«ՈՒրախ ու տխուր մարդը»՝ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա: Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն:
Այսօր հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է.
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո՝ 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։
1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն — թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:
Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… երազումս էլ էի տեսնում…
Եվ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահած դրապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխանները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, հնչեց. «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան…»:
…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր փայլում էր իմ երազանքը՝ «Սեզա՛մ, բացվի′ր…», իսկ դռան վրա մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…
…Տարիներ շարունակ, տարբեր գործուղումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…
Մհեր Մկրտչյան
Հատված Հ․ Պապիկյանի և Շ․Սահակյանի հեղինակած «Լույս» գրքից
Մհեր Մկրտչյանի մասին .Ալբերտ Մկրտչյանն է պատմում…
Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես հա՞, կապիկություն կենես, հա՞»:
Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
… Դեռ Լենինականում մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ:
Վախեցած նայում էի. ինձ թվաց՝ պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել:
Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Ահերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. «Ֆրո՛ւնզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:
*****
Մի օր Մհերը երկար ժամանակ կանգնեց հայելու դիմաց, սանրվեց, սափրվեց, փողկապ կապեց: Մայրս կանգնած նայում էր ու վերջում հարցրեց . «Ա՛յ բալա, էս ո՞ւր կերթաս, էսպես երկա՜ր կսանրվիս, կթրաշվիս, գալըստուկ կկապես, դուխի կցանես վրեդ»:
Ասաց. «Մա՛մ ջան, բանկետի»:
«Ա՛յ բալա, էդ ի՞նչ տեղ է էդ բանկետը: Ես քեզնից հա լսում եմ, բայց բան չեմ հասկանում»:
«Մա՛մ ջան, մեծ դահլիճ է, երկար սեղան գցած: Թերթեր են, ժուռնալներ, գրքեր են, ու մենք նստած կարդում ենք»:
«Քոռանամ ես, բալա՛ ջան, գնա՛, գնա՛, բայց շատ չխմես»: