ԳՐԻՄՈՎ և ԱՌԱՆՑ ԳՐԻՄԻ` Հրաչյա Ներսիսյան…
Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում:
Հրաչյա Ներսիսյան
Հրաչյան սիրում էր կարդալ: Կարդում էր ոչ միայն հայերեն և ռուսերեն: Կարդում էր նաև ֆրանսերեն,անգլերեն: Եվ դա նրան առավելություն էր տալիս շատերի նկատմամբ: Սովորություն չուներ կարդացած գրքերից խոսելու: Դա էր պատճառը,որ շրջապատի աչքում կարդացած մարդու համարում չուներ: Այն ժամանակ,երբ զարգացած արվեստագետի համբավ վայելող մեր դերասաններից մի քանիսը Հեմինգուեյից ոչինչ չէին կարդացել ,Հրաչյան ծանոթ էր նրա շատ երկերին,ուներ իր սեփական ու ընդհանուր մտայնությանը չհամընկնող կարծիքը նրա մասին: Խուսափում էր խոսել,արտահայտվել ,մանավանդ ելույթ ունենալ ,և այդ պատճառով շատերն այլ կարծիքի էին ,թե նրա ստեղծագործությունը մտքի հենակետեր չունի: Սխալ տպավորություն: Երբ խոսում էր ` տպավորություն չէր գործում : Բայց ,երբ փորձում էիր խորանալ,թե նրա անկազմակերպ խոսքի ետևը ինչեր են թաքնված ,տեսնում էիր մտքի երբեմն այպիսի խորություն ,որով հաճախ չեն փայլել իրենց մտքով Հրաչյայից առավել համարված դերասանները: Այդպես է. Հաճախ ենք արտաքին չափանիշներով ղեկավարվում `մեկին և մյուսին գնահատելիս, փոխանակ խորանալու նրանց էության մեջ: Յուրաքանչյուր միտք կարող է խամրել ,եթե իր տարերքի մեջ չէ,,և ընդհակառակը ,փայլատակել ,եթե գտել է արտահայտվելու հարազատ ասպարեզը: Կյանքում կարծես անտարբեր ,մի կողմ քաշված ,ավելի դիտող ,քան արտահայտվող,ընդհանրապես ասկավախոս,նա բեմում լեզու էր առնում,ուժ ստանում և արտահայտվում էր,իր խոսքն ասում շատ ավելի ազդեցիկ ,քան շատ և շատ գիտուններ: Արտիստ էր ոչ թե զբաղմունքով ,այլ էությամբ : Բեմը նրա տարերքն էր, այն հարազատ միջավայրը,ուր նա ուժեղ էր,երբեմն ` ամենակարող: