքրությունը։ Բանը հասավ նրան, որ Էյֆելը գնեց Մյորիս Կյորիզենի, Էմիլի Նուգիենի և Ստեֆեն Սովեստրի հեղինակած դիզայնի պատենտի իրավունքները։ Էյֆելի կազմակերպության անվան տակ այն հանդես եկավ 1884 թվականի աշնանը կայացած Դեկորատիվ Արվեստների ցուցահանդեսում։ 1885 թվականի մարտի 30-ին Գուստավ Էյֆելը պաշտոնապես ներկայացրեց աշտարակի ծրագիրը Ճարտարապետների Հասարակական կազմակերպությանը (Société des Ingiénieurs Civils)։ Աշտարակի տեխնիկական խնդիրները քննարկելուց և դրա պրակտիկ օգտագործման ձևերը շեշտելուց հետո Գուստավ Էյֆելն ավարտեց իր խոսքը՝ նշելով, որ աշտարակը կխորհրդանշի[4] ոչ միայն արդի ճարտարապետական արվեստը, այլև արդյունաբերական և գիտական հարյուրամյակը, որում մենք ապրում ենք. աշտարակը կխորհրդանշի տասնութերորդ դարի գիտական ձեռքբերումները և 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը՝ ի նշան ֆրանսիացիների երախտագիտության։
1886 թվականի սկզբներին շատ քիչ փոփոխություններ տեղի ունեցան. Ժուլի Գղեվին նորընտիր նախագահն էր, իսկ Էդուարդ Լոկրոյը դարձավ Առևտրի նախարար։ Ցուցահանդեսի համար նախատեսված բյուջեն ընդունվեց, և մայիսի 1-ին Լոկրոյը հայտարարեց, որ ցուցահանդեսի նախապայմաններում փոփոխություններ են կատարվել. վերջինս անցկացվում էր քաղաքի կենտրոնում հուշարձան տեղադրելու նպատակով։ Դա էր պատճառը, որ Էյֆելյան աշտարակի ծրագիրը մեծ հավակնություններ ուներ[4]։ Մայիսի 12-ին ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր աշտարակի ծրագիրը և նրա հակառակորդներին. արդյունքում հունիսի 12-ին հանձնաժողովը ներկայացրեց իր որոշումը, ըստ որի բոլոր առաջարկները բացի Էյֆելյան աշտարակի ծրագրից պրակտիկ չէին կամ ոչ բավարար էին մշակված։ Մի քանի դեբատներից հետո, որոնք քննարկում էին աշտարակի կառուցման վայրը, վերջապես 1887 հունվարի 8-ին կնքվեց պայմանագիր։ Այն ստորագրվեց Գուստավ Էյֆելի կողմից, ով այդ պայմանագրում հանդես էր գալիս ավելի շատ որպես անհատ, քան որպես իր կազմակերպության ներկայացուցիչ։ Պայմանագիրը նրան էր տալիս 1.5 միլիոն ֆրանկ աշտարակի կառուցման համար, մինչդեռ կառուցման աշխատանքները գնահատվում էին 6.5 միլիոն ֆրանկ։ Էյֆելն էր հաջորդ քսան տարիների ընթացքում ստանալու ամբողջ շահույթը, որը կստացվեր աշտարակի կոմերցիոն օգտագործումից և ցուցահանդեսից։ Էյֆելը հետագայում վարձեց առանձին կազմակերպություն, որը կզբաղվեր աշտարակի շինարարությամբ՝ անհրաժեշտ կապիտալի կեսը վերցնելով իրեն Էյֆելյան աշտարակի ծրագիրը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ. քննադատություններ հնչեցին և այն մարդկանց կողմից, ովքեր համարում էին, որ ծրագիրն անիրագործելի է, և այնպիսինների կողմից, ում կարծիքով աշտարակի տեսքը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, սակայն իրականում այս բոլոր դեբատները ճարտարապետության և ինժեներական արվեստի միջև գոյություն ունեցող երկարամյա քննարկումների և վեճերի արդյունք էին։ Այնուամեայնիվ սկսվեց շինարարությունը Մարս դաշտում։ Կազմվեց երեք հարյուրի հանձնաժողովը (մեկ անդամ աշտարակի յուրաքանչյուր մեկ մետր բարձրության համար), որը գլխավորում էր հանրաճանաչ ճարտարապետ Շառլ Գառնիեն։ Հանձնաժողովի կազմի մեջ էին մտնում նաև Ֆրանսիայի արվեստների միության ակնառու անդամներ՝ ներառյալ Ադոլֆ Բուգրոն, Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն և Ժյուլ Մասանէն։ Այդ ժամանակ խնդրագիր է ուղարկվել Շառլ Ալֆանդին՝ ցուցահանդեսի լիազորին, որտեղ գրված էր.[6]«Մենք՝ գրողներս, նկարիչներս, քանդակագործներս և մինչ այժմ պահպանված Փարիզի ժրաջան ջատագովներս, լինելով ֆրանսիական նուրբ ճաշակով օժտված, մեր ամբողջ ուժով և արժանապատվությամբ բողոքում ենք ընդդեմ աշտարակի կառուցմանը….այդ անօգուտ և հրեշավոր Էյֆելյան աշտարակի կառուցմանը…Ամփոփելով մեր քննարկումները, մեկ վայրկյանով պատկերացրեք թե ինչ կլինի, եթե այդ թեթևամիտ և ծաղրական աշտարակը վեր խոյանա Փարիզի կենտրոնում ինչպես մի հսկայական սև ծխնելույզ՝ իր բարբարոսական շղարշի տակ թողնելով Փարիզի Աստվածամոր Տաճարը, Սեն-Ժակ աշտարակը, Լուվրը, Հաշմանդամների տունը, Հաղթանակի կամարը։ Բոլոր այս համեստ հուշարձանները կոչնչանան այդ տգեղ երազի ներքո։ Եվ քսան տարով…..մենք դատապարտված կլինենք տեսնելու մետաղի այդ ջարդոնի ատելի ստվերը, ինչպես թանաքի տարածվող բիծ։»
Գուստավ Էյֆելը պատասխանեց այս քննադատումներին՝ համեմատելով իր աշտարակը Եգիպտական բուրգերի հետ. «Իմ աշտարակը կլինի մարդու կողմից կանգնեցված ամենաբարձր երևույթը։ Չի լինի արդյոք այն գրանդիոզ իր տեսակի մեջ։ Եվ ինչու Եգիպտոսում հիացմունքի մի առարկա պետք է լինի սարսափելի և ծաղրելի Փարիզում»[7]։ Էդուարդ Լոկրոյը վարպետորեն անդրադարձել է այս քննադատանքներին իր՝ Ալֆանդին ուղարկված նամակում[8], որտեղ հեգնորեն նշում էր. «Դատելով ռիթմերի վսեմությունից, փոխհարաբերությունների նրբաճաշակությունից և նուրբ ու ճշգրիտ ոճից, կարելի է ասել…, որ այս բողոքի ցույցը մեր ժամանակների ամենահայտնի գրողների և պոետների համագործակցության արդյունք է» և շարունակելով մատնանշել, որ բողոքն անտեղին էր դեռ այն ժամանակներից, երբ ծրագիրն արդեն ընդունված էր, իսկ շինարարությունն ընթացքի մեջ էր։ Իրականում Շառլ Գառնիեն Աշտարակի Հանձնաժողովի անդամ էր, ով գնահատում էր տարբեր առաջարկներ. այս ամենի ընթացքում նա որևէ առարկություն առաջ չի քաշել։ Էյֆելն անտարբեր էր բոլոր բողոքների նկատմամբ, քանզի լրագրողներին մատնանշում էր, որ երեխայական արարք է դատել աշտարակի ազդեցությունը քաղաքի վրա ելնելով միայն ուրվագրերից, և որ Մարսյան դաշտը բավականին հեռու է բողոքի ցույցի ընթացքում թվարկված բոլոր այն հուշարձաններից, որոնք ակտիվիստների կարծիքով աշտարակի կառուցումից հետո կհայտնվեն նրա ստվերի տակ և կարծես կկորցնեն իրենց շուքը։ Հարցազրույցների ընթացքում նա նշել է. «Արդյոք բնության օրենքները միշտ են համապատասխանում ներդաշնակության գաղտնի կանոններին»[9]։
Էյֆելյան աշտարակի կառուցումից հետո ակտիվիստներից ոմանք մտափոխվեցին, իսկ ոմանք անսասան գտնվեցին[10]։ Աշխարհահռչակ նովելիստ Գի դը Մոպասանն ամեն օր ենթադրաբար նախաճաշում էր Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում, քանզի այն միակ վայրն էր Փարիզում, որտեղից աշտարակը չէր երևում[11]։ Մեր օրերում աշտարակն ամենուրեք համարվում է կառուցվածքային ճարտարապետության ցնցող մասնիկներից մեկը։
Հիմքի կառուցման աշխատանքները սկսվել են 1887 թվականի հունվարի 28-ին[12]։ Հիմքի արևելյան և հարավային ոտքերը ձգվում էին ուղիղ. դրանցից յուրաքանչյուրը հենված էր չորս 2 մետրանոց (6,6 ֆուտ) բետոնե սալիկների վրա։ Չորս ոտքերից յուրաքանչյուրին բաժին էր ընկնում մեկ հիմնահատակ ձգվող գերան։ Հյուսիսային և արևմտյան հիմքերը, որոնք ավելի մոտ էին Սեննա գետին, առավել բարդ կառուցվածք ունեին. նրանց կառուցվածքային սալերը կրում էին երկու կույտեր, որոնք տեղադրված էին 15 մետր երկարությամբ (49 ֆուտ) և 6 մետր (20 ֆուտ) տրամագծով գերանների միջոցով։ Հիմնային գերանները տեղադրված էին 22 մետր (72 ֆուտ) խորությամբ[13]։ Դրանց հիմնական ֆունկցիան էր ապահովել 6 մետր (20 ֆուտ) հաստությամբ բետոնե սալերի ամրությունը։ Սալերից յուրաքանչյուրն ապահովված է երկաթից պատրաստված «կոշիկներով»։ Յուրաքանչյուր կոշիկ 10 սմ (4 ինչ) տրամագծով և 7,5 մետր (25 ֆուտ) երկարությամբ զույգ մեխերի միջոցով ամրացված է աշտարակի կմախքին։ Աշտարակի հիմքերն արդեն պատրաստ էին նույն տարվա հունիսի 30-ին. երկաթե տիկինի հիմնական շինարարությունը սկսվեց։ Ակնհայտ աշխատանքներ էին տարվում արտաքին հարդարանքների վրա։ Ճարտարագիտական կազմակերպությունը միայն բաց էր թողել 1700 ուրվագրեր և 3629 մանրամասն նկարներ, որոնք անհրաժեշտ էին 18038 տարբերի վայրերի ճշգրիտ կառուցման համար[14]։ Էյֆելյան աշտարակի կառուցվածքային տարրերի նախագծման աշխատանքները բավականին խճճված էին կոմպլեքս անկյուններով, որոնք պետք է կառուցվեին մեծ ճշգրտությամբ։ Մեխերի ճեղքերի ճշգրտությունը հասնում էր 0,1 մմ-ի (0,04 ինչ), իսկ անկյուններինը՝ մեկ երկրորդ աստիճանի։ Երբ կառուցվածքային տարրերն արդեն պատրաստ էին, նրանցից մի քանիսն ամրացնում էին միմյանց՝ ձևավորելով ենթատարրեր. այնուհետև դրանք կառքերով՝ ձիերի վրա լծած, գործարանից բերվում էին մոտակա Փարիզյան արվարձաններից մեկը՝ Լևալուա Պեղե։ Այնտեղ կառուցվածքային տարրերն ամրացվում էին ռիվետներով (մեխերի նոր տեսակ)։ Այդ տարրերը սկզբի համար չէին փորձարկվում և չէին փոփոխվում. եթե հանկարծ որևէ մաս չէր համապատասխանում, այն ուղարկվում էր հետ արտադրամաս վերանորոգման համար։ Ընդհանուր առմամբ շինարարության ընթացքում միավորվել են 18038 ենթատարրեր շուրջ կես միլիոն ռիվետների միջոցով:
Սկզբում աշտարակի հիմնային ոտքերը կառուցվում էին կանտիլեվրների նման, բայց առաջին մակարդակին հասնելու կես ճանապարհին շինարարությունը մի պահ դադարեցվեց փայտանյութային տախտակամած կառուցելու համար։ Սա բերեց ծրագրի կառուցվածքային հնչեղության վերաբերյալ անհանգստությունների թարմացմանը և սենսացիոն հոդվածների, ինչպիսիք էին «Էյֆել՝ սուիցիդ» և «Գուստավ Էյֆելը խելագարվել է. նա փակվել է հոգեբուժարանում», տող գտնելուն ֆրանսիական մամուլում։ Սակայն շինարարությունը շարունակվեց։ Այս մակարդակի վրա տեղադրվեց փոքր մագլցող ամբարձիչ յուրաքանչյուր ոտքի վրա, որը նախատեսված էր տեղաշարժելու աշտարակի կառուցմանը զուգընթաց։ Այն միևնույն ժամանակ օգտագործվելու էր որպես ուղեցույց վերելակների համար, որոնք պետք է հարմարեցվեին ամեն ոտքի համար։ Կարևորագույն փուլ էր համարվում չորս ոտքերի միավորումը առաջին մակարդակում, որն ավարտվեց 1888 թվականի մարտին[12]։ Չնայած մետաղային աշխատանքները կատարվել էին բարձրագույն ճշգրտությամբ, ստեղծվել էին հնարավորություններ, որոնք կնպաստեին ոտքերի առավել ճշգրիտ վեր խոյացմանն ու միավորմանը։ Ոտքերի հիմքերում տեղադրվել էին հիդրավլիկ պոմպեր, որոնցից յուրաքանչյուրը դիմանում էր 800 տոննա լարմանը։ Դիտավորությամբ ոտքերն ավելի մեծ ակյան տակ էին կառուցվել, քան անհրաժեշտ էր՝ լինելով ապահովված տախտակամածի վրա գտնվող ավազարկղերի միջոցով։ Չնայած կառուցումն ընդգրկում էր 300 աշխատակիցներ (դրսի կողմից աշխատող), միայն մեկ մարդ մահացավ՝ շնորհիվ Էյֆելի խստագույն նախազգուշական միջոցների և շարժվող հարթակների, պահակային ռելսերի ու էկրանների։
Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին, և մարտի 31-ին Էյֆելը նշեց աշտարակի բացումը՝ հրավիրելով կառավարական պաշտոնյաներին. շրջպատված լինելով մամուլի ներկայացուցիչներով, Էյֆելը նրանց ուղղորդեց աշտարակի գագաթը[10]։ Քանզի վերելակները դեռ պատրաստ չէին, նրանք բարձրացան ոտքով, որը տևեց մոտ մեկ ժամ։ Էյֆելը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում և բացատրում որոշ մանարմասներ շինարարության մասին։ Խմբի մեծ մասը գերադասեց կանգ առնել ստորին մակարդակներում, սակայն ոմանք՝ ներառյալ Նուգիեն, Կոմպանյոնը, քաղաքի դեսպանության նախագահը և լրագրողներ Լե Ֆիգարոյից, Լե Մոնդե Իլուստղե բարձրացան մինչև վերջ։ 2 անց 35 րոպեին սկսվեց 25 հրանոթներով հրավառաություն, և Գուստավ Էյֆելը բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը[20]։ Աշտարակի վրա դեռ որոշ աշխատանքներ պետք է տարվեին. մասնավորապես՝ վերելակների դեռ լիովին պատրաստ չէին, որոշակի աշխատանքներ պետք է տարվեին այցելուների համար հարմարություններ ստեղծելու նպատակով։ Այդ իսկ պատճառով աշտարակը բաց չէր հասարակության համար մինչև մայիսի 15-ը. Այն բացվեց Ցուցահանդեսի բացմանից ինը օր հետո։ Նույնիսկ այդ ժամանակ վերելակները դեռ պատրաստ չէին։ Աշտարակը միանգամից մեծ ճանաչում սկսեց վայելել։ Շուրջ 30000 այցելուներ կատարեցին 1710-րդ քայլը և հասան մինչև աշտարակի գագաթը, և դա դեռ այն ժամանակ, երբ վերելակները դեռ պատրաստ չէին, քանզի դրանք գործի դրվեցին մայիսի 26-ին[21]։ Առաջին մակարդակը բարձրանալու համար այցելուները պետք է վճարեին երկու ֆրանկ, երեք ֆրանկ՝ երկրորդի համար, և հինգը՝ գագաթի՝ վերին մակարդակի համար։ Կիրակի օրերին վճարները 50%-ով իջնում էին[22]։ Ցուցահանդեսի ավարտին ընդհանուր հաշվով աշտարակն ունեցավ 1,896,987 այցելու։
