ԲԵԹՀՈՎԵն,ՄՈՑԱՐՏ,ՄԵԴԵԼՍՈՆ ու …

Վահագն Դավթյանը վկայում է. <<Առնո Բաբաջանյանի տաղանդը բնածին էր ու բնատուր,սակայն ընտրյալներից էր նա: Բնության շռայլ պարգևն էր ,տրված մեզ ու նաև ` աշխարհին…
Տարիների մշուշի միջից ես տեսնում եմ իմ առաջին հանդիպումը նրա հետ: Ազիզբեկովի հրապարակի վրա գտնվող նրա հայրական տանն էր դա,երևանյան հին ու գեղեցիկ մի տուն,որ ավաղ,վաղուց չկա: Առնոյի մանկության ընկերոջ ` նկարիչ Արմեն Վարդանյանի հետ էի այցի գնացել նրանց:
Մեղքս ինչ թաքցնեմ ,պատանի Առնոն իր խոսելաձևով ,իր վարք ու բարքով նախ, ինձ երևանյան մի սովորական <<քուչի տղա>> թվաց: Բայց դա ` մինչև դաշնամուրի առաջ նստելը: Հենց որ նստեց դաշնամուրի առաջ,>>քուչի տղան>> ցնդեց,չքացավ,ու տեղը մնաց ներշնչված ,գեղեցկացած , վերացած ,ամբողջովին ռիթմ,մեղեդի ու տարերք դարձած մի անսովոր կերպարանք : Այդ հանդիպման մանրամասները ժամանակը ջնջել է իմ հիշողությունից ,բայց անվթար է թողել այդ ներշնչված ,վերացած կերպարանքը և նրա երկար,ամուր ու գեղեցիկ մատների փոթորիկը ստեղների վրա: Ես անթարթ ու կախարդված նայում էի այդ մատներին,և ինձ թվում էր, թե այդ մատներից տաղանդ ու շնորհք է թափվում>>:
…Բայց խաղերը,ախ,այդ խաղերը ,որ դաշնամուր նվագելուց պակաս հրապուրիչ չէին ,այդ բակը ,այդ հեծանիվը: << Տղերք ,հարկավոր է ապրել ու ստեղծագործել այնպես,կարծես յուրաքանչյուր օր քո կյանքի վերջին օրն է և դու վաղն էլ չես լինի>>: Ինքն է ասել ` Գևորգ Էմինի վկայությամբ :Սա.իհարկե ծանր հիվանդության ազդեցության խոսքեր էին.կյանքը ապրելը ավելի շատ սիրեց,կյանքին ապրելուն ավելի շատ ժամանակ նվիրեց ինչպես մեծ Թումանյանը ,որ մի առիթով նշել է ,իր հանճարը շռայլեց քեֆերին ,տաղանդը գրականությանը: Գերազանց էր սովորում նաև մյուս դասերը ` մաթեմատիկան,ֆիզիկա: Գերազանց էր պտտեցնում նաև հոլը: …Ֆիլհարմոնիայի դահլիճում ցուցադրական հանդես էր: ՈՒնկնդիրները ` երաժշտասերներ,ուսուցիչներ,,աշակերտներ , զբաղեցրել էին աթոռները ,եկել ներկա լինելու այն պատանի երաժիշտների ելույթներին, ովքեր կոչված են վաղը փոխարինելու ավագներին: << Առնոն կա՞, պիտի նվագի >>,այսպիսի հարցեր տվողներ էլ կային : <<Կա,նվագելու է: Առավոտյան փորձ արել է>>: Համերգավարը բեմետևում չի գտնում Առնոյին: Բեմ դուրս գալու նրա հերթը մոտենում է: <<ՈՒ՞ր է անպիտանը>>,բարկանում է նա : Չկա ու չկա: Մի ամբողջ ծրագիր պիտի նվագի Բեթհովենի ,Մոցարտի մեկական սոնատ,իր << Պիոներական քայլերգ >> և Մեդելսոնի առաջին դաշնամուրային կոնցերտը նվագախմբի հետ: Դահլիճում այլևս ծափ չկար : Սպասում են հաջորդ <<արտիստին>> ներկայացնելուն: Փառք Աստծո ,եկավ: Վազեվազ,քրտնաթոր իրեն բեմետև գցեց : << Մոցարտ`սոնատ դաշնամուրի համար ,կատարում է Առնո Բաբաջանյանը>>: Նրան բեմ են հրում : Անդրավարտիքը կավճոտ է. Դեպի դաշնամուրը գնալիս գլուխ է խոնարհում դահլիճի առջև,ուզում է գրպանից հանել թաշկինակը ` քրտնած ձեռքերն ու ճակատը սրբելու: Բեմահարթակին են թափվում կավիճը, հոլը, գունավոր մատիտները, որոնցով նկարներ էր անում :Կռացավ,արագորեն հավաքեց դահլիճի աշխույժ ու աղմկոտ ծիծաղի ուղեկցությամբ: Դա մի պահ տևեց միայն,որովհետև հաջորդ պահին հմայված ունկնդրին նա երևանյան հոգնությունից,սովորական առօրյայից տարել էր մենդելսոնյան կախարդ հնչյունների աշխարհ: Ապա , դաշնամուրի ու դաշնակահարի մոգական ուժերի համերաշխ ներդաշնակությամբ նրանց առջև իրենց << տան դռները>> բացեցին Բեթհովենը,Մոցարտը,Բաբաջանյանը : << Ապրես Առնո>> : Բեմի վրա գլուխ էր խոնարհում ապագայի մեծ դաշնակահարն ու կոմպոզիտորը:
<<Խորհրդային Հայաստան>> թերթը այս վավերագրեց 1934թվականի ապրիլի 2-ին. << Ավարտվեց Երևանի պատանի երաժիշտների համաքաղաքային մրցումը,որի ընթացքում հայտնաբերվեցին լավագույն պատանի տաղանդավոր երաժիշտներ…Դաշնամուրի նվագի մեջ աչքի ընկավ Առնո Բաբաջանյանը , որը գերազանց ցուցանիշներ տվեց … Նա նվագել է սկսել 5 տարեկանից: Այժմ սովորում է պետական կոնսերվատորիային կից երաժշտական տեխնիկումի երկրորդ կուրսում : Մասնագետների վկայությամբ նրա մեջ թաքնված է ապագա խոշոր երաժշտի տաղանդ>>:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով