ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ.Անտիպ

Ժամանակաշրջան: 19րդ դար — 20րդ դար
Լեզու: Արևմտահայ
Ոճ: Բանաստեղծություն

(1878-1948 )― հայ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ:

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սովորել է Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում: 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա,  ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին:

1905 թ-ին Կահիրեում Մ. Մկրտչյանի հետ հիմնադրում է «Շիրակ»  պարբերականը: 1908թ-ին Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս: 1914 թ-ին Թեքեյանը տեղափոխվում է Եգիպտոս, սակայն ծննդավայրում ապրելու փափագը նրան հանգիստ չի տալիս, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։

1915 թ-ից հրատարակում է «Արև» թերթը՝ խմբագրելով մինչև իր կյանքի վերջը:

1901 թ Փարիզում տպագրվում  է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն՝ «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն» (1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» (1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։

Թեքեյանը նաև գրել է   պատմվածքներ` գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա ստեղծոգործությունների հիմքում հայրենիքի կարոտն է ու անտուն մարդու աշխարհընկալումը, բուրժուազիայի քննադատումը:

Թեքեյանը գրել  է նաև պատմվածքներ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաև ազգային -ազատագրական շարժումների հետ: Կատարել է նաև թարգմանություններ:

Թեքեյանը վախճանվել է Կահիրեում 1948 թ ապրիլի 4–ին, թաղվել է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

 

Աղբյուրը՝ ՀՍՀ, հատոր 4, էջ 181.

Բանաստեղծություններ

Անունդ

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։

Աղվորները

Աղվորն ա՜ն է հավիտյան, որ անցավ օր մը քովեդ
Եվ աչվընե՛րըդ օծեց,― աստվածային այցելո՛ւ,―
Գեղեցկությամբ մը, որուն ա՛լ չդարձար նայելու,
Եվ չուզեցիր հանդիպել անոր անգամ մըն ալ գեթ․․․

Աղվորն ան է տակավին,― հավիտյանե հավիտյան,―
Որ նայվածքիդ արևին տակ կմեծնար համրորեն,
Որ զերթ ծաղիկ մ՚օրորվող գարնան անուշ հովերեն,
Երբ մեկնեցար՝ մտքիս մեջ մնաց միշտ թարմ, մի՜շտ
բուրյան․․․

Եվ աղվո՛րը,― դուն գիտե՜ս օրհնյալ անունը անոր,―
Անիկա՛ է, որ կարծես պիտի կրնար քեզ սիրել,
Որ սերդ անշուշտ գուշակեց ու սպակեց ակընկոր,
Որուն սակայն լավ է, որ չուզեցիր սիրտը խռովել․․․
Աղվորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմիջեն
Անցան, գացի՜ն ու հիմա քեզ հեռուեն կկանչեն․․․։

Այս ծաղիկներն…

Այս ծաղիկներն ալ գարնան,
Տենչանքներուս այս նման,
Պիտի խամրին ու իյնան…

Այգաբացին ջինջ ու զով,
Վարդերն ինչպես սարսռալով
Կը մերկանան միմյանց քով,

Այնպես իղձերըս վերջին
Կը խըլրտին, կը բացվին,
Կու տան իրենց խունկ հոգին…

Վերջին ծաղիկ մը միայն,
Այս վերջին իղձը ունայն, —
Ես կ՛ուզեի պահել զայն։

Իղձը հոգին գրկելու
Անոր որ քաղցր ու հըլու՝
Ձեռքն իր ձեռքիս կը թողու…։

 

Ես սիրեցի

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս․
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով