Անուն գրոցս է Սուրբ Ուրբաթագիրք.1512-2022թթ. 510-ամյակ
Հայ ժողովրդի պատմության մեջ դեռևս ոչինչ ինքնանպատակ չի արվել: Մեսրոպյան գրերը ստեղծվեցին, որպեսզի մի քանի դար հետո մարդիկ կարողանան դրանք ընթերցողին հանձնել ավելի մատչելի և արագորեն բազմացրած տարբերակով:
«Ուրբաթ աւր. կամ չորեքշաբթի. Տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն…»: Գրաբարյան այս նախադասությունը «Ուրբաթագրքի» առաջին տողերն են, որ գրվել են միջնադարյան մտավորական Հակոբ Մեղապարտի` հայ մատենագրության մեջ գուտենբերգյան գյուտի առաջին հետևորդի կողմից: 124 էջանոց այս գիրքը բաղկացած է 8 մամուլից, որոնցից միայն 6-ն են համարակալված տառերով: Գիրքը բաղկացած է մի քանի ժողովածուներից, որոնցից յոթը աղոթքների, մաղթանքների մի հավաքածու է`ուղղված Աստծո երկրպագությանն ու զանազան կախարդությունների դեմ: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև սրբերի կյանքին, ինչպիսիք են Սուրբ Կիպրիանոսը, Հուստիանոսը, Գրիգոր Նարեկացին: Գրքում առանձնացվում է մի ժողովածու, որտեղ ամփոփվում են 4 ավետարաններից հատվածներ:
Գիրքը «Ուրբաթագիրք» է կոչվել ոչ միայն այն պատճառով, որ առաջին ժողովածուն «Ուրբաթ» է կոչվել, այլև ուրբաթը շաբաթվա այն օրերից է, որը նվիրված է Սուրբ Խաչին:
Ուրբաթագիրքը բժշկությանն ուղղված, զանազան կախարդություններից հեռու մնալու համար նախատեսված մի աղոթագիրք է եղել, սակայն ժամանակի ընթացքում առաջին տպագիր աշխատության հանդեպ ունեցած վերաբերմունքը փոխվել է. այն սկսել են դիտել`որպես մոգությունների համար նախատեսված գիրք, սակայն բանասեր Լուսինե Ավետիսյանը նշում է, որ թյուրըմռնում կա. այն ժողովրդի մեջ տարածված էր`որպես չարից, օձի խայթոցից, դևերից պաշտպանող մի աղոթագիրք: Բանասերը նաև կարծում է, որ շփոթմունքի պատճառը կարող է լինել Սուրբ Կիպրիանոսի պատմությունն, ով իր մոգությամբ զանազան չարիքներ է գործել, սակայն հետո, երբ ճանաչում է Քրիստոսին, դարձի է գալիս`անգամ այրելով կախարդանքին վերաբերող գրքերն ու աշխատությունները:
«Անուն գրոցս է Սբ. Ուրբաթագիրքը» (բնօրինակում վերնագիրն այսպես է շարադրված ) Հակոբ Մեղապարտը տպագրության է հանձնում 1512թ. Վենետիկում:
Այս փաստն ապացուցելու համար երկար ուսումնասիրություններ են պահանջվել: Մինչ 1880-ական թավականները կարծել են, թե հայ գրատպության սկիզբը 1565թ. է, իսկ հիմնադիրը Աբգար Թոխաթեցին է իր «Սաղմոսարան» տպագիր գրքով: Միայն 19-րդ դարի վերջում Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում երկար ուսումնասիրություններից հետո գերմանացի գիտնական Ֆրեդերիկ Մյուլլերը կարծիք է հայտնել, թե հայերի պես ճկուն միտք ու գործունյա ժողովուրդը պետք է, որ 1565թ.-ից առաջ էլ գիրք հրատարակած լինի (Ռ. Իշխանյան, «Հայ Գրքի Պատմություն», Երևան-1997, էջ-30):
Նրա ենթադրությունները ճիշտ էին, քանի որ զանազան ուսումնասիրություններից հետո հայտնաբերվեցին հայատիպ հնագույն 5 հրատարակություններ, որտեղ հիշատակված էր Հակոբ անունը: Այս 5 հրատարակությունների հաջորդականության վերաբերյալ մոտ մեկ դար գիտնականները, մտավորականները տատանվում էին: Պատճառը «Ուրբաթագրքի» անթվական լինելն էր, որը և, մասնավորապես, Ղևոնդ Ալիշանին թույլ էր տալիս կարծելու, թե առաջին տպագիր գիրքը Մեղապարտի Աղթարքն է (աստղագուշակության, աստղաբաշխության, գործնական բժշկության նվիրված տեքստերի ժողովածու է, 1513թ.), այնուհետև Գ. Զարբհանալյանը «Հայ մատենագրության գրքում» նշել էր, որ «Աղթարքն» ու «Ուրբաթագիրքը» (այստեղ «Ուրբաթագիրքը» վերանվանված է «Կիպրիանոս») հայ հնագույն տպագիր գրքերն են, իսկ թե որն էր ավելի հին, դրա մասին խոսք չկա (Գ. Զարբհանալյան «Հայկական մատենագրություն», Վենետիկ-1883, էջ 300): Հետագայում Ա. Տիրոյանը Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում զանազան ուսումնասիրություններից հետո 1890թ. «Բազմավեպում» հրատարակեց մի հոդված, որտեղ նշում էր, որ Մեղապարտի «Պարզատումարը», «Աղթարքն» ու «Ուրբաթագիրքը» տպագրական նույնությունն ունեն: Հետագայում մինչև 1970-ական թվականները հայերեն առաջին տպագիր գիրքը համարվում էր «Պարզատումարը», սակայն «Ուրբաթագրքի» էջերի սկզբի զարդանախշերի մաշվածությունը, ինչպես նաև միջնադարում գրատպության համար կարևոր հատկանիշներից մեկի` տառերի շեղագրությունը, Ռ. Իշխանյանին հնարավորություն տվեցին տարբերել տպագիրը ձեռագրից (շատերը «Ուրբաթագրքի» տպատառերը շփոթում էին ձեռագրի հետ), և գիտնականը համարեց, որ «Ուրբաթագիրքն» է հայ մատենագիտության մեջ գրատպության հիմքը.
1. «Ուրբաթագիրք»-1512 թ.
2. «Պատարագատետր»-1513 թ.,
3. «Աղթարք»-1513թ.,
4. «Պարզայտումար»-1513
Պատմիչ Լեոն առաջ բերեց մեկ այլ խնդիր. «Եթե աշխատությունը հրատարակվել է Վենետիկում, ապա հնարավոր է, որ հայերի փոխարեն իտալացիներն են տպագրել գրքերը»: Ռ. Իշխանյանը համաձայն չէ այս կարծիքի հետ, քանի որ Մեղապարտի գործերից «Պատարագատետր»-ում հստակորեն նշված է. «Գրեցաւ սուրբ տառս ի ՋԿԲ (1513), ի աստուածապահ քաղաք ի Վէնէժ ֆռանկստեան. ձեռամբ մեղապարտ Յակոբին. ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ» (Ռ. Իշխանյան, «Հայ Գրքի Պատմություն», Երևան-1997):
«Ուրբաթագրքում» ամփոփված են չափածոներ, աղոթքներ, որոնք հիմնականում ուղղված են բժշկությանը, չար ու սնոտիապաշտական կախարդություններին չհավատալուն և այլն. «Երդումն և բժշկութիւն հոգւոյ եւ մարմնոյ. Յանուն տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, և ի սուրբ քաղաքն Երուսաղէմ…» (Գ. Զարբհանալյան «Հայկական մատենագրություն», Վենետիկ-1883, էջ 300): Ուրբաթագրքի բնօրինակը պահպանվում է ՀՀ Ազգային Գրադարանում, իսկ 1476թ. գրված ձեռագիրը`Մատենադարանում
Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանի շնորհիվ այսօրվա ընթերցողը հնարավորություն ունի` ծանոթանալու հայ առաջին տպագիր գրքի աշխարհաբար տարբերակին:
Ահա մեկ հատված` թարգմանված «Ուրբաթագրքից». «Բայց եթէ ձայնդ կամ արտասուքդ, ով Ահեղափառ, որ հոսեցրեցիր գերեզմանի մոտ դու Ղազարոսի, իմ`կորուսեալիս աղօթքի պահին հորդելով հոսի, և եթէ ցայտի քո այն արիւնից, որ աստուածային կողիցդ հոսեց, և եթէ հասնի իմ լսելիքին, ով Ամենազոր, շուրթիդ շնորհը, որ այն անառակ կնոջը հասաւ, և եթէ պարզվի անեղիդ մատը յանկարծ դեպի ինձ, ինչպես բորոտին, թե դեպի ինձ գայ ողորմութեանդ ձեռքը, որ հասաւ կույրի աչքերին, եթէ կարկաչի դեպի եղկելիս քո երջանկաբեր ձայնը, որ լսեց ավազակը այն, ապա կցնդեն կասկածանքները իմ անհուսութեան, և կբարձրանայ խորխորատներից անձն իմ տապալուած»:
Այսօր տպատառ գրքերն իրենց տեղն արդեն զիջել են ժամանակակից տեխնոլոգիաներին, սակայն դեռևս առանձնանում են մարդիկ, ովքեր հավատարիմ են մնում արդեն հինգդարյա ճանապարհ անցնող և սեփական ձեռքով թերթվող հայատիպ գրքերին:
Այս տարի նշվում է հայ առաջին տպագիր գրքի 510-ամյակը: