Էռնեստ Հեմինգուեյ -122
Ծնվել է 1899 թվականին Չիկագոյից ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի Ձյուները», «Մադրիդի Վարորդները», «Կղզի Օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և Ծովը»։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։ «Ծերունին և Ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է։ Հեմինգուեյի բեղմնավոր կյանքը, սակայն, ցավալի ավարտ ունեցավ. վերջնականապես քայքայվել էր նրա առողջությունը։ 1961 թվականին առավոտյան, քանի դեռ նրա կինը` Մարիան քնած էր վերևի հարկում, նա դուրս է գալիս իր տան նախասրահ, վերցնում է իր ամենասիրելի որսորդական հրացանը և ինքնասպան է լինում: Նրա ինքնասպանությունը բացատրող տարբեր վարկածներ կան սկասծ նրանց, որ նախօրեին նա վիճել էր կնոջ հետ, վերջացրոծ, որ անբուժելի հիվանդ էր ռակով: Սակայն ընկերները պնդում էին, որ վերջին տարիներին Հեմենգուեյը խոր դեպրեսայի մեջ էր և տառապում էր պարանոյայով և որ դա էր նրա ինքնասպանության իրական պատճառը: Հետաքրքիր փաստեր -Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի աենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։ «Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած»։ (անգլ.` «For sale: baby shoes, never used.») — Հեմենգուեյի ընկերները պնդում էին, որ վերջինս տառապում էր հետապնդման մոլուցքով: Նրան իսկապես թվում էր, որ իրեն անընդհատ հետապնդում են: Նա բազմիցս նշել է այդ մասին, ասելով որ իրեն հետապնդում են ՀԴԲ աշխատակիցները, լսում են նրա հեռախոսազանգերը, վերահսկում են փոստը, տանը և մեքենայում տեղադրել են գաղտնալսող սարքեր և այլն: Ավելին, նա այս ամենի մասին խոսում էր ցածրաձայն, որպեսզի հանկարծ իրեն չլսեն: Սակայն ոչ հարազատները, ոչ ընկերները նրան չէին հավատում: Մի քանի անգամ նույիսկ նրան տեղավորել են հոգեբուժարան: Սակայն Հեմենգուեյը այնտեղից էլ զանգում և բողոքում էր որ իր հեռախոսային խոսակցությունները լսում են և այլն: Բոլորը համոզված էին, որ նա տառապում է հետապնդման մոլուցքով… սակայն միայն նրա մահից հետո պարզ դարձավ որ դա այդպես չէ: Մի քանի տասնամյակ անց պաշտոնական հարցում կատարվեց ՀԴԲ Հեմենգուեյի գործի հետ կապված: Պատասխան նամակում ՀԴԲ-ից գրում էին, որ 1940-ականներին իրոք Հեմենգուեյի նկապմամբ հսկողություն է եղել սահմանված, քանի որ նրանց կասկածելի է թվացել գրողի գործունեությւնը Կուբայում: Նրանք գրում էին, որ իրոք գաղտնալսել են գրողի բոլոր հեռախոսային խոսակցությունները, ստուգել են փոստը, հետապնդել են նրան…
Ստեղծագործությունները`
— Գարնան տարափ (The Torrents of Spring) 1926
— Ֆիեստա (The Sun Also Rises) 1926
— Հրաժեշտ զենքին (A Farewell to Arms) 1929
— Ունենալ և չունենալ (To Have and Have Not ) 1937
— Ում համար հնչում է զանգը (For Whom the Bell Tolls) 1940
— Ծերունին և ծովը (The Old Man and the Sea ) 1952
— Կղզի օվկիանոսում (Islands in the Stream) 1970
— Էդեմի այգիներ (The Garden of Eden )1986
Ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի հայտնի մտքերից
- Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:
- Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:
- Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:
- Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:
- Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:
- Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:
- Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:
- Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:
- Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:
- Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:
- Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:
- Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:
Հեմինգուեյն ու հայերը…
Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միեւնույն չէ…
Էռնեստ Հեմինգուեյ
1922 թվական, Զմյուռնիա։ Թուրքական զորքերը ներխուժելով քաղաք՝ սրի են մատնում խաղաղ քրիստոնյաներին։ Նրանք ավերում, թալանում եւ ոչնչացնում են հայկական, հունական եկեղեցիներն ու թաղամասերը, իսկ փրկվածների նավերը թշնամու կողմից ջրասույզ են արվում։ Քրիստոնյաներից ընդմիշտ ազատվելու տենչանքով «արբած»՝ քեմալական զորքերը քաղաքը հրդեհի են մատնում։ Ամերիկացի մի գրող, ով այդ ժամանակ «Տորոնտո դեյլի սթար» թերթի թղթակիցն էր, մեկնում է Թուրքիա եւ դառնում վայրագությունների ականատեսը։ Գրողը սարսափում է… Հայերի ու հույների կոտորածն անջնջելի հիշողություն է դառնում։ «…Շարունակ երկմտում էի՝ արդյոք շարունակե՞մ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ։ Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը…»,–գրում է նա։
1925 թվականին ամերիկացի գրողը հրատարակում է «Մեր ժամանակում» պատմվածաշարը, որում տարիներ առաջ անմեղ քրիստոնյաների հետ կատարվածը վերարտադրում է «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում. «Չեմ կարողանում մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում…»։ Այդ գրողը, ում տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս «քրիստոնյաների ճակատագիրը», Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն էր։ Հուլիսի 2—ը ականավոր գրողի հիշատակի օրն է։ Նրա ստեղծագործական սկզբունքը «այսբերգի տեսության» համաձայն է, գրելաոճը՝ հակիրճ, պարզ, խորքային։ Իր «Ծերունին եւ ծովը» վիպակն աշխարհում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է։ «Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։ Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ երիտասարդները պինդ ու երկար են քնում»,–մտածում է Հեմինգուեյի ծերունի հերոսը։
Հեմինգուեյը ծանոթ է եղել հայկական մշակույթին։ Նա եւ իր կինը հմայվել են Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Մի անգամ, երբ հայ կոմպոզիտորը երաժշտական շրջագայությամբ ժամանել է Կուբա, Հեմինգուեյն իր տանը հյուրընկալել է Խաչատրյանին եւ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին։ Անվանի գրողը նրբանկատորեն ցույց է տվել կոմպոզիտորի երաժշտության ձայներիզները, որով իր համակրանքն է արտահայտել հայկական երաժշտության նկատմամբ։
Էռնեստ Հեմինգուեյը, սիրելով հայկական մշակույթը, միաժամանակ հակամարտության մեջ է եղել հայ ականավոր գրողի՝ Վիլյամ Սարոյանի հետ։ Պատմում են, որ ֆրանսիական սրճարաններից մեկում երկու գրողը վիճել են, որից հետո փակցվել է մի ցուցանակ՝ հետեւալ գրությամբ. «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։ Երբեմն լեգենդներ էին հյուսվում նրանց մասին։ Գուցե պատճառը երկուսի հանճարեղ լինե՞լն էր։ Փաստն այն է, որ երկու գրողն էլ դարձան 20—րդ դարի ամենանշանավոր հեղինակները։ Հեմինգուեյը տեսնում էր մարդուն մահվան եւ կյանքի սահմանագծին, որտեղ ամեն ակնթարթը պայքար է եւ ամենասոսկալին՝ մարդու պայքարն իր դեմ։ «Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից»,–գրում է Հեմինգուեյը, դրա համար «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»,–ասում է լավատեսական հայացքով Սարոյանը։ Որքան էլ նրանց մեջ եղել են տարաձայնություններ, միեւնույն է, երկուսն էլ բարձր են գնահատել միմյանց գրականությունը։ Հեմինգուեյն այսպես է ասել Սարոյանի մասին. «Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ. դա նրա հայ լինելն է»։ Հայերի մասին Հեմինգուեյը բարձր կարծիք էր հայտնում նաեւ հավաքույթների, հաճախ գրական երեկույթների ժամանակ։ Հայերի արժանիքները գնահատեց այնպես, որ հենց այս ազգի մեջ փնտրեց իրեն բարեկամ ու մրցակից…