Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն.
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենն իմպրեսիոնիզմի
հիմնադիրներից է և խոշորագույն ներկայացուցիչը քանդակագործության մեջ:
Նրան համարում են XX դարի քանդակագործության մարգարե:
«Ճշմարիտ արվեստագետն արտահայտում է այն, ինչ մտածում է և չի վախենում դարավոր նախապաշարումների հակազդեցությունից»:
Օգյուստ Ռոդեն
Օգյուստ Ռոդենը 1854–57 թթ-ին սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում, 1864–71 թթ-ին աշխատել է Ալբեր Կարիե-Բելյոզի արվեստանոցում, ստեղծել դեկորատիվ մանրաքանդակներ: 1871–77 թթ-ին Ռոդենը Բրյուսելում քանդակագործ Վան Ռասբուրգի հետ հարդարել է մի քանի սեփական տներ և բորսայի շենքը: Զուգահեռաբար ուսումնասիրել է Ռուբենսի, ինչպես նաև եվրոպական միջնադարյան արվեստը: 1875 թ-ին Իտալիայում ծանոթացել է Միքելանջելոյի ստեղծագործությանը:
Ռոդենի դեռևս վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում վարպետությամբ. նրա «Ջարդված քթով մարդը» (1864 թ., նախնական անվանումը՝ «Հաղթվածը») քանդակը մարտահրավեր էր ժամանակի գեղանկարչական կանոններին: Նա պատկերել է ճակատագրի հանդեպ անզոր մարդկանց տանջանքն ու չքավորությունը:
Ռոդենը Միքելանջելոյի արվեստի ազդեցությամբ ստեղծել է «Բրոնզե դարը» (1877 թ.) արձանը, որը մարմնավորում է կյանքի զարթոնքն ու տագնապը գալիքի նկատմամբ: Քանդակագործն առավել ճանաչվել է «Քայլողը» (1877 թ.) և «Հովհաննես Մկրտիչ» (1878 թ.) գործերով. վերջինիս մտահղացման փիլիսոփայական խորությունն ու կերպավորման նորարարությունն արտահայտվել են նաև հեղինակի հետագա աշխատանքներում: 1884–88 թթ-ին ստեղծել է «Կալե քաղաքի բնակիչները» արձանախումբը (1895 թ-ին տեղադրվել
է Կալե քաղաքում). պատկերել է XIV դարում պաշարված Կալեի փրկության համար պայքարող մի քանի հայրենասերների դրամատիկական կերպարները, որոնք կամավոր հանձնվել են թշնամուն՝ հանուն քաղաքի բնակչության փրկության:
Հորինվածքի անհանգիստ ռիթմի, անշարժ և շարժվող մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ հեղինակը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանական և սեղմ բնորոշման: 1880 թ-ից մինչև կյանքի վերջը Ռոդենն աշխատել է «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի վրա. ոգեշնչվել է Ալիգիերի Դանտեի «Աստվածային կատակերգության», Շառլ Բոդլերի ստեղծագործությունների թեմաներով, ինչպես նաև գոթական ոճի տաճարների շքամուտքերի առանձնահատկություններով: Հորինվածքի առանձին մասեր Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Մտածողը» (1880 թ.), «Դանայուհի» (1885 թ.), «Թռուցիկ սեր», «Համբույր» (երկուսն էլ՝ 1886 թ.) և այլն: 1880-ական թվականների կեսից Ռոդենի ստեղծագործության մեջ ավելի ցայտուն է դարձել խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտումը: Նրա աշխատանքներում առաջնայինը շարժումն է, որը, ըստ Ռոդենի, քանդակի գլխավոր խորհուրդն է. շարժման արտահայտություններից մեկը քանդակների անհարթ մակերևույթն է, որը ներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրան:
Նա կերտել է նաև Վիկտոր Հյուգոյի (1900 թ.) և Օնորե դը Բալզակի (1897 թ., տեղադրվել է 1939 թ-ին) արձանները: Ուշագրավ են Ռոդենի դիմաքանդակները
(«Ժյուլ Դալու», 1883 թ., «Բալզակի գլուխը», 1900 թ., «Բեռնարդ Շոու», 1906 թ.), գեղարվեստական առանձնահատուկ արժեք ունեն գծանկարներն ու օֆորտները:
Ռոդենի ստեղծագործությունը քանդակագործության պատմության մի ողջ դարաշրջան է. նրա արվեստն ազդել է XX դարի նշանավոր քանդակագործների (Անտուան Բուրդել, Արիստիդ Մայոլ, Շառլ Դեսպիո և ուրիշներ), այդ թվում՝ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործության վրա:
Ֆիլադելֆիայում և Փարիզում գործում են Ռոդենի թանգարանները: Նրա գործերից պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում («Մերկ կինը», գծանկար, 1909 թ.):
Ռոդենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: