Սալման Ռուշդի-«Ամոթ»
«Ամոթ» վեպի հիմքում Պակիստանի նորագույն պատմության իրական իրադարձություններն են, բայց հեղինակն ինքը այն անվանում է նոր տիպի հեքիաթի պես մի բան, որ ներկայացնում է իրականության դիցաբանական և պատմական ընկալումը:
Սա խոստովանանք չէ, մեղադրական պամֆլետ չէ, ընտրյալների համար ինտելեկտուալ կոկտեյլ չէ: Այստեղ կյանքն է, ինչպես որ կա՝ կատարվածի ամբողջ խելագարությամբ և անիրականությամբ. անպիտան ծնողներ և «փոքր մարդիկ», մեծ հավակնություններ և կոտրված սրտեր, կոռումպացված կամ գաղափարական քաղաքական գործիչներ, արյուն, պատերազմ, էժան զանգվածային մշակույթ և ամեն տիպի գունավորման պաշտամունքներ:
Պատմությունը երեք ընտանիքի մասին է՝ խենթ ու խիզախ գեներալի, բուռն անցյալ ապրած հավակնոտ քաղաքական գործչի և հիպնոսացնող բժշկի: Այս երեքի ճակատագրերը սերտորեն միահյուսված են, և յուրաքանչյուրում կա յուրահատուկ զրնգուն մի թել՝ նրանց կողքին կանգնած կնոջ թելը: Գրողի երևակայությունն աննկարագրելի և անկաշկանդ է, դրանում փոթորկվում են դարաշրջաններն ու իրադարձությունները, ճակատագրերը, մարդիկ, կենդանիները, աստվածներն ու հրեշները: Այս գիրքը էպիկական ֆանտասմագորիա է, որում մեկտեղվել են հեքիաթը, սև կատակերգությունն ու ողբերգությունը: