Համո Սահյան՝ իր ծով սրտի տարողությամբ…
20-րդ դարի հայ գրականության ամենավառ, ամենաինքնատիպ, ամենահայկական ու բնական բանաստեղծության հեղինակին՝ Սահյանին անհնար է բացակա դնել մեզնից: Նա այն համեստ մեծությունն է, որը կընթերցվի դեռ երկար:
Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր Համո Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
– Սերոն տանն է:
– Չէ,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
– Ով ասաց…
– Ինքը,- լինում է պատասխանը:
Գարնանամուտ
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:
Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:
Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:
Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:
Համո Սահյան