ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ՎԵՐՀՈՒՇ
Հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
1937թ. գնդակահարությունց հետո, ձերբակալում են նաև նրա կնոջը Վարվառային, և աքսորում
իբրև` <<ժողովրդի թշնամու>> կողակցի : Երբ 8 տարի անց Վարյան վերադառնում է Հայաստան, շտապում է Գորիս, որպեսզի ամուսնու ծնողների մոտ գտնի որդուն` Սևադային : Պատառոտված հագուստով, նիհարած, անճանաչելի դարձած Վարյան մոտենում է ամուսնու հայրական տանը : Բոխչագյուլը` Բակունցի մայրը , այդ պահին ծառից խնձոր էր քաղում : Նա Վարյային մուրացկանի տեղ է դնում: