ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ սպարապետը ՝ Գարեգին Նժդեհ.
Այսօր Սյունիքի ազատարար, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է.
Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 — դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր; Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։ Մասնակցել է պատերազմին Վերմախտի հայկական լեգիոնի կազմում։
Կրթությունը
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Կովկաս։
րապարակումները
1923 թ-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը — Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։
1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։
1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։
1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշումով մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։
- Զինվորական եմ, չեմ սիրում երկարաբանել, թո՛ղ, ընթերցո՛ղ, թո՛ղ՝ մտքերս հայրենասիրության մասին արտահայտեմ աֆորիզմների ձեւով.
− Վաղը պիտ անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմությունը Մարքսից կամ Լենինից եւ ոչ իրենց նախահայրերից սկսած:
− Չկա հայրենասիրություն՝ չկա հոգեւոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա:
− Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպ իր երկիրն ու ժողովուրդը:
− Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
− Սուրբ, հերոս, բարեգործ, սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր եւ արի չեն:
− Անհայրենասեր Հայ, այդ դժբախտը կնմանի այն թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով` «միայն գահ բարձրացավ»:
− Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները:
− Անհայրենասեր ժողովուրդ, ասել է` անիդեալ եւ աննպատակ ժողովուրդ, որ իրենից կներկայացնի մի տրցակ, բայց ոչ թե մի մարմին, «անհատների փոշի», բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտ լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
− Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս եւ նրա երկիրը բաժանվի իր հարեւանների միջեւ:
− Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի` բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական, թե՛ անձնական ցավերը:
− Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են եւ մնում ապահով եւ հարգված:
− Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:
− Դատապարտելի է նաեւ պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես եւ անկախ մեր քաղաքական համոզումներից:
− Կան այնպիսինները, որոնք իբրեւ թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետեւ սիրում են եւ մարդկությունը, գործնականում մնում են անտարբեր թե՛ դեպի մեկը, եւ թե՛ դեպի մյուսը: Հակազգային ուժ են եւ սրանք: Սխալվում են ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերվարականը, համայնավարը, անիշխանականը:
− Հայրենասեր լինել` չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
− Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը:
− Ինքնապաշտպանության բնազդից մղված` ժողովուրդները ուժի եւ կորովի նորանոր աղբյուրներ են փնտրում, որովհետեւ գիտեն, որ «Աստվածներն իսկ անցան ուժեղի, հաղթողի կողմը»: