Միավորված Ազգերի Կազմակերպություն.

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:
http://www.un.am/up/file/1.%20UN%20Charter_arm.pdf

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

http://www.un.org/en/ga/

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
http://www.un.org/en/sc/

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
https://www.un.org/ecosoc/en/

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
http://www.un.org/en/decolonization/trusteeship.shtml

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
http://www.icj-cij.org/homepage/index.php?lang=en

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:
http://www.un.org/en/sections/about-un/secretariat.html

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:
https://www.un.org/sg/en

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով