Պաշտենք հայ գրերը, պաշտենք մեր լեզուն:
Հայոց գրերը իրենց ստեղծման օրից ցայսօր արժանացել են հատուկ ու պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի:
1954 թվ. Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսին այցելում է մի ծեր կին, որ Մեծ Եղեռնից մազապուրծ ազատվել էր և վեհափառին է հանձնում ոսկով ու թանկարժեք ակներով լեցուն մի քսակ: Պատմում է իր ընտանիքի պատմությունը, թե ինքը մեծահարուստ ընտանիքի աղջիկ է եղել, թե ինչպես 1915-ին թուրքերը կոտորել են ողջ ընտանիքը: Հրաշքով ողջ մնալով՝ նա իրենց տան գաղտնարանից առել է գանձով լի քսակը և փախուստի դիմել: Այժմ եկել է ողջ հարստությունը վստահելու Կաթողիկոսին, որ նա տնօրինի այդ գանձն այնպես, ինչպես հարմար կնկատեր:
Երկար է խորհել Կաթողիկոսը և ոսկերիչ-ակնագործներին պատվիրել այդ գանձերից պատրաստել հայոց այբուբենի տառերը և մեր հավատքի խորհրդանիշը՝ խաչը:
Վեհափառի պատվերը կատարվեց գերազանց և այդ օրվանից մինչև օրս մեսրոպյան ոսկեձույլ տառերը և ոսկեկուռ խաչը փայլում են մտքի և կատարման եզակիությամբ՝ մասն կազմելով Էջմիածնի հարուստ գանձարանի: Միայն հիանալ կարելի է մեր ժողովրդի սեփական գրի հանդեպ ունեցած պաշտամունքով:
Ի դեպ նրանք պահվում են փակ վիճակում՝ հատուկ հսկողությամբ և բացվում են հատուկ ժամերի:
Պաշտենք հայ գրերը, պաշտենք մեր լեզուն: