Շունչդ տուր` հոգիդ,բայց քո Հայրենիք մի տուր թշնամյաց.ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռգյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։
Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան1819 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն: 1819—1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում էԹիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամՌուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվականին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին: Կես տարի (1827—1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։
Արարատի նվաճումը …
Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թ. Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունը, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար է հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։
6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբն Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին՝ 15: Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծություն», և Աբովյանը հալածվել է հոգևորականների կողմից։
Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։
Տարիներ անց՝ 1845 թվականին, Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանն Արարատի գագաթը բարձրացավ 1846 թվականին անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։
Աբովյանի մասին ասել են…
Աբովյանը մի տեսակ հանճար է: Ձեզ համար հետաքրքրական կլինի մի նամակ կարդալ նրանից, որը թեև ըստ ասիականի՝ հիպերբոլիկ է, բայց և այնպես թույլ է տալիս նայել այդ բացառիկ մարդու արտասովոր հոգուն… Ասիացին չափազանց հարգանք է տածում դեպի ճշմարիտը, իսկականը. ցույց տվեք դա նրան, ստիպեցեք նրան հավատալ դրա գոյությանը, և դուք նրան գրավեցիք: Հերման Աբիխ
Հայաստան աշխարհում կան երկու սրբավայրեր՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի նշխարհները և Մեծ ռաբունապետ-լուսավորիչ Խաչատուր Աբովյանի Քանաքեռը: Այս սուրբ երկրորդությունը և՛ խաչ է մեր ազգի համար՝ լուսավորչի պսակով և՛, մանավանդ, գոյատևման առհավատչյան… Սերո Խանզադյան
Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն, և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը: Համո Սահյան
Դեպի լյառը Մասիս…
Խաչատուր Աբովյանի`բարեկամիս պայծառ հիշատակին Եղիշե Չարենց
Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ —
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գիշերը չէր քնել։ — Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ,—
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…
Եվ նամակնե՜ր ապա… Այդ թերթերը դեղին,
Ծածկած հաճախ գրով գոթական —
Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ…
Օ՜, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում — ոգու հոգնություն ե՛ղկ,—
Անտեսանելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ…
Գիշերը երկար նա նստած
Քրքրել էր իր հին նամակները բազում —
Մոռացության փոշին էր նրանց վրա նստած,
Եվ թվում էր՝ հեռու մի երազում
Նա տեսնում է կրկին իր օրերը,
Հորձանուտը նրանց անօրինակ —
Այդ դեղնավուն թերթերը, այդ զանազան գրերը՝
Ի՜նչ ըղձերով արդյոք հորինած…
Նամակների դեզում կային խստաբարո
Գրություններ՝ շեշտով խրատական,
Ինչ-որ ուրիշ կյանքի ընթացք բարբառող, —
Գրություններ կային, որոնք, սակայն,
Նշում էին նրան ուղի նվաստ,
Գծում դժնի ընթացք ասիացու,
Եվ հորդորում էին քայլով զգաստ
Ընթանալ կամոքն աստուծո՝
Խոնարհության շավղով, առաքինությա՛ն,
Դարերով սրբագործյալ հեզության,
Որ ժողովուրդը լինի, ինչպես հնում —
Չարքաշ, աստվածավախ ու արդար։ —
Սակայն նամակների դեղին դեզերում,
Ծալքերում նրանց փոշաբույր
Հանկարծ աչքին ընկավ մի գրություն գերող՝
Մի փոքրիկ թերթ կապույտ —
Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա՝
Թափանցիկ, վաղընջական ու գերող —
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրան
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող…
Հիշեց։ — Ե՞րբ էր արդյոք։— Դեռ ինքը՝ երիտասարդ՝
Լցված երազներով ու հույզերով,
Երևանից մինչև այն եզերքը հասած՝
Բռընկվեց անկարելի մի սիրով…
Մռայլ հեռուներից եկած մի աբեղա,
Ընտելացած խոհեմ երազի ու կյանքի—
Զգեցած սուրբ վարքի խստաբարո ուրար—
Դեմ հանդիման եկավ այդ տենչանքին անգին…
Եվ հանկարծ — այնքա՛ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա —
Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման։ —
Կանգնեց իր դեմ աղջիկը.— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր,—
Ի՜նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի…
Երիտասարդ էր. կուրծքը հեշտանքով լի,
Բարակ մատներն ինչպես սիրո տավիղ. —
Մորմոքում էր իր սիրտը անհուն ցավից,
Երբ դիտում էր պատկերն այդ մեղսալի…
Այդ ե՞րբ էր. երե՞կ էր, թե տարինե՜ր,
Տասնամյակնե՛ր առաջ… Եվ ե՞րբ անցավ…
Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց —
Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։ —
Եվ ի՞նչ մնաց։ — Այս թերթը ոսկերիզ,
Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը,
Ուր գրում է նա իր հրաժեշտի խոսքերը,
Այն ոսկեծամ աղջիկը — Շարլոտտա Շույլցը։—
Մի բաց կապույտ թերթիկ, վերևը զարդարած
Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար…
Ահավասի՛կ ամբողջը։ — Երկա՛ր, երկա՛ր նայեց
Սուվենիրին նա նուրբ ու գրերին,
Ուզեց ճմլել այդ թերթը, ինչ-որ մի տեղ պահել,
Կամ պատառոտել նվերը,—
Սակայն թողեց, թաղեց թերթերում ա՛յլ,
Կամքի վերջին ճիգով քերեց խոհերից,
Եվ սկսեց թերթել զգաստությամբ մռայլ
Մյուս թերթերը հին։—
Եվ հետո, արդեն լուսադեմին,
Երբ մոտենում էր տնից հեռանալու ժամը —
Նա գզրոցից հանեց տետրակ մի հին,
Որ նայի նրան մի անգա՛մ էլ։
Երկա՛ր, երկա՛ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ հագին, —
Եվ սկսեց թերթել…
Նախ թերթում էր այնպես, աննպատակ,
Հետո աչքին ընկավ մի բայաթի,
Սկսեց կարդալ մի հատված,
Հետո խորասուզվեց — և մինչև առավոտի
Շողն առաջին ընկավ սենյակից ներս —
Նա կարդում էր, կարդում էր, մոռացած, որ պիտի
Շուտով թողնի ամբողջը և ելնի վեր…
Երկա՛ր, երկա՛ր կարդաց։— Մի երկու տեղ
Նկատեց փոքրիկ վրիպումներ
Եվ մատիտով ուղղեց։— Հետո թեթև
Այլ ուղղումներ արավ,— սակայն անվերջ
Գիտակցության տակից, իր էության
Մութ խորքերից, ուր միտքը վախենում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև…
Արդեն մոտենում էր առավոտը և նա պիտի գնար,
Սակայն կարդում էր դեռ,— և հանկարծ
Տագնապալից այն միտքը անհնար
Բարձրացավ, ցցվեց ուղեղում՝ զարմանալի ուռուցիկ ու պայծառ։—
Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,— և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…
Վաղո՜ւց են չարաշուք այդ խոհերը խոցել
Անօգնական իր սիրտը,— սակայն ամեն անգամ
Հենց որ հանել է գիրքը և կարդացել —
Ինչ-որ անհուն մի բան,
Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի—
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել… Օ՜, անձկալի
Ժամեր միայնությա՛ն, ընդվզո՛ւմի, խոհի՛,
Ոգու ըմբոստության ու կորովի, —
Ստեղծագործ մտքի թռի՛չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ ու թովիչ…
Եվ հայրենի բարբառը՝ որոտաձայն, հախուռն,
Ոգու անեղծ հրով սրբագործած,—
Եվ խորախոց խոհերը տարիներում անդուռ —
Սիթե սո՞ւտ է բոլորը և փորձա՞նք…
Միթե մուխ է բոլորը, ոգու սայթաքո՞ւմ,—
Եվ ամենը, որ եղել է կյանքում
Իր երազանքը սուրբ, իր ըղձանքը թաքուն —
Անիմա՞ստ է եղել, ինչպես հորձանքով,
Գոսն օրերի դժնի հորձանուտով տարված
Թղթե չնչին նավակ կամ տաշեղ, —
Եվ իր կյանքը ամբողջ եղել է սին մի հարց՝
Աննպատակ ուղղած և ամպաշեն…
Բայց ո՛չ. ի՞նչ էլ լինի — այնուամենայնիվ
Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը,
Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Զինջ առուն է անցնում ջրանցքներով բացած։ —
Ո՛չ. չի՛ ստում բարբառը. — ահավասի՛կ գարնան
Հեղեղների նման որոտում է իր դեմ, —
Եվ նա կարդում է հափշտակված, կարդում է բարձրաձայն,
Իսկ դուրսը,— առավոտ է արդեն։—
Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստում է այս գիրքը…— Նա
Տագնապասիրտ՝ գրքի նախաբանը բացեց,
Մի-երկու տող կարդաց— և գազազած
Պատրաստվում էր արդեն շպրտել գիրքը դեն,—
Երբ աչքերի հանդեպ ահասաստ
Հառնեց, կանգնեց հանկարծ մի բարի դեմք…
Այդ նա՛ էր — ուսուցիչը։ — Դեմքով բարի,
Ե՛վ հարազատ, և՛ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,
Ե՛վ անհողդողդ, և՛ մեղմ, և՛ անսահման ներող —
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ
Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ.— Թո՛ղ, Խաչատո՛ւր։—
Այնքան քնքո՛ւշ էր ձայնը — և, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,—
Եվ նա հիշեց հանկարծ.— այն ցուրտ ճանապարհին
Դեպի լյառը Մասիս — մի անգամ
Այդ միևնո՛ւյն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի, —
Եվ այժմ, նո՛ւյն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին։ —
Եվ նա մնաց։ — Հապճեպ մի շարժումով
Գիրքը ծալեց, դրեց արկղում ավանդական,
Հետո հավաքեց նամակները ու մի
Դառն հայացքով — երկա՛ր, վերջի՛ն անգամ
Դիտեց թղթերը, արկղը, պատերը սենյակի,
Արկղը փակեց, հագավ վերարկուն,
Գլխարկը դրեց կռնատակին —
Եվ ելավ դուրս։ —
Առավոտ էր արդեն։ — Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևը— և հուրհուրան
Առավոտվա միգում
Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու
Բարեկամ անդավաճան, կամ եղբայր։
Գիշերը չէր քնել։— Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն —
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՛ն թեթև,
Եվ այնքա՛ն, այնքա՛ն թարմացած,
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ—
Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։
Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել։ — Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…