Երեկոներին աշտարակը լուսավորվում էր հարյուրավոր գազային լամպերի միջոցով, իսկ աշտարակի գագաթին տեղադրված փարոսն արձակում էր լույսի երեք ճառագայյթ՝ կարմիր, սպիտակ և կապույտ, որոնք մթության մեջ ծատ գեղեցիկ տեսք էին տալիս Փարիզին։ Երկու լուսարձակներ գտնվում էին աշտարակի գագաթի շրջանաձև բազրիքին և օգտագործվում էին Ցուցահանդեսին տարբեր գեղեցիկ առանձնահատկություններ տալու համար։ Ցուցահանդեսի բացումն ու փակումն ամեն օր ազդարարվում էին աշտարակի գագաթից հրանոթի միջոցով։
Աշտարակի երկրորդ մակարդակում էր գտնվում ֆրանսիական հայտնի Լե Ֆիգարո թերթի գրասենյակը և տպարանը, որտեղ հուշանվերների Լե Ֆիգարո դե լա տուր (Le Figaro de la Tour) հատուկ հավաքածուն էր թողարկվում։ Երկրորդ մակարդակում կար նաև պաստիչերիա։Երրորդ մակարդակում կար հատուկ բաժանմունք, որտեղ այցելուները կարող էին ուղարկել իրենց այցելության մասին պատմող լուսանկարներ։ Ամեն օր պատերին փակցվում էին թղթեր, որտեղ այցելուները կարող էին գրել րենց տպավորությունները։ Էյֆելը դրանց բնութագրում էր հետևյալ խոսքերով. “vraiment curieuse” (Իրոք, հետաքրքիր է)։
Աշտարակի ակնառու այցելուներից են Ուելսի արքայազնը, Սառա Բեռնհարդը, Բիլ Քոդին և Թոմաս Էդիսոնը[21]։ Գուստավ Էյֆելը վերջինիս հրավիրել էր աշտարակի գագաթում գտնվող իր բնակարանը, որտեղ Էդիսոնը Էյֆելին ներկայացրեց իր ֆոնոգրաֆներից մեկը.[24] վերջինս Ցուցահանդեսի սենսացիաներից մեկն էր։ Էդիսոնը ստորագրեց հյուրերի գրքում հետևյալ հաղորդագրությամբ.
Պարոն ճարտարապետ Էյֆելին, այս հսկա և մոդեռն ճարտարապետության յուրօրինակ նմուշի քաջ կառուցողին մի մարդուց, ով մեծագույն հարգանք և հիացմունք է տածում բոլոր ճարտարապետների նկատմամբ՝ ներառյալ մեծագույն ճարտարապետ Աստծուն։ Թոմաս Էդիսոն
Էյֆելը թույլտվություն էր ստացել աշտարակի համար քսան տարով։ Նշանակում էր, որ 1909 թվականին այն պետք է ապամոնտաժվեր, քանզի այդ ժամանակ աշտարակի սեփականությունը կպատկաներ Փարիզի քաղաքային կառավարությանը։
Քաղաքային կառավարությունը պլանավորել էր այն վերացնել (մրցույթի հենց սկզբնական պայմաններից մեկն էլ այն էր, որ աշտարակի դիզայնն այնպիսին պետք է լիներ, որ ապամոնտաժումը հնարավորինս հեշտ լիներ), բայց քանի որ աշտարակը բավականին արժեքավոր էր հասարակական նպատակներին ծառայելու համար, որոշվեց այն պահպանել նաև քսան տարի հետո։ Էյֆելն իր՝ աշտարակի գագաթում գտնվող բնակարանն օգտագործում էր մետեորոլոգիական ուսումնասիրությունների համար, իսկ աշտարակը՝ ազատ անկում կատարող մարմինների և նրանց վրա ազդող օդի դիամդրության փորձեր անցկացնելու նպատակով